Մատչելիության հղումներ

Անթույլատրելի են Ադրբեջանի սադրիչ գործողությունները․ Փաշինյանը՝ Շառլ Միշելին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ոչ ֆորմալ հանդիպմանը, ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը։

Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները:

Փետրվարի կեսերից թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանները անհանգիստ են. երեկ կեսօրն անց հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ է հակառակորդը կրակել: Ըստ Պաշտպանության նախարարության ՝ կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Արցախի սահմանին ադրբեջանական կողմը ականանետեր է կիրառում․ երեկ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ է ադրբեջանական 4 արկ ընկել, Թաղավարդի դաշտում աշխատող գյուղացիներին են թիրախավորել հրաձգային զենքով: Արդեն երրորդ օրն է Արցախի ողջ տարածքը զրկված է գազից, Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագորի հատվածում վթարվել է Հայաստանից Արցախ գազ հասցնող մայր գազատարը, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ու վթարի վերացման աշխատանք կատարել:

Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը երեկ քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր, մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Հայաստանի վարչապետը Փարիզում էր մարտի 8-ից՝ Ֆրանսիայի նախագահի հրավերով։ Արցախի շուրջ իրավիճակը Փաշինյանը քննարկել է նաև Էմանյուել Մակրոնի հետ։ Երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի վարչապետի այցը Ֆրանսիա։

XS
SM
MD
LG