Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը գիշերը ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայում, կան զոհեր


Ուկրաինա - Խաղաղ բնակչության տարհանում Սումիից, 7-ը մարտի, 2022թ․

Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին հայտնում է ռուսական բանակի գիշերային նոր ավիահարվածների մասին Սումիի և Ախտիրկայի ուղղությամբ։

Ժիվիցկու խոսքով՝ ինքնաթիռներն ռմբակոծել են Սումիի արվարձանները, Բիտիցա գյուղը և Ախտիրկայի բնակելի թաղամասերը։

Սումիի շրջանի հյուսիս-արևելքում գտնվող Ախտիրկա քաղաքում գիշերային հրետակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել՝ երկու կին և 13-ամյա դեռահաս, հաղորդում է ВВС-ն՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ գիշերը ռուսական ուժերի կողմից Իզյումի շրջանի Սլոբոժանսկոյե գյուղի հրետակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել՝ 2 կին և 2 երեխա։ Հինգ տարեկան մի աղջկա հաջողվել է ողջ մնալ, սակայն նա տուժել է։

Ռուսական զորքերի կողմից պաշարված Սումիից և մոտակա երկու քաղաքներից խաղաղ բնակչության տարհանումն այսօր կշարունակվի։

Դմիտրի Ժիվիցկու խոսքով՝ կողմերը պայմանավորվել են, որ հինգշաբթի առավոտյան ժամը 9-ից կրկին «լռության ռեժիմ» կհայտարարվի, և կսկսվի Սումիից, ինչպես նաև Կրասնոպոլյե և Տրոստյանեց քաղաքներից տարհանումը Պոլտավա։

Սա Սումիից տարհանման երրորդ օրն է։

Սումիից մարդասիրական միջանցքներով տարհանվել է ավելի քան 43 հազար մարդ։ Կիևի մարզում տարհանվել է 3,5 հազար, Էներգոդարից՝ հազար մարդ։

XS
SM
MD
LG