Մատչելիության հղումներ

Արտակ Դավթյանը մեղադրյալ է «անպիտան հրթիռների» գործով, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել


Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մեղադրյալ է «անպիտան հրթիռների» քրեական գործով, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։ Թե ինչու, նախաքննությունը վարող Ազգային անվտանգության ծառայությունից չհաջողվեց պարզել: Ինքը` Դավթյանն էլ հրաժարվեց որևէ մեկնաբանությունից, միայն ասաց, որ իրավական գործընթացներ են ընթանում:

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում մեկ անգամ պաշտոնանկ արված, ապա կրկին Գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։

Մինչև երեկ ԱԱԾ-ն չէր հաստատում, որ բարձրաստիճան զինվորականը մեղադրյալ է այս գործով՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։ Այս փաստը հանրությանը հայտնի դարձավ միայն գործը դատարան ուղարկելու մասին դատախազության հաղորդագրությունից։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խնդրահարույց է համարում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Դավթյանի պաշտոնավարումը։ Իշխանական պատգամավորի արձագանքն այս հարցին կարճ էր. «Տեսնում եմ խնդիրներ, և ես կուզեի, որ այդ խնդիրները չհասնեին այս աստիճանի, և գտնվեին լուծումներ, բայց քանի որ իրավական պրոցես է գնում, չեմ էլ ուզում քննարկել»:

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Դավթյանի նախկին տեղակալը՝ Ստեփան Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն ու Զինված ուժերի բարձրաստիճան մի շարք այլ զինվորականներ։ Ընդ որում, Գալստյանը դեռ Գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, երբ կալանավորվեց, ամիսներ անց վարչապետը, հղում անելով օրենքին, որով զինծառայողը իր դեմ հարուցված քրգործի պատճառով չի կարող պաշտոնավարել, առաջարկեց աշխատանքից ազատել նրան, նախագահը ստորագրեց հրամանագիրը։ Թե ինչու օրենքը Գլխավոր շտաբի պետի դեպքում չի կիրառվել, իշխանությունները չեն բացատրում։

Ըստ դատախազության` նախաքննությամբ պարզվել է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։ Դա, ըստ գերատեսչության, արվել է Դավիթ Գալստյանի ընկերության կողմից Պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով։

«Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ», - ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից շեշտում են՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով, կատարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4.6 միլիոն դոլարի հափշտակություն։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության` մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը չի ընդունում, թե հրթիռներն անպիտան են եղել։ Ավելի վաղ հայտարարել էր, որ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով:

Տոնոյանն ասել էր. «Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ»։

Անդրանիկ Քոչարյանը պնդում է, թե իշխանությունը չի ցանկանում որևէ մեկին քավության նոխազ դարձնել. «Եթե որևէ մեկը թերացել է, անպայման պատասխանատվության կենթարկվի: Քավության նոխազ... մոռացեք, չի կարող Հայաստանում գործ սարքվի որևէ մեկի նկատմամբ, եթե սարքվում է, նշանակում է` մեր իրավական համակարգը հսկայական անելիք ունի»:

«Անպիտան հրթիռներ» անունն ստացած քրեական գործն օրերս ուղարկվել է դատարան։ Առայժմ հայտնի չէ՝ երբ կսկսվի դատաքննությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG