Մատչելիության հղումներ

Փողոցներ դուրս եկած ընդդիմադիրներն իրենց գործողություններով պատերազմ են հրահրում, հայտարարում են ՔՊ-ից


 «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն Ազգային ժողովում, արխիվ
«Քաղաքացիական պայմանագրի» անդամներն Ազգային ժողովում, արխիվ

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Հրաչյա Հակոբյանը կարծում է՝ իշխանության հեռացման պահանջով փողոցներ դուրս եկած ընդդիմադիրներն իրենց գործողություններով պատերազմ են հրահրում։ Ադրբեջանը, նրա խոսքով, միշտ պատրաստ է օգտվել իրավիճակից։

2018-ի հետ զուգահեռները Հակոբյանն անընդունելի է համարում, ոստիկանությունը, կարծում է, պետք է ապահովի քաղաքացիների բնականոն կյանքը. - «Երբ որ դա արվում է Երևանում, դա այդքան էլ պատերազմի առիթ չի կարող լինել, բայց երբ դա արվում է ասենք սահմանամերձ գյուղերում կամ Արցախում, տեսել ենք մի քանի անգամ հետևանքները՝ իրենց գործողությունների և Ադրբեջանի զինված ուժերի զուգահեռ գործելու»:

«Ազատության» հարցին՝ «հիշո՞ւմ եք, որ երբ դուք էիք ընդդիմադիր, նախկին իշխանությունը մշտապես դա էր ասում, որ անկայունությունը կարող է բերել պատերազմի, հիմա նույնը թեզը չե՞ք հնչեցնում», իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Ճիշտ էին ասում, դա ասելուն զուգահեռ ի՞նչ էին անում, զենք էին առնո՞ւմ, թե՞ իրանց բարեկամներին էին հարստացնում»:

Հարցին՝ իրենք զինո՞ւմ են բանակը, Հակոբյանն արձագանքեց. «Այո, մենք զինում էինք, հենց դրա պատճառով էլ Ադրբեջանը տեսավ, որ ժամանակ այլևս չունի, դիմեց պատերազմի»:

ՔՊ-ի պատգամավորը ազնիվ չի համարում, որ ընդդիմադիրները միայն խոսում են վարչապետի Ազգային ժողովի ելույթի մասին, որտեղ նա հայտարարել էր Արցախի հարցում նշաձողն իջեցնելու՝ միջազգային հանրության պահանջից։ Դրանից հետո, ասում է, կառավարության նիստ է եղել, որտեղ հայտարարել է՝ «Արցախը իր չէ, որ հանձնես կամ չհանձնես»։

Հրաչյա Հակոբյանի կարծիքով՝ ընդդիմությունը իշխանափոխության չի կարող հասնել, նախ՝ հանրային պահանջ չկա, բացի այդ՝ օրակարգ չունեն։ Մինչդեռ ընդդիմությունը պնդում է՝ նշաձողը իջեցնելու մասին վարչապետի հայտարարությունը Արցախը հանձնել է նշանակում։ Ինքն ինչպե՞ս է հասկացել այդ հայտարարությունը:

«Իրենք ասում էին՝ Արցախը հանձնում են, հիմա վարչապետը կառավարության նիստի ժամանակ էլ ասաց, որ առանց հանրային լայն քննարկումների որևէ գործողություն չի կարող լինել, չե՞ն լսել: Անկեղծ ասած, հենց կոնկրետ նշաձողը իջեցնելը, ես չգիտեմ ինչ նկատի ուներ վարչապետը», - նշեց Հակոբյանը:

«Քաղաքացիական պայմանագրից» մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Ասլանյանը հայտարարում է՝ ոչ ոք չի պատրաստվում տալ Արցախը: Նրա խոսքով՝ ընդդիմությունը մանիպուլացնում է։ Իսկ պատգամավորն ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի հայտարարությունը։ «Միջազգային հանրությունն այսօր Հայաստանին ասում է՝ դուք պետք է ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը կճանաչի ձեր տարածքային ամբողջականությունը, իսկ մենք կաշխատենք, որպեսզի որոշակիորեն ազգերի ազատ ինքնորոշման իրավունքն իրականացվի հենց Արցախի ժողովրդի նկատմամբ», - ասաց նա:

«Ազատության» դիտարկմանը՝ «Ադրբեջանն ասում է՝ Արցախն իմ տարածքն է, այդ դեպքում Արցախի հարցը չի՞ փակվում», Հակոբ Ասլանյանն արձագանքեց. - «Մեկ տասնյակից ավելի կան այդպիսի անկլավ-պետություններ պետությունների մեջ, և միջազգային հանրությունը, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունել են դա, բայց ընդունել են այն բանից հետո, երբ որ ընդունվել է նաև այդ պետությունների տարածքային ամբողջականությունը»:

Հարցին՝ եթե Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը մե՞ջն է, պատգամավորը պատասխանեց. - «Արցախը մեջը կլինի, չի լինի նշանակություն չունի, որովհետև դրանից անմիջապես հետո առաջանում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որից Հայաստանը չի հրաժարվում»:

Կա՞ որևէ փաստաթուղթ, որի շուրջ բանակցել են, Ասլանյանը պատասխանեց. - «Ես չգիտեմ, ասացի այն, ինչ ասացի»:

Հարցին էլ, թե ի՞նչ երաշխիք կա, որ դրանից հետո Ադրբեջանը Հայաստանի հետ կբանակցի ազգերի ինքնորոշման հարցի շուրջ, իշխանական պատգամավորն արձագանքեց. - «Այդ երաշխիքը Հայաստանը չէ, որ տալիս է, այդ երաշխիքը Միավորված ազգերի կազմակերպությունն է տալիս, այդ երաշխիքը Մինսկի խումբն է տալիս, ես արտաքին գործոց աշխատակից չեմ»:

Ընդդիմությունը, ըստ Ասլանյանի, հաջողության չի հասնելու, կանխատեսում է՝ ակցիաները շուտ մարելու են, որովհետև մարդիկ հասկանում են՝ նրանց միակ ձգտումը իշխանության գալն է. - «Նույնիսկ Եղեռնի հրավառությունը քաղաքականացրեցին: Ո՞վ չգիտի, որ այդ ջահերով երթը բոլորիս սրտով է, ներկայացնել որպես իրենց համակիրների երթ, դա առնվազն անբարո է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG