Մատչելիության հղումներ

Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին Փաշինյանը Փարիզում է 


Սառը պատերազմի ավարտից ի վեր Արևմուտք-Ռուսաստան աննախադեպ սրված հարաբերությունների ֆոնին, Ֆրանսիայի նախագահի հրավերով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ, ուր բանակցություններ է վարելու նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Երեկ երեկոյան տեղեկացնելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարը մարտի 8-9-ը աշխատանքային այցով Ֆրանսիայում է լինելու՝ վարչապետի մամուլի ծառայությունն մանրամասնում է. - «Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը»:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ Մակրոնի հրավերը և Փաշինյանի մեկնելը հարկավոր է դիտարկել երկու հարթության համատեքստում․ ապրիլին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, նախընտրական քարոզարշավը կարևոր շրջան է մուտք գործել, և Էմանյուել Մակրոնը, բնականաբար, նպատակ ունի շահել նաև ֆրանսահայերի քվեները։

«Այո՛, աննախադեպ լարում կա Եվրոպայի և Ռուսաստանի մեջ։ Ես կարծում եմ, որ էդ լարմանը Եվրոպան այլսև սկսում է վերաբերվել որպես երկարատև գործընթաց։ Պայմանականորեն դա կարող ենք անվանել «Սառը պատերազմ, մաս 2», կամ «Սառը պատերազմ 2», և էդ հարթության մեջ Եվրոպան այլևս երկարաժամկետ պլանավորման է գնում։ Երկարաժամկետ պլանավորումը ռուս-եվրոպական հարաբերություններում նշանակում է մուլտիռեգիոնալ պատասխան, այլ ոչ միայն պատասխան սանկցիաներով կամ Ուկրաինային ընթացող գործընթացներին։ Մուլտիռեգիոնալ պատասխան նշանակում է, որ Եվրոպական միությունը և դրա առաջատար երկրները պետք է որոշակի ներկայություն ունենան բոլոր տարածաշրջաններում, որոնք որ կենսական կարևորություն ունեն Ռուսաստանի համար, դրանցից առաջինը Հարավային Կովկասն է, իսկ Հարավային Կովկաս մուտք գործելու համար Ֆրանսիայի համար ամենահարմար պետությունը՝ թե՛ պատմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կապերի տեսանկյունից Հայաստանն է», - ասաց Քոչինյանը։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Մոտ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ վարչապետ Փաշինյանին հղած ուղերձում նախագահ Մակրոնը, Փարիզ հրավիրելով Հայաստանի կառավարության ղեկավարին և խոսելով սպասվող հանդիպման մասին, միաժամանակ ընդգծել էր, որ երկխոսության այս հարթակի նպատակը դեպի ապագա ուղղորդելն է և այն հնարավորություն կընձեռի նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի զարգացմանը։

«Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը», - գրել էր Ֆրանսիայի ղեկավարը։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն, այսօր Ֆրանսիայի բնակվում են մոտ 600 հազար հայեր։ Մյուս ամիս այդ երկրում նախագահական ընտրություններ են, ընդ որում, եթե առաջին փուլում հաղթողը չորոշվեց, երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպայնության զոհերի հիշատակի օրը։

Անցած տարվա դեկտեմբերին Երևան ժամանեցին Ֆրանսիայի նախագահի միանգամից երկու թեկնածուներ։ Նախ՝ Էրիկ Զեմուրը, այնուհետև՝ Վալերի Պեկրեսը, ով այցելեց նաև Ստեփանակերտ։

XS
SM
MD
LG