Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցեր


Տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերն են հեռախոսազրույցում քննարկել Հայաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանը և Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանին:

Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողությունները, ինչի արդյունքում Արցախը կանգնել է հումանիտար ճգնաժամի շեմին։

Արցախի գազատարը պայթեցվել էր մարտի 7-ին՝ Ադրբեջանի վերհսկողության տակ գտնվող տարածքում։ Օրեր շարունակ Ադրբեջանը թույլ չէր տալիս վերանորոգել խողողովակը։ Միայն մարտի 16 -ին հայտարարվեց, թե բանակցությունները արդյունք են տվել, և Ադրբեջանը կվերանորոգի վնասված հատվածը։ Սակայն վերանորոգումից մի քանի օր անց Արցախը դարձյալ զրկվեց գազից։ Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը պարզապես փական է դրել գազատարի վրա։

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է նաև հայկական կողմի դիրքորոշմանը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:

Ադրբեջանն առաջարկում է ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։

Թեև Հայաստանի արտաքին գերատեսչությունը իր պատասխանը չի հրապարակել, բայց Բաքվի առաջարկների մասին հայտնի դառնալու հաջորդ օրը Միրզոյանը հարցազրույց էր տվել ու հայտարարել՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։

Պաշտոնական Երևանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG