Մատչելիության հղումներ

Թուրքական դատարանը Օսման Քավալային դատապարտել է ցմահ ազատազրկման


Թուրքական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել հայտնի իրավապաշտպան, հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով՝ հեղաշրջման փորձի մեղադրանքով։

65-ամյա գործիչը կյանքի մնացած մասը պետք է անցկացնի բանտում՝ առանց ներման իրավունքի: Վճիռը խիստ քննադատության է արժանացել, այդ թվում՝ արևմյան դիվանագետների կողմից, որոնք դատարան էին եկել՝ Քավալային աջակցելու։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` նույն գործով անցնող ևս 6 մեղադրյալ 18 տարվա ազատազրկման է դատապարտվել:

2017 թվականի նոյեմբերից՝ 1637 օր առանց դատավճռի անազատության մեջ գտնվող Օսման Քավալան «Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության գործադիր նախագահ, Թուրքիայի քաղաքացիական հասարակության ամենահայտնի գործիչներից է:Թուրքական դատախազությունը պնդում էր, որ Քավալան ֆինանսավորել է 2013 թվականի ամռանը տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաները, որոնք սկիզբ առան Ստամբուլի Գեզի զբոսայգու կառուցապատման դեմ իրականացվող ցույցերից։

Թուրք գործիչը ավելի քան չորս տարի է, ինչ գտնվում է անազատության մեջ: Քավալան շարունակ հերքում է մեղադրանքները, իսկ ՄԻԵԴ-ը դեռ երկու տարի առաջ էր որոշել, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Նույն կոչը բազմիցս հնչեցրել են նաև Վաշինգտոնն ու Եվրամիության երկրները։

XS
SM
MD
LG