Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չեն տվել մտնել վթարված գազատարի տարածք


Արդեն երկրորդ օրն է Արցախի ողջ տարածքը զրկված է գազից, Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագորի հատվածում վթարվել է Հայաստանից Արցախ գազ հասցնող մայր գազատարը, մինչև այս պահը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ու վթարի վերացման աշխատանք կատարել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ «Արցախգազ» ընկերության մասնագետները և Արցախի իրավապահ մարմինները հասանելիություն ունենան վթարի վայր, մինչև այժմ որևէ հստակ տվյալ չկա՝ վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով, թե ուղիղ պայթեցվել է ադրբեջանցիների կողմից», - «Ազատությանը» փոխանցեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Արցախում դիտարկում են նաև ադրբեջանական կողմից գազատարը պայթեցնելու վարկածը

Արցախի օմբուդսմենը հավանական է համարում այն, որ ադրբեջանական կողմը պարզապես պայթեցրել է գազատարը։ Երկու օր առաջ երեկոյան Ատեփանակերտի՝ Շուշիին հարող թաղերից, պայթյունի ձայն էլ են լսել։ Արցախի ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) էլ է դիտարկում հնարավոր դիվերիսիայի վարկածը որպես գազամատակարարման խափանման պատճառ։

«Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում՝ խափանման պատճառները պարզելու, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր արցախցի սակրավորներն են փորձել վթարի տեղանքը ականազերծել, որպեսզի հետո վթարի վերականգնումը հնարավոր դառնա, ադրբեջանցիները նրանց էլ արգելել են մոտենալ: Արցախի տարածքային կառավարման նախարարությունը հայտնել էր՝ ռուս խաղաղապահներն են բանակցում, որպեսզի հայկական կողմը կարողանա մտնել վթարի վայր։

Հումանիտար նոր խնդիրներ Արցախում

Պաշտոնական տվյալով՝ Արցախում շուրջ 110 հազար արցախցի է ապրում։ Կապույտ վառելիքը հասանելի էր բազմաթիվ բնակավայրերում, միայն Ստեփանակերտը, ըստ «Արցախգազի», գազաֆիկացված է 97 տոկոսով, բոլոր ենթակառուցվածքներն են այս կամ այն կերպ կապված գազի հետ, այժմ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են ստեղծվել, շեշտում է Արցախի օմբուդսմենը։

«Այսօր Արցախում, մի շարք դպրոցներում, երեխաներն ուղղակի ոչ պատշաճ ջեռուցման պայմաններում են դասապրոցեսը կազմակերպում, կրճատվել է դասաժամի ընթացքը՝ 45 րոպեից որոշ դպրոցներում հասնելով 30 րոպեի, որպեսզի մի կողմից՝ չընդհատվի և չխախտվի երեխաների կրթության իրավունքի պատշաճ իրացումը, և մյուս կողմից՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը», - ասաց Ստեփանյանը։

Գազամատակարարման խափանման պատճառով սննդի, այդ թվում՝ հացի մի շարք արտադրամասեր աշխատել չեն կարողանում, տաքսի ծառայություններն են խնդրի առջև, շեշտում է Արցախի օմբուդսմենը։ Թույլ չտալ, որ գազատարի վթարը վերականգնվի, ամեն օր կրակել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, Գեղամ Ստեփանյանն այս ամենը համարում է Արցախն առանց հայերի տեսնելու ադրբեջանական նպատակի վկայություններ։

«Ադրբեջանական կողմը խաղաղությանն ուղղված որևէ գործնական քայլ չի իրականացրել մինչև այսօր», - ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Ադրբեջանական կողմը կրակ է վարում մի շարք համայնքների ուղղությամբ. Արցախի դատախազություն

Այսօր էլ նախորդ օրերի պես թե՛ Հայաստանի ու թե՛ Արցախի սահմանները անհանգիստ են. կեսօրն անց հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ է հակառակորդը կրակել: Ըստ պաշտպանության նախարարության ՝ կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

Արցախի սահմանին ադրբեջանական կողմը ականանետեր է կիրառում: Այսօր Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ է ադրբեջանական 4 արկ ընկել, Թաղավարդի դաշտում աշխատող գյուղացիներին են թիրախավորել հրաձգային զենքով:

Ադրբեջանական կողմն ակտիվ կրակ է վարում մի շարք համայնքների ուղղությամբ, հայտարարում է Արցախի դատախազությունը:

«Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին», - ասված է հաղորդագրությունում:

Երկու շաբաթ է՝ Ասկերանի շրջանի Խրամորթն է ադրբեջանական ստորաբաժանումների թիրախում․ երեկ երեկոյան էլ գյուղի ուղղությամբ ականանետի արկեր են պայթել։

Խրամորթցի Ֆյոդոր Օհանյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանն է պատմել, որ հասկանում են՝ ադրբեջանցիների նպատակը խուճապ առաջացնել ն ու իրենց հեռանալ ստիպելը:

«Ուզում ենք գյուղում մնալ, բայց տագնապի անորոշության այս մթնոլորտը շատ է ազդում»,- «Ազատության» հետ զրույցում ասում է մեկ այլ խրամորթցի՝ Նաիրա Աբրահամյանը:

«Մեր երեխաները շրջապատված, մեր ընկերներով իրար հյուս տալով ապրում ենք էլի», - ասաց նա:

Այսօր առավոտից էլ ադրբեջանական կողմը վերսկսել է ձայնագրությունների սփռումը սահմանային այս գյուղում, նախկինում նամազ ու աուդիոսպառնալիքներ էին հնչեցնում, թե լքեք տարածքը, այսօր Խրամորթում օրը բացվել է ադրբեջանական օրհներգով: Սրան խրամորթցիները արձագանքում են հումորով:

«Արդեն ծիծաղում ենք, մեր վաղվա օրն էլ չգիտենք, թե ինչ է սպասվում մեզ, ապրում ենք րոպեներով: Բայց համարձակ ենք էլի», - ասաց Նաիրա Աբրահամյանը:

XS
SM
MD
LG