Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հետաձգեց հակածխախոտային օրենքի մի քանի դրույթներ


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

«Կարևոր է ծխախոտային բիզնեսի շահը, թե՞ մարդկանց առողջությունը», - օրեր շարունակ այս հարցի շուրջ են բանավիճում Առողջապահության նախարարությունն ու հիմնականում՝ իշխող իմ քայլականները։

Ազգային ժողովը երեկ 86 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով հետաձգեց դեռ փետրվարից ուժի մեջ մտած՝ հակածխախոտային օրենքի մի քանի դրույթներ։ Եթե այդ երեք դրույթները չհետաձգվեին՝ ապա ավանդական ծխախոտից բացի, արգելվելու էր նա՛և էլեկտրոնային և տաքացվող սարքի միջոցով օգտագործվող ծխախոտային փոխարինիչների բացահայտ վաճառքը, դրանց փաթեթավորումների վրա նույնպես պետք է նշվեր, որ ծխելը վնասակար է առողջությանը։ Օրենքի, արդեն մեկ տարով հետաձգված դրույթներից մեկի պահանջով էլ, փոքր կրպակներից ու խանութներից պետք է հանվեին ավանդական և ոչ ավանդական ծխախոտների ցուցադրության համար նախատեսված ցուցատախտակները։

Գործող օրենքից այս դրույթները հետաձգելու օրենսդրական նախաձեռնության հեղինակներից՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասում է՝ եթե հունվարից օրենքը նույնությամբ ուժի մեջ մտներ՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի խնդիրներից բացի նաև տնտեսական ռիսկեր կառաջանային։ Թունյանը պնդում է՝ ծխախոտային փոխարինիչների գովազդի համար, տարեկան 15-20 միլիոն դոլար ստացող հազարավոր խանութներ ու կրպակներ, կզրկվեն այդ գումարներից և պետական բյուջեն մի քանի տասնյակ միլիարդ հարկերի կորուստ կունենա։

«Որևէ մեկը ծխախոտամոլության և ծխախոտի տարածվածության դեմ պայքարի հետ կապված որևէ խնդիր չունի, խնդիրը հետևյալն է, որ մենք փորձենք այդ նպատակին հասնել մաքսիմալ կշռադատված՝ առանց տնտեսության համար հավելյալ ռիսկեր ստեղծելու և նաև փորձենք ևս մեկ անգամ նորմալ, խորքային վերլուծության միջոցով հասկանալ թե՛ տնտեսության, թե՛ բիզնեսի, թե՛ առողջության, թե՛ մնացած ուղղությունների վրա փաթեթի ազդեցությունը և ըստ այդմ որոշել՝ հետագայում ինչ անել», - նշեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ասաց՝ տնտեսվարողներն արդեն պատրաստվել էին հունվարից ուժի մեջ մտնող այդ դրույթների համաձայն աշխատել՝ որոշ խանութներից ու կրպակներից հանվել էին ծխախոտային փոխարինիչների գովազդային ցուցատախտակները, իսկ ներկայացված տնտեսական ռիսկերն, ըստ փոխնախարարի, միֆ են։ Նանուշյանն ընդգծեց՝ ծխախոտային արդունաբերությունը մեծ գումարներ է ծախսում բոլոր երկրներում ծխախոտի վերահսկման ազգային օրենսդրությանը խոչընդոտելու համար և, որ այդ ռազմավարությունը հատկապես կիրառվում է այն երկրներում, որոնք հայտնվել են տնտեսական ծանր իրավիճակում, ինչպիսին հիմա Հայաստանն է COVID-ից ու պատերազմից հետ։ Նանուշյանը նաև ասաց՝ Թունյանի բերած բոլոր փաստարկներն ապացույցներով են հերքել ու կարող են դա շարունակել։ Մինչև քվեարկությունը՝ Նանուշյանն ասաց՝ շատ կափսոսի, որ ստվերային10 մլն դոլարի պատճառով պատգամավորները կողմ քվեարկեն նախագծին։ Իսկ այն, որ խանութներին ու կրպակներին գովազդի համար տրվող 15-ից 20 միլիոն դոլարից բացի կա նաև գումարների ստվերային շրջանառություն, Ազգային ժողովում ասաց նաև Բաբկեն Թունյանը։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը հիմա թույլ է դիմակայելու ծխախոտային արդյունաբերության ստերին ու կեղծ հիմնավորումներին, ու դա ես ցավով եմ ասում։ Պատգամավորների ներկայացրած նախագիծը հանգեցնելու է ծխողների թվի ավելացմանը՝ ի հաշիվ մեր երեխաների, որովհետև գիտեք, որ գովազդն եք հետաձգելու մեկ տարով։ Հանգեցնելու է բազմաթիվ կյանքերի խեղմանը և պետական միջոցների վատնմանը։ Այո, պարոն Թունյանը, 310 մահ, և կարիք չկար երեկ չարախնդալ, թե ինչպես ենք հաշվել այդ 310 մահը», - ասաց Նանուշյանը։

Հայաստանում Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն 2013 թվականից ուսումնասիրում է, թե ծխախոտային ինդուստրիան ինչ մեծ գումարներ է ծախսում, որպեսզի փոխարինիչների նոր և գայթակղիչ փաթեթավորմամբ նոր ծխողների ներգրավի։ Այն, որ օրենքը հետաձգվեց, դա նշանակում է, որ ծխախոտն ու դրա փոխարինիչները կշարունակվեն վաճառվել երեխաների համար գայթակղիչ ու մատչելի տեղերում։

«Մարդու մոտ այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, որ մարդը չի կարողանում հրաժարվել, հասկանալով բոլոր վնասները, չեն կարողանում հրաժարվել այդ արտադրատեսակն օգտագործելուց։ Այդ պատճառով նույնիսկ այդ փոքրիկ քայլերը բերում են երկարաժամկետ, մեծ փոփոխության, բայց արագ չի փոփոխվում, իսկ եթե մենք չունենանք նման խիստ օրենսդրություն ուղղակի ոչ մի արդյունքի չենք հասնի։ Ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողներն ինչ գումար էլ լինի, չեն զրկվելու, քանի որ մարդիկ այդ գումարը ծախսելու են շատ ավելի օգտակար պրոդուկտներ գնելու վրա», - նշեց Պետրոսյանը։

Հանրային առողջապահության մասնագետի փոխանցմամբ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ 52 առաջատար մասնագետներ, որոնք «Հանրային առողջության աշխատանքային խումբ՝ ՀՀ-ի համար» նախագծի անդամ են, դեմ էին, որ հակածխախոտային օրենքի այս դրույթների ժամկետները փոխվեին, անգամ բաց նամակով դիմել են պատգամավորներին, որ դեմ քվեարկեն։ Պետրոսյանը տարակուսած է՝ վերջին 60 տարիներին առաջատար շատ մասնագետներ ապացուցել են ծխելու հետևանքով առաջացած առողջապահական ոլորտների ծանրաբեռնվածության աստիճանը. «Մեկ տարով հետաձգում են, որ նորի՞ց ուսումնասիրեն»։

«Միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների և կառույցների կողմից այդ հետազոտությունները և հաշվարկներն արվել են Հայաստանում, որոնք ցույց են տվել, որ եթե այսքան մարդ դադարեցնի ծխելը, դա քանի մարդու առողջության վերականգնման կբերի, ինչպիսի առողջապահական ծախսերի կրճատման կբերի, վերջիվերջո քանի մարդ վաղաժամ մահանալու փոխարեն կշարունակի աշխատել ու և՛ տնտեսության վրա լավ ազդեցություն ունենալ, և՛ իր ընտանիքի», - ընդգծեց հանրային առողջապահության մասնագետը։

Հակածխախոտային օրենքի մի քանի դրույթները հետաձգելու օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են, իմքայլական, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և իշխանական խմբակցության ևս երեք պատգամավորներ՝ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Հովիկ Աղազարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG