Մատչելիության հղումներ

ՍԴ-ն Ալեն Սիմոնյանի գործով զեկուցող դատավորին փոխել է. հաջորդ եզրակացությունը կներկայացնի ՍԴ նախագահը


Ազգային ժողովի նախագահի ընտրությունից յոթ ամիս անց բարձր դատարանն այսօր սկսկեց քննել խորհրդարանական ընդդիմության դիմումը, որով վիճարկվում է Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման սահմանադրականությունը։

Սահմանադրական դատարանը դիմումը քննում է դռնփակ ռեժիմով։ Մինչդեռ գործով ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի միջնորդությամբ ամիսներ առաջ որոշում էին ընդունել, որ բանավոր ընթացակարգով կքննեն, այսինքն՝ հանրության ու լրագրողների համար բաց։ Նիստից օրեր առաջ դատարանը փոխել է որոշումը և անցել փակ՝ գրավոր ընթացակարգի։ Թե ինչու՝ պարզ չէ։

«Սահմանադրական դատարանը, առանց որևէ հիմնավորման, պարզապես նորից անցում է կատարում գրավոր ընթացակարգի։ Այստեղ ես որևէ իրավական հիմնավորումներում մեկնաբանություն չեմ կարող տալ, որովհետև դրանք չկան։ Այսինքն՝ որոշման մեջ ՍԴ-ի դա պետք է լիներ, որ ես էլ փորձեի դրանց կա'մ համաձայնվել, կա'մ առարկել», - ասաց Վարդևանյանը։

Թեև ընդդիմության ձայները բավարար չէին Ազգային ժողովի նախագահ ընտրելու համար, բայց նրանք առաջադրել էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները, որոնք այդ ժամանակ կալանավորված էին։ Ընդդիմությունը հիմնավորում է, որ թեկնածուներին հնարավորություն չի տրվել մասնակցելու ընտրություններին, ելույթ ունենալ և ծրագիր ներկայացնել։ Խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը։ Եվ այս պայմաններում իշխանությունը ընտրել է իր թեկնածու Ալեն Սիմոնյանին։

«Ալեն Սիմոնյանը ունեցավ ելույթ, ուներ հնարավորություն պատասխանելու հարցերին, որոնք ներկայացվում էին։ Իսկ Արթուրը Սարգսյան և Մխիթար Զաքարյանը, որոնք «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն էին, նման հնարավորություն չէին ունեցել։ Չէին ունեցել հակասահմանադրական, հակաօրինական միջամտության պայմաններում», - նշեց Արամ Վարդևանյանը։

Ավելի ուշ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը ազատվեցին կալանքից։ Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել պատգամավորի կարգավիճակում նրանց կալանավորումը։

«Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այդ հիմնավորումը, որը մենք ներկայացնում էին, որ պատգամավորը առանց ԱԺ-ի համաձայնության, անձեռնմխելիությունից ելնելով չէր կարող լինել քրեակատարողական հիմնարկում, հաստատվեց։ Հետևաբար Ազգային ժողովի նախագահի ընտրությունները այդ մասով արդեն հաստատված է, որ օրինականության խնդիր են ունեցել», - եզրակացրեց Վարդևանյանը։

Ալեն Սիմոնյանի գործով զեկուցող էր նշանակվել դատավոր Երվանդ Խունդկարյանը։ Այսօրվա նիստում Սիմոնյանի պաշտոնավարման իրավաչափության վերաբերյալ որոշում չեն կարողացել ընդունել։ Որոշել են զեկուցող դատավորին փոխել։ Խունդկարյաին կփոխարինի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

Ըստ Սահմանադրական դատարանի աշխատակարգի, զեկուցողը փոխարինվում է, եթե Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումն էապես տարբերվում է զեկուցողի դիրքորոշումից։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ սահմանվում է ժամկետ, որի ընթացքում պետք է ներկայացվի ըստ էության նոր որոշման կամ եզրակացության նախագիծ: Թե ինչ բովանադակությամբ է եղել Խունդկարյանի նախագիծը բարձր դատարանը չի հրապարակել։ Հաջորդ նիստը նշանակել են ապրիլի 29-ին։

XS
SM
MD
LG