Մատչելիության հղումներ

Մոսկվան պատերազմելով Ուկրաինայում՝ վերջ է դնում շուրջ ութ տարի տևող պատերազմին Դոնբասում. Լավրով


Սերգեյ Լավրովը հանդիպում է Իրանի արտգործնախարարի հետ, 15-ը մարտի, 2022թ.
Սերգեյ Լավրովը հանդիպում է Իրանի արտգործնախարարի հետ, 15-ը մարտի, 2022թ.

Ռուսաստանի արտգործնախարարը պատերազմի 20-րդ օրը հայտարարել է, թե Մոսկվան պատերազմելով Ուկրաինայում՝ վերջ է դնում շուրջ ութ տարի տևող պատերազմին Դոնբասում։ Այս մասին նա ասել է Իրանի արտգործնախարարի հետ բանակցություններին հետևած ասուլիսին։

«Նախարարն ինձ փոխանցեց Ուկրաինայի նախարարի ցանկությունը հնարավորինս շուտ կանգնեցնել պատերազմը։ Մենք հենց դա էլ անում ենք․ վերջ ենք տալիս առնվազն 8 տևող պատերազմին, որը վարել է Կիևի ռեժիմը Դոնբասի բնակչության դեմ», - ասել է Լավրովը։

Ռուսաստանի և Ուկրաինայի նախարարները հանդիպել էին անցած շաբաթ Թուրքիայում, սակայն լուրջ արդյունքներ այդ հանդիպումը, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, չէր տվել։ Ամեն դեպքում բանակցությունները Մոսկվայի և Կիևի միջև շարունակվում են առցանց։

Ռուսական և ուկրաինական պատվիրակություններն աշխատում են, սակայն գործընթացը բարդ է, այսօր ասել է Կրեմլի խոսնակը՝ դրական անվանելով այն, որ բանակցությունները շարունակվում են։

Սրա հետ մեկտեղ Դմիտրի Պեսկովը այսօր հրաժարվեց ասել, թե ինչքան երկար է դեռ տևելու պատերազմը, որի պատճառով ամեն օր խաղաղ բնակիչներ են զոհվում։ Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի խորհրդական Արեստովիչը ենթադրել էր, որ խաղաղության համաձայնագիր հնարավոր կլինի ձեռք բերել կա՛մ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում, կա՛մ մայիսին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ գիշերը իր ավանդական տեսաուղերձում Ռուսաստանի հետ բանակցությունների միջանկյալ արդյունքները նույնպես դրական է գնահատել՝ «բավականին լավ» բառերով, հավելելով, թե դրանք շարունակվում են։

Ռուսական պահանջները պատերազմի 20-րդ օրը չեն փոխվել. դրանք են՝ խորհրդավոր դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա, ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ պետք է տեղի ունենա, որ Մոսկվան համարի, թե ապանացիստականացման և ապառազմականացման գործընթացն ավարտվել է, հայտնի չէ։ Փոխարենը հայտնի է, որ Մոսկվան բացի այս ուզում է երաշխիքներ Կիևից, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի, պահանջում է, որ Կիևը ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը և Ղրիմը Ռուսաստանի կազմում։

Զելինսկին հայտարարում է՝ արդեն հասկացել են, որ առաջիկա տարիներին Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա

Առաջին կետի հետ Կիևը կարծես թե համաձայն է, Վլադիմիր Զելենսկին այսօր նորից հայտարարել է, թե ուկրաինական կողմում արդեն հասկացել են, որ առաջիկա տարիներին Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։ Ուկրաինայի նախագահն այսօր դիմելով Լոնդոնում հավաքված մի խումբ արևմտյան երկրների ներկայացուցիչներին՝ զենք, պաշտպանություն և Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ է խնդրել, սպառնալով, թե հակառակ դեպքում «Պուտինը կգա ձեզ մոտ»։

Նա կրկնեց Ուկրաինայի երկինքը փակելու պահանջը և կշտամբեց ՆԱՏՕ-ին, որ դաշինքի որոշ անդամներ «հիպնոսացված են ռուսական ագրեսիայից» և վախենում են, որ ոչ թռիչքային գոտին կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի։

«Ռուսական ռազմական մեքենան դեռ կարելի է կանգնեցնել, դուք կարող եք նաև դադարեցնել մարդկանց սպանությունը, դուք տեսնում եք, թե ինչպես ենք մենք պայքարում, և ձեզ հետ մասին մեզ համար ավելի հեշտ կլինի», - նշել է նա։

Իսկ գիշերվա ուղերձում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Օվսյաննիկովային երեկվա արարքի համար, ով պատերազմի դեմ պայքարելու կոչով դիմել էր ռուսաստանցիներին՝ զգուշացնելով նրանց, թե հակառակ դեպքում Ռուսաստանը կվերածվի մեծ Հյուսիսային Կորեայի։

Մինչդեռ ռուսական գլխավոր հեռուստաընկերության աշխատակից Մարիա Օվսյաննիկովայի փաստաբանները ահազանգում են՝ արդեն 12 ժամ է՝ չեն կարողանում գտնել երիտասարդ կնոջը։ Օվսյաննիկովան բերման է ենթարկվել մարտի 14-ի երեկոյան «Վրեմյա» հաղորդաշարի ուղիղ եթերում հակապատերազմական պաստառ պարզելու և «Դադարեցրեք պատերազմը» կոչերի համար։

Փաստաբանները չեն բացառում, որ կնոջ դեմ քրեական գործ հարուցվի և արագացված կարգով դատապարտվի իրական ազատազրկման։ Պուտինի մամուլի քարտուղարը այսօր Օվսյաննիկովայի արարքը խուլիգանություն է որակել։

Արևմուտքը հայտարարում է՝ արդեն ջախջախել է ռուսական տնտեսությունը

Արևմուտքը հայտարարում է, թե արդեն ջախջախել է ռուսական տնտեսությունը, սակայն կանգ չի առնում և շարունակում է նոր պատժամիջոցներ սահմանել։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին այս գիշեր հայտարարել էր, թե Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հետ «ջախջախել է» ռուսական տնտեսությունը։ «Ո՞րն է լինելու վերջը, հարցը պետք է ուղղվի Պուտինին: Մենք ամբողջությամբ ջախջախեցինք նրա տնտեսությունը», - ասել է Սաքին ճեպազրույցում:

Մոսկվան, իհարկե, շարունակում է պնդել, թե նախօրոք պատրաստվել էր պատժամիջոցներին և ձեռնարկում է քայլեր դրանց հակազդելու համար։ Երեկ ամերիկյան աղբյուրները հայտնել էին, թե ավելի վաղ Մոսկվան դիմել է Պեկին տնտեսական և ռազմական օգնության համար։ Վաշինգտոնը նախազգուշացրել է չինական կողմին, Մոսկվային աջակցություն ցուցաբերելու դեպքում անխուսափելի հետևանքների մասին։

Ուկրաինայի դեմ պատերազմում Մոսկվան այսօր լուրջ աջակցություն չունի։ Նույնիսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում լեգիտիմ չեն համարում Արևմուտքում, չի շտապում բելառուսական զորքեր ուղարկել Ուկրաինա։

Եվրոպական միությունը երեկ հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որում ներառված են Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի հետ առնչություն ունեցող մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև Ռուսաստանի արդյունաբերության համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտներ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG