Մատչելիության հղումներ

Թուրքիան վստահ է, թե կարող է վճռորոշ դեր խաղալ ռուսական էներգառեսուրսներից ԵՄ-ի կախվածությունը վերացնելու գործում


Թուրքիան առանցքային է համարում իր դերը ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը վերացնելու և այլ երկրներից այլընտրանքային էներգակիրներ ներկրելու հարցում։

Էներգակիրներով հարուստ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խաչմերուկում գտնվող Թուրքիան իր գազատարների հսկայական ենթակառուցվածքներով արդեն իսկ կապված է մայրցամաքային Եվրոպայի գազամատակարարման ցանցին։ Այժմ Անկարան վստահ է, որ կարող է վճռորոշ դեր խաղալ ռուսական էներգառեսուրսներից, մասնավորապես, գազից Եվրամիության կախվածությունը վերացնելու գործում:

Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իլնուր Չևիկն ասում է. - «Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լուրջ էներգետիկ խնդիրներ է առաջացրել Եվրոպայում։ Արևելյան Միջերկրական տարածաշրջանի բնական գազի հոսքը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա հասցնելը կարող է հարցի լուծում լինել, այլընտրանք ռուսական գազին։ Այնպես որ, սրանք են այն բոլոր հետաքրքիր հարցերը, որոնք երկու կողմերը պատրաստվում են քննարկել»։

Միջերկրական ծովի արևելյան հատվածում Իսրայելն ունի գազի հսկայական պաշարներ, որոնք վերջերս են հայտնաբերվել: Թուրքիան առաջարկում է Իսրայելին գազատար կառուցել, որը միանալով թուրքական ցանցին՝ կապահովի Եվրոպայի մատակարարումը:

Անցած ամիս Իսրայելի նախագահի Անկարա կատարած այցի ընթացքում քննարկվել են էներգետիկ համագործակցության վերաբերյալ մանրամասները։

Քաթարում Թուրքիայի նախկին դեսպան և էներգետիկ ոլորտի խորհրդատու Միթհատ Ռենդեի կարծիքով, այս նախագիծը մեծ պոտենցիալ ունի. - «Սա կարևոր նախագիծ է։ Նպատակը իսրայելական գազը և Միջերկրական ծովի արևելյան հատվածի գազը թուրքական ազգային ցանցով՝ «Tanap»-ով Եվրոպա հասցնելն է: Հեշտ նախագիծ չէ, բայց Թուրքիայի, Իսրայելի և Եվրամիության համատեղ ջանքերով հնարավոր է իրականացնել»։

Ապրիլի վերջին Երուսաղեմում նախատեսվում է Թուրքիայի և Իսրայելի էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Հաշվի առնելով Թուրքիայի և Իսրայելի լարված հարաբերությունները՝ դեռևս պարզ չէ, թե արդյոք Իսրայելը պատրաստ է վստահել Թուրքիային կարևորագույն էներգետիկ գործարքներում։ Վաշինգտոնը, ինչևէ, վճռականորեն աջակցում է թուրք-իսրայելական գազատարի կառուցման ծրագրերին, նկատում են վերլուծաբանները:

Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Գալիա Լինդենշտրաուսը նկատում է - «Ինչ վերաբերում է Իսրայելին և Թուրքիային վերստին իրար մոտեցնելուն, իհարկե, ԱՄՆ-ի շահերից է բխում, որ արևմտամետ դերակատարները տարածաշրջանում համագործակցեն: Էներգետիկ ոլորտի առնչությամբ ես այնքան էլ լավատես չեմ, որ իսրայելական գազը մի օր Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով։ Ըստ իս, մեր օրերում ավելի իրատեսական կլինի Եգիպտոսը դիտարկել որպես այլընտրանքային տարանցիկ երկիր»։

Եվրոպային գազ մատակարարելու ևս մեկ տարբերակ կա՝ կիսաինքնավար Իրաքյան Քուրդիստանի գազը, կարծում է Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի նախկին հյուպատոս Այդին Սելչեն. - «Իրաքյան Քուրդիստանի գազն արդեն հասանելի է։ Հանքավայրերի և թուրքական ցանցի միջև ընկած հեռավորությունը շատ փոքր է: Հիմա ճիշտ ժամանակն է, քաղաքական կամքը կա, բոլոր բարենպաստ նախադրյալները ստեղծված են, ինչո՞ւ ոչ»։

Էրբիլի վերջին հրթիռակոծությունները տվյալ գործարքին դեմ Թեհրանի կողմից որպես նախազգուշացում պետք է ընկալել, կարծում են դիտորդները։ Բաղդադը նույնպես պետք է համաձայնի ցանկացած գործարքի, ինչը նշանակում է, որ Թուրքիան դեռ շատ ջանքեր պետք է թափի, որպեսզի ամրապնդի այն նոր դերը, որը ցանկանում է ստանձնել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG