Մատչելիության հղումներ

Մեկ ամսից ավելի է՝ ԶՈւ Գլխավոր շտաբը ղեկավար չունի 


Զինված ուժերի Գլխավոր շտաբը մեկ ամսից ավելի է` ղեկավար չունի։ Պատերազմական վիճակում գտնվող պետության համար սա լուրջ խնդիր է, պնդում է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը զբաղվում է բանակի խնդիրներով։ Նրա կարծիքով` նշանակումն ուշանում է կադրերի պակասի պատճառով։

«Գլխավոր շտաբը պետք է ունենա ոչ թե ժամանակավոր պաշտոնակատար, պետք է ունենա շտաբի պետ, որ պատասխանատվությունն ամբողջական լինի, հստակ ու իրական լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվեց փետրվարի 24-ին։ Նա անցնում է բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու քրեական գործով։ Մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին տեղակալ Կամո Քոչունցը։

«Միակ պատճառ կարող է լինել համապատասխան կադր չունենալու կամ չկարողանալու ընտրել», - նկատեց Սաքունցը:

Անվտանգության խորհուրդը` վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, երկու օր առաջ նիստ էր արել ու հայտարարել՝ Արցախում անվտանգային իրավիճակը խիստ լարված է, Ադրբեջանը մտացածին հիմնավորումներով հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար։

Այս լարված իրավիճակում ինչո՞ւ է ուշանում Գլխավոր շտաբի ղեկավարի նշանակումը, ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում, և ե՞րբ է վարչապետ Փաշինյանը նախատեսում հիմնական ղեկավար նշանակել Գլխավոր շտաբում։ «Ազատության» այս հարցերին կառավարությունից, ըստ էության, չեն պատասխանել. «Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ողջ ծավալով կատարում է Կամո Քոչունցը։ Միաժամանակ հայտնում ենք, որ Զինված ուժերում կադրային նոր նշանակումների դեպքում հանրությանը ժամանակին կտրվի անհրաժեշտ տեղեկություն»:

Զինվորականների հաճախակի փոփոխությունները բանակը քաղաքականացնելու փորձեր են, ասում է Սեյրան Օհանյանը

Հայաստանում բանակի ղեկավարն անմիջապես պետք է նշանակվի, տարածաշրջանում իրավիճակը լարված է, ասում է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Իհարկե, հասկանալի է, որ նաև պաշտոնակատարը պետք է լիարժեք իր պարտականությունները կատարի, բայց մեր տարածաշրջանում մեզ համար անչափ կարևոր է, որ զինվորական ղեկավարն ինքը իմանա, որ ինքը հիմնական պարտականությունների կատարողն է, որպեսզի իր որոշումներում ավելի համարձակ լինի, ավելի ստեղծագործական մոտեցում ցուցաբերի»:

Փաշինյանի պաշտոնավարման չորս տարում Գլխավոր շտաբի երեք ղեկավար է փոխվել, պաշտպանության գերատեսչությունում էլ` չորս նախարար։ Գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի գրեթե միաժամանակյա ու հաճախակի փոփոխությունները բանակը քաղաքականացնելու փորձեր են, ասում է Սեյրան Օհանյանը:

«Ո՞րն է իրենց համար կարևորը` պաշտոնից ազատե՞լը, թե՞ նոր, ավելի պատրաստված անձնավորությանը պաշտոնի նշանակելը: Խելացի կառավարման համակարգում, իհարկե, նոր, ավելի պատրաստված անձնավորությանը պաշտոնին նշանակելը պետք է կարևոր լինի, բայց ես իրենց մոտ տեսնում եմ, որ պաշտոնից ազատելն է կարևոր, որովհետև եթե երկար ժամանակ պաշտոնակատարներ են լինում, դա նշանակում է, որ դու նոր անձնավորություն չունես նշանակելու», - շեշտեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Արտակ Դավթյանն առաջին անգամ Գլխավոր շտաբի պետ նշանակվեց Փաշինյանի իշխանության գալուց հետո` 2018-ի մայիսին։ Երկու տարի անց ազատվեց կորոնահամաճարակի կարանտինի փուլում, ըստ լրատվամիջոցների՝ պաշտոնանկությունը կարանտինի արգելքը խախտելու ու որդու հարսանիքը կազմակերպելու պատճառով էր։ Նրան հաջորդած Օնիկ Գասպարյանը հեռացավ պատերազմի ավարտից մի քանի ամիս անց` կառավարության հրաժարականը պահանջելու պատճառով, որից հետո գլխավոր շտաբի պետի պաշտոնը երկրորդ անգամ վստահվեց Արտակ Դավթյանին։

XS
SM
MD
LG