Մատչելիության հղումներ

Ըստ փորձագետների, գազի, ջրի ու հոսանքի թանկացումները հնարավոր է ավելի սրեն հայաստանցիների սոցիալական վիճակը


Քաղաքացիների բնակարաններ հասնող գազը երեկվանից միջինը 4,1 տոկոսով թանկացավ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեկ ամիս առաջ որոշել էր բավարարել ռուսական «Գազպրոմ Արմենիայի» սակագները վերանայելու հայտը՝ կապույտ վառելիքը բացի անապահով խավերից թանկացնելով մյուս բոլոր բաժանորդների համար։

Անապահովների համար գազի գինը մեկ խորանարդ մետրի դիմաց մնացել է նույնը՝ 100 դրամ։ Իսկ մյուս սպառողները երեկվանից մեկ խորանարդի համար վճարում են 143,7 դրամ՝ 4,7 դրամով ավելի։ Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ այսինքն բիզնեսի համար կապույտ վառելիքը թանկացել է շուրջ 3,9, ջերմոցային տնտեսությունների համար՝ գրեթե 4,5 տոկոսով։

Այսպիսով՝ տարվա առաջին ամիսներին թանկացան բոլոր կոմունալ ծառայությունները, ավելի վաղ ավելացել էին ջրի, ապա նաև հոսանքի սակագները:

Քաղաքացիները շեշտում են՝ համատարած գնաճին զուգահեռ կումունալների թանկացումն էլ ավելի դժվար վիճակ կստեղծի:

Փորձագետների կանխատեսմամբ՝ գազի, ջրի ու հոսանքի թանկացումները հնարավոր է ավելի սրեն հայաստանցիների սոցիալական վիճակն ու հանգեցնեն նաև որոշ ապրանքների թանկացման։

«Գազը այն ապրանքների շարքում է, որը միջանկյալ սպառման կարևոր ապրանք է հանդիսանում, բացի այն, որ մր քաղաքացիների վերջնական սպառման ծախսերի մեջ էական կշիռ ունի: Սակայն միջանկյալ սպառման ապրանք հանդիսանալով նաև շղթայաբար այլ ապրանքների վրա գնաճային ազդեցություններ է ունենում, ու կարծում եմ՝ հատկապես այս բարձր գնաճային միջավայրում դրա ազդեցությունը բացասական է լինելու», - ասաց տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ » վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը։

Այս թանկացումների բեռը մեղմելու համար բնակչության եկամուտները պետք է համաչափ ավելանան, ասում է Նարեկ Կարապետյանը։

«Գնաճին հակազդելու հիմնական ուղղությունը բնակչության եկամուտների ավելացումն է և տնտեսության արտադրողականության բարձրացումը, ավելի շատ արտահանման միտված քաղաքականության իրականացումը և այլն», - ընդգծեց փորձագետը:

Տնտեսության մեծ աճ, սակայն, այս տարի չի ակնկալվում։ Ռուս- ուկրաինական պատերազմի, Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Կենտրոնական բանկն անցած ամիս կտրուկ նվազեցրել էր 2022-ի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 5.3-ի փոխարեն ընդամենը 1.6 տոկոս։

XS
SM
MD
LG