Մատչելիության հղումներ

Պատերազմի 27-րդ օրը մարտերը Կիևի մերձակայքում շարունակվում են


Ռուս-ուկրաինական պատերազմի 27-րդ օրը հիմնական իրադարձությունները ծավալվում են Կիևի մերձակայքում և երկրի արևելքում։ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը կեսգիշերն անց հայտարարեց Կիևից 30 կիլոմետր արևմուտք գտնվող Մակարով շրջկենտրոնի ազատագրման մասին։

Առավոտյան կողմ այս տեղեկությունը հաստատեց նաև ուկրաինական ոստիկանությունը՝ նշելով, սակայն, որ Մակարովի մերձակա տարածքները շարունակում են գտնվել ռուսական զորքերի վերահսկողության տակ։

Ուկրաինական զորքերի համար անհամեմատ ավելի բարդ է կացությունը Դնեպրի ձախ ափին՝ Կիևի արևելյան և հարավարևելյան մատույցներում։ Դատելով մայրաքաղաքի արվարձանները ղեկավարող պաշտոնյաների խոսքից՝ ռազմաճակատի գոնե այս հատվածում ռուսական ուժերին հաջողվել է որոշակի առաջխաղացում արձանագրել՝ մոտենալով Կիևի միջազգային օդանավակայանին։ Դրա հարևանությամբ գտնվող Բորիսպոլի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Բորիսենկոն այսօր հաստատեց, որ մարտերը քաղաքի անմիջական հարևանությամբ են ընթանում և կոչ արեց քաղաքի բնակչությանը հեռանալ Ուկրաինայի արևմտյան շրջաններ։

«Մենք հավատում ենք մեր Զինված ուժերին, սակայն կան դեպքեր, երբ որոշ տարածքներ՝ գյուղեր և քաղաքներ գրավված են ռուսական զորքերի կողմից։ Այդ իսկ պատճառով մենք դիմում ենք Բորիսպոլի բնակիչներին՝ քաղաքից տարհանվելու կոչով։ Փորձը ցույց է տալիս, որ որքան քիչ է լինում քաղաքացիական բնակչությունն այս կամ այն բնակավայրում, այնքան Ուկրաինայի Զինված ուժերին ավելի հեշտ է լինում գործել։ Այնպես որ, որոշում է կայացվել, որ Կիևի մարզում քաղաքացիական բնակչության թիվը նվազագույնի հասցվի», - հայտարարում էր Բորիսպոլի քաղաքապետը։

Ուկրաինական իշխանությունները խոստովանում են՝ իրադրությունը Կիևի շուրջ շարունակում է ծանր մնալ

Բուն Կիևում այսօր ողջ օրվա ընթացքում պարետային ժամ է գործելու, փողոց դուրս գալու իրավունք ունեն բացառապես ուժային կառույցների աշխատակիցները, ինչպես նաև հատուկ անցագիր ունեցողները։ Կիևում, մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ, 36-ժամյա պարետային ժամ հայտարարելու որոշումը կայացվեց կիրակի ուշ երեկոյան տեղի ունեցած հրթիռակոծությունից հետո։ Դրա հետևանքով հիմնահատակ ավերվել էր քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկը։ Մոսկվայից երեկ պնդում էին, որ «Իսկանդեր» տիպի հրթիռով առևտրի կենտրոնին հարվածել են այն բանից հետո, երբ հետախուզությունը հաստատել էր, որ հենց դրա տարածքում էին կայանված ուկրաինական բանակի «Գրադ» կայանքները, իսկ կենտրոնին հարակից մարզասրահի տարածքը որպես զինապահեստ էր օգտագործվում։

Ուշագրավ է, ի դեպ, որ ուկրաինական հատուկ ծառայությունները երկուշաբթի երեկոյան անուղղակիորեն հաստատեցին ռուսական կողմի այս պնդումները՝ հայտնելով, թե ձերբակալել են Կիևի այն բնակչին, որը TikTok-ի իր օգտահաշվում հրապարակել էր առևտրի կենտրոնի մերձակայքում տեղակայված զինտեխնիկայի կադրերը։

«Ինչո՞ւ են ձեզ ձերբակալել», - հարցին Պավել Արտեմև ներկայացած տղամարդը պատասխանում է, - «Տեխնիկայի տեղաշարժերը պատկերող տեսագրությունը TikTok-ում հրապարակելու համար»։

Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տղամարդը նաև նշում է, որ տեսագրությունն արվել է այն առևտրի կենտրոնի հարևանությամբ, որը հետագայում հրթիռակոծվել էր։

Ուկրաինական իշխանությունները այսօր էլ խոստովանում են՝ չնայած որոշ լոկալ հաջողություններին, իրադրությունը Կիևի շուրջ շարունակում է ծանր մնալ։ Ռուսական կողմը արդեն չորրորդ շաբաթն է ինչ պահպանում է մայրաքաղաքից հյուսիս գտնվող պլացդարմը, որը ձևավորվել էր պատերազմի առաջին իսկ ժամերին, Գոստոմելի օդանավակայանում իրականացված դեսանտային գործողության հետևանքով։

«Թե՛ Բուչան, թե՛ Գոստոմելը զավթված են։ Մենք այնտեղ առայժմ որևէ գործողություն իրականացնել չենք կարող։ Այս պահին մեր գլխավոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ որպեսզի թշնամին հատի Իրպեն գետը և շարունակի հարձակումը Կիևի ուղղությամբ։ Այս պահին մեր ունեցած հնարավորությունները, սակայն, թույլ չեն տալիս մեզ անցնել հարձակողական գործողությունների», - «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում նշում էր Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը։

Ուկրաինայի մյուս շրջաններում ևս մարտերը շարունակվում են

Ուկրաինայի մյուս շրջաններում պաշտպանական մարտերը ևս շարունակվում են։ Մարիուպոլում, ռուսական ստորաբաժանումները փորձում են առաջ շարժվել դեպի քաղաքի խոշորագույն «Ազովստալ» գործարանի տարածքը, որը, մի շարք տեղեկությունների համաձայն, քաղաքի ուկրաինացի պաշտպանների վերջին միջնաբերդն է։

Դոնբասում ռուսական զորքերը և ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության ջոկատները ևս շարունակում են դանդաղորեն առաջ շարժվել։ Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի գեներալ Կոնաշենկովի խոսքով նախորդ 24 ժամերին առաջխաղացումը կազմել է 6 կիլոմետր։

Իսկ Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունները տեղեկացնում են, որ ռուսական բանակը շարունակում է դիրքավորվել նախագահ Զելենսկու հայրենի Կրիվոյ Ռոգ քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ պարբերաբար հրթիռակոծելով քաղաքի հեռավոր մատույցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG