Մատչելիության հղումներ

Չնայած պատերազմի պատճառով ՌԴ-ից ՀՀ են գալիս ոչ մեծաթիվ ռուսներ, բայց զբոսաշրջության համար բարդ ժամանակ է սպասվում


Զվարթնոցի չվացուցակներում բազմաթիվ չեղարկված չվերթներ կան՝ Կիևից, Օդեսայից, Դոնի Ռոստովից և Կրասնոդարից։ Դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել պատերազմի թեժ կետերից, ինչպես նաև Ռուսաստանի հարավային քաղաքներից, սակայն ռուսական այլ քաղաքներից օրական մոտ 15 ինքնաթիռ Երևան է ժամանում՝ Հայաստան բերելով և՛ հայերի, և՛ ռուսների, և՛ անգամ Ռուսաստանից հեռացող ուկրաինացիների։

«Մոսկվայում հավանաբար դեռ անվտանգ է, բայց բարոյապես շատ ծանր է և սասրափելի, պատերազմը ահավոր մի բան է։ Հույս ունենք` այստեղ երկար չենք մնա, և այս սարսափը շուտ կավարտվի, և հնարվոր կլինի սկսել խաղաղ երկխոսություն», - ասաց Զվարթնոցում մեզ հանդիպած մի ռուս երիտասարդ։

Մեկ ուրիշն էլ պատմեց, որ Մոսկվայում ցույցերի է մասնակցել, ձերբակալվել, դեմ է արտահայտվել Կրեմլի՝ Ուկրաինա ներխուժելու որոշմանը. «Գալուցս առաջ հայտնվել էի ձերբակալման ավտոմեքենայում, Պուշկինի հրապարակում ցույցերի եմ մասնակցել, նաև այդ պատճառով էլ եկել եմ երևան։ Կմնամ այնքան, որքան ինձ այստեղ լավ կզգամ, դեռ չունեմ վերադարձի տոմս, հեռավար աշխատելու եմ այստեղից»։

Մեկ այլ երիտասարդ պատմեց, որ Երևանից մեկնում է Իսրայել. «Պատերազմը միշտ սարսափելի է, հասարակ, անմեղ մարդկանց սպանություն է։ Ով ինչ տեսակետ էլ ունենա, ինձ թվում է` պատերազմը հարցերը լուծելու ամենավատ եղանակն է։ Ես դա նորմալ չեմ համարում»։

Մինչ Մոսկվայից երևան ժամանող երիտասարդ ռուսները քննադատում էին իրենց երկրի իշխանությանը, ավագ սերնդի որոշ հայեր նշում էին, որ Հայաստանը պետք է ամուր կանգնի Ռուսաստանի թիկունքին. «Բոլորին կցանկանայի, որ իմանային ճիշտ ընկեր ընտրել, նույնը և Հայաստանին, իմանան` ում հետ ընկերություն անեն, որ ավելի գործերը լավ լինեն, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ լինեն, որովհետև Ռուաստանին պետք է, որ կողքը լինի բարեկամ, մեր փոքրիկ Հայաստանին պետք է, որ մեծ եղբայր Ռուսաստանն իր վրա նայի երկու աչքով»:

Մոսկվայից վերադարձող հայերի շրջանում չհանդիպեցինք պատերազմի պատճառով այնտեղից հեռացողների, հիմնականում նշում էին, որ վաղուց էին գնել տոմսերը. «Կալուգայից եմ : Այնտեղ առհասարակ, անմիջապես Ռուսաստանի վրա կռիվը չի զգացվել, լրիվ խաղաղ»:

Հայաստան կշարունակեն գալ ոչ շատ մեծ թվով մարդիկ ժամանակավոր ապաստան գտնելու համար, վստահ է «Վասկո տրավել» ընկերության տնօրեն Տաթևիկ Հարությունյանը: Սակայն ընդհանուր առմամբ զբոսաշրջության առումով սպասվում են անկանխատեսելի ու բարդ ժամանակներ, ասում է նա։ Ընդ որում, անգամ մինչև Ուկրաինայի պատերազմը զբոսաշրջիկները խիստ պասիվ էին։

«Համարյա առաջին եռամսյակն ենք ավարտում, բայց ամրագրումների ծավալը շատ-շատ սակավ է, և ես կարծում եմ, որ մարդկանց մոտ ավելի շատ մտավախություն կա գլոբալ երևույթների հետ կապված: Մարդիկ այդ մտավախությամբ են դեռ զուսպ իրենց պահանջմունքների և իրենց ցանկությունների մեջ` սպասելով ինչ-որ լուրջ փոփոխությունների, որոնք թերևս ոչ մեկս հասուն չենք կանխատեսել այս պահին», - ասաց նա:

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող աննխադեպ պատժամիջոցների ֆոնին` շատերը չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում, և չեն շտապում ծախսել խնայողությունները, բացատրում է մասնագետը. «Մեր երկիրը շատ անվտանգ և շատ բարեհամբույր, սրտաբաց է, այո, բայց եկողը պետք է վստահ լինի իր հնարավորությունների վրա: Անկախ ամեն ինչից նա պետք է ունենա այդ ֆինանսական հնարավորությունը և կարողանա հետադարձի նաև վստահ լինել, որ այն գումարը, որ ծախսում է ինչ-որ երկրում, կարողանա հետ վաստակել և չունենալ ֆինանսական կորուստներ»:

Ուկրաինայում սկսված պատերազմից հետո արգելվեցին ռուսական ավիաընկերությունների, այդ թվում` «Աէրոֆլոտի» բոլոր թռիչքները դեպի արևմտյան երկրներ, Հայաստանից ԱՄՆ և Կանադա, ինչպես նաև եվրոպական տարբեր երկներ մեկնելիս շատերն օգտվում էին Մոսկվայի և Կիևի օդանավակայաններից տարանցման համար, ինչն արդեն անհնար է։

Հարությունյանը վստահ է, որ արագ կհայտնվեն նոր ընկերություններ, որոնք քիչ թե շատ կբավարարեն պահանջարկը, սակայն վառելիքի գների ու երկարող ճանապարհների պատճառով ամենայն հավանականությամբ կթանկանան նաև ավիատոմսերը. «Թե ինչ կլինի, շատ դժվար է ակնկալել այս պահի դրությամբ»:

Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեում առայժմ չունեին մեր հարցի պատասխանը, սակայն խոստացան պատասխանել, թե արդյոք կոմիտեն կամ որևէ այլ մարմին պատրաստվո՞ւմ է բանակցել ավիաընկերությունների հետ Երևանից ու դեպի Երևան նոր թռիչքներ ավելացնելու համար, որոնք դեպի Արևմուտք տարանցման համար ևս հարմար կլինեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG