Մատչելիության հղումներ

Հայաստանում ուժի մեջ են մտել հակածխախոտային կարգավորումներ


Հունվարի 1-ից Հայաստանում օրենքով արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Բացառություն են օդանավակայանների անմաքս առևտրի խանութները։ Արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը դրական է գնահատում նոր ուժի մեջ մտած կարգավորումները հանրային առողջության համար, սակայն՝ ոչ բավարար։

«Ճիշտ ուղի է, և Հայաստանից դուրս եկած մարդիկ նկատած կլինեն, որ Ռուսաստանի Դաշնությունում, Եվրամիության երկրներում նման կարգավորումներ գործում են և իրոք արդյունավետ են։ Ընդհանուր արդյունքն էլ այն պետք է լինի, որ, ամենաառաջինը, մենք կարողանանք կանխենք, որ դեռահասները և երիտասարդները սկսեն ծխել, և երկրորդը՝ նպաստենք, որ մարդիկ թողնեն ծխելը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիք-Նուբարյանը։

Հանրային առողջության մասնագետն այս համատեքստում նաև անհրաժեշտ է համարում ծխախոտի գների շեշտակի բարձրացումը։ Ըստ Մելիք-Նուբարյանի՝ թանկացումն ամենաարդյունավետ գործիքն է ծխախոտի դեմ պայքարում։ Հայաստանում, ասում է, ծխախոտի գները շատ ցածր են․ - «Ցավոք սրտի, առայժմ Հայաստանում տարածաշրջանում ամենացածր ծխախոտի գներն են, այսինքն՝ սրա վրա կանգնելը ճիշտ չի, և պետք է մնացած գործիքներն էլ կիրառել»։

Իսկ «էժան հաճույքի» հետևանքը հարյուրավոր քաղաքացիներ են իրենց մաշկի վրա զգում, նաև երկրի տնտեսության վրա է այն թանկ նստում։ «Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունները Հայաստանի տնտեսության համար ամեն տարի առաջացնում են ավելի քան 273 միլիարդ դրամի ծախսային բեռ։ Իսկ ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 5 հազար 500 մահվան դեպք», - ասված է ՄԱԿ-ի, Առողջապահության նախարարության ու միջազգային մի շարք կազմակերպությունների համատեղ զեկույցում։ Ըստ նույն հետազոտության՝ Հայաստանում 18-ից մինչ 69 տարեկան բնակչության ավելի քան մեկ քառորդը՝ 28 տոկոսը օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ:

Մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնի բաց և փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։


XS
SM
MD
LG