Մատչելիության հղումներ

Ներկա պահին ​​​​Փառուխում և Խրամորթում իրավիճակը նույնն է, թշնամին դեռևս Փառուխում է․ արցախցի ընդդիմադիր պատգամավոր


Լուսանկարը՝ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

«Ներկա պահին Փառուխում և Խրամորթում իրավիճակը նույն է, թշնամին դեռևս Փառուխ գյուղում է, առաջխաղացում չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր՝ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ նշելով՝ բանակցությունները շարունակվում են։

Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերը չեն արձագանքում տեղի ունեցողին, մտահոգություն հայտնեց Հակոբյանը՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արձագանքել տեղի ունեցողին՝ շեշտելով՝ նրա ստորագրությունն է նոյեմբերի 9-ի զինադադարի ներքո։

«Անհանգստացնում է այն փաստը, որ քաղաքական ուժերը որևէ արձագանք չեն տալիս, ես դա չեմ կարող հասկանալ, որովհետև հիմա հենց այն պահն է, որ պիտի շատ հստակ արձագանք տրվի և խոսվի այն մասին, որ փաստորեն նոյեմբերի 9-ի հայտարարություն պայմանավորվածությունները որևէ կերպ Ադրբեջանը չի պահում, դրա փոխարեն անընդհատ մեղադրում է հայկական կողմին, որ հայկական կողմը չի պահում։ Իրականում փաստ է, բոլորն են դա տեսնում, չեն կարող հակառակն ասել, որ և՛ հայկական կողմը, և՛ ռուսական կողմն ամբողջությամբ պահում են պայմանավորվածությունը, բայց ադրբեջանական կողմը՝ ոչ, ամենավառ ապացույցը երեկվա իրենց ուղղակի շփման գիծը հատելը և դավադիր կերպով գյուղ մտնելն ու դիրքավորվելն է գյուղում», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Ես կարծում եմ, որ պետք է քաղաքական ուժերը՝ Արցախի նախագահը, բոլորը հիմա ինչ-որ ռեակցիա տան, հատկապես Հայաստանի իշխանությունների ղեկավարը այսինքն՝ վարչապետը, որը հենց ինքը իր ստորագրությունն է դրել էդ փաստաթղթի տակ»։

Երեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Երեկ ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ և որ «բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»։ Բաքուն, սակայն, հերքեց Արցախի տարածքում ադրբեջանական զինուժի տեղաշարժերի մասին հայկական կողմի պնդումները` հայտարարելով, որ «ճշտվում են տեղակայման վայրերն ու դիրքերը»:

Այսօր առավոտյան Պաշտպանության բանակը հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը փորձել են առաջխաղացում ապահովել, տեղի է ունեցել փոխհրաձգություն, հայկական կողմն ունի մեկ վիրավոր։

XS
SM
MD
LG