Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը հրապարակեց


Մոսկվայի խոշորագույն առևտրային գործընկեր Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն է հրապարակել: «Այս պատժամիջոցների նպատակն է, որպեսզի նախագահ Պուտինը դադարեցնի այդ անմարդկային և անիմաստ պատերազմը», - հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Երեկ հրապարակված փաստաթղթի համաձայն՝ արգելվում է Ռուսաստան ներկրել թանկարժեք մեքենաներ, ժամացույցներ, հագուստ, Ռուսաստանից գնել մետաղական արտադրանքի որոշ տեսակներ, ինչպես նաև ներդրումներ անել Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև տասնյակ անձանց՝ այդ թվում միլիարդատեր Ռոման Աբրամովիչի, «Յանդեքս»-ի ղեկավար Տիգրան Խուդավերդյանի նկատմամբ։ Կրեմլի քարոզիչներից Եվրամիությունը թիրախավորել է Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի ղեկավար Կոնստանտին Էռնստին, ռուսաստանցի լրագրողներ Արմեն Գասպարյանին, Արտեմ Շեյնինին։ Սահմանափակումներ են կիրառվել նաև խոշոր ընկերությունների՝ այդ թվում նավթային հսկա «Ռոսնեֆտ»-ի, ինչպես նաև այդ ընկերության ղեկավար Իգոր Սեչինի կնոջ նկատմամբ։ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանի բարձր ղեկավարությունը վաղուց են Եվրամիության «սև ցուցակում»։

Բրյուսելը, սակայն, չի շտապում Վաշինգտոնի օրինակով փակել դաշինքի տարածքում ռուսատանյան էներգակիրների ծորակը , մասնավորապես՝ ռուսական նավթին բաժին է հասնում Եվրամիության ներքին պահանջարկի 60 տոկոսը։ Առայժմ Եվրոպական միությունը չունի այլընտրանք։

Ուկրաինայի վրա հարձակումից ի վեր սա Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների չորրրդ փաթեթն է։ Եվրամիության սահմանափակումները ընդհանուր առմամբ տարածվել են 877 ռուսաստանցիների և 62 ռուսական ընկերությունների վրա: Ցուցակում ընդգրկված անձանց ակտիվները սառեցված են, նրանց մուտքը ԵՄ տարածք արգելված է, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է գործարքներ կնքել «սև ցուցակում» հայտնված ռուսաստանցիների և ռուսաստանյան ընկերությունների հետ։
Ռուսաստանն այժմ աշխարհի ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկիրն է՝ այդ «վարկանիշային աղյուսակում» առաջ անցնելով անգամ Հյուսիսային Կորեայից, Իրանից, Սիրիայից, Վենեսուելայից։ Տարբեր գնահատականներով՝ այս պահի դրությամբ կալանքի տակ է Ռուսաստանին պատկանող 300 միլիարդ դոլարի չափով գումար կամ Ռուսաստանի ոսկու և արժութային պահուստների կեսը։

Եվրամիությունն ավելի վաղ արգելել է նաև եվրոյի թղթադրամների վաճառքը, մատակարարումն ու արտահանումը Ռուսաստան։ Արգելվում է եվրո փոխանցել ֆիզիկական և իրավաբանական անձանց, կազմակերպություններին և պետական մարմիններին, այդ թվում՝ Կենտրոնական բանկին, ռուսաստանյան խոշոր բանկերը փաստացի կտրված են համաշխարհային ֆինանսական համակարգից։ Այդ երկրի ավիաընկերությունների համար արևմտյան երկրների մեծամասնության օդային տարածքնեերը փակ են, դրանք զրկված են ինքնաթիռներ և պահեստամասեր ձեռք բերելու հնարավորությունից։

Նախօրեին Եվրամիությանը զուգահեռ Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան և Մեծ Բրիտանիան։

Պաշտոնական Լոնդոնը հայտարարել է, որ պատժամիջոցների թարմացված ցանկում ներառել են Պուտինի «հիմնական քաղաքական դաշնակիցներին», վարչակազմի պաշտոնյաներին և Կրեմլի աջակցությունը վայելող քարոզիչներին՝ Դմիտրի Մեդվեդև, Սերգեյ Շոյգու, Միխայիլ Միշուստին, Դմիտրի Պեսկով, Մարգարիտա Սիմոնյան։ Անցած ամիս Միացյալ Թագավորության կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, մի խումբ ռուսաստանցի օլիգարխների, ռուսաստանյան էներգետիկ ընկերությունների ղեկավարների դեմ։

XS
SM
MD
LG