Մատչելիության հղումներ

Հանրապետության Հրապարակից մեկնարկել է ջահերով երթը


Հանրապետության Հրապարակից մեկնարկել է Դաշնակցության ջահերով երթը: Ներկա են նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Նրանք երթին միացած առանձին՝ տարբեր կողմերից և քայլում են երթի տարբեր հատվածներում:

Լրագրողների հարցին՝ «2018 թվականին, երբ հրաժարական ներկայացրեցիք, մեր երկրին մաղթել էիք խաղաղության, ներդաշնակություն և տրամաբանություն, այսօր ի՞նչ կմաղթեք երկրին», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 18 թվականին հղածս մաղթանքն այսօր էլ ավելի արդիական է»:

«Իհարկե կցանկանայի, որպեսզի այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց, ցավոք սրտի, 18 թվականին ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է», - ընդգծեց երրորդ նախագահը:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունից, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ այս տարի ջահերով երթը նոր երանգ ու շեշտադրումներ է ստացել:

«Հատկապես այս օրերին, երբ Հայաստանը, հայ ժողովուրդը կանգնած են գոյութենական վտանգի առաջ, իշխանություններին չի հաջողվելու քայքայել երկրի անվտանգությունը, Արցախը, միասնականությունը», - հայտարարեց Սաղաթելյանը:

Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ջահերով երթին Ազատության հրապարակից այսօր միացավ նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Մինչ երթին միանալը ԱԱԾ նախկին տնօրենը ամփոփեց պայքարի առաջին շաբաթը՝ այն համարելով հաջող: Վանեցյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից սկսում են պայքարի երկրորդ փուլը, կրկին կլինեն Ազատության հրապարակում և կանցնեն ակտիվ գործողությունների:

«Ես հայտարարել եմ շուրջօրյա իրազեկման ակցիա: Ես ասել եմ, որ լինելու եմ Ազատության հրապարակում և զրուցելու եմ մեր հայրենակիցների հետ, բացատրելու եմ, թե ինչ է կատարվում: Չի ավարտվում շուրջօրյա ակցիան, ուղղակի փոխվում է իր տրամաբանությունը: Ամսի 24-ը կհայտարարենք լռության օր, ամսի 25-ին մենք առավոտյան էի կլինենք Ազատության հրապարակում, բայց արդեն պասիվ փուլից կանցնենք ակտիվ փուլի և կիրականացնենք տարբեր միջոցառումներ, ակցիաներ», - նշեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG