Մատչելիության հղումներ

Երեկ օրվա ընթացքում և ամբողջ գիշեր Ադրբեջանի զինուժը պարբերաբար խախտել է հրադադարը․ Արցախի ՊԲ


Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ պարբերաբար խախտել են հրադադարը, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը։

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, երեկ ժամը 14֊14։30-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 5։40 հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը, նաև փոխանցում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե գիշերը հայկական կողմն է 28 անգամ խախտել հրադադարը Աղդամի շրջանի ուղղությամբ։

XS
SM
MD
LG