Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Արգելքը խախտելու դեպքում պաշտոնատար անձը կտուգանվի150 – 200 հազար դրամով, ֆիզիկական անձը՝ 50 հազար դրամով: Վերահսկողություն իրականացնում է ոստիկանությունը։
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է՝ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը: