Մատչելիության հղումներ

Մարդասիրական միջանցքներ, առաջխաղացում դեպի Կիև, ոչ թռիչքային գոտու պահանջ․ ռուս-ուկրաինական պատերազմի 13-րդ օրը


Պատերազմի 13-րդ օրը ռազմական գործողությունները Ուկրաինայի հյուսիսային, արևելյան և հարավային շրջաններում շարունակվում են։ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տեղեկություններով՝ նախօրեին Կիևի մերձակայքում տեղի ունեցած մարտերից հետո ռուսական ստորաբաժանումները կենտրոնացել են մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Կիևի վարչական սահմաններից մոտ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հորենիչի ավանի մերձակայքում։

Նույն հաղորդագրության համաձայն՝ ռուսաստանցի զինվորականների մեկ այլ խումբ էլ հասել է Կիևի մարզի Բիշով ավանի մոտ, որը գտնվում է Կիևը երկրի արևմտյան շրջաններին և Եվրոպային կապող E-40 մայրուղուց մոտ 16 կիլոմետր հարավ։ Փաստորեն, եթե հավատանք ուկրաինական զինված ուժերի այս հաղորդագրությանն, ապա Ռուսաստանի բանակին հաջողվել է կտրել մայրաքաղաքը երկրի մյուս շրջաններին կապող հիմնական մայրուղիներից մեկը՝ ևս մեկ քայլով մոտենալով Կիևի լիակատար շրջափակմանը։

Ուկրաինական Գլխավոր շտաբի տեղեկություններով, ի դեպ, Կիևի շրջակայքում կենտրոնացած ռուսական ուժերը պատրաստվում են լայնածավալ գրոհի՝ մայրաքաղաքի արվարձաններում կուտակելով ամենամարտունակ ստորաբաժանումները։ Ըստ պաշտոնական Կիևի, դրանց թվում են Ռոսգվարդիայի Ռամզան Կադիրովի անվան չեչենական գնդի, «Վիտյազ» և «Կուզբաս» հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները ինչպես նաև «Լիգա» (նախկին «Վագներ») մասնավոր ռազմական ընկերության զինյալները։

Համառ մարտեր են նաև երկրի հարավում, որտեղ ռուսական ուժերը փորձում են լիակատար վերահսկողություն սահմանել Նիկոլաև քաղաքի նկատմամբ։

«Հարավային օպերացիոն գոտում պաշտպանական գործողություններ են իրականացվում, որոնց նպատակն է ծովափնյա գոտու և երկրի ծովային սահմանների պաշտպանությունը։ Պաշտպանական մարտեր են ընթանում Նիկոլաևի արվարձաններում», - այսօր հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը։

Հյուսիսում՝ ռուսական զորքերի լիակատար շրջափակման մեջ գտնվող Սումի քաղաքում, ուկրաինական կողմը համաձայնել է մարդասիրական միջանցք բացել՝ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ մարզկենտրոնի բուհերում սովորող հնդիկ և չինացի ուսանողների տարհանման համար։ Այդ մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։

Ուկրաինայում Արևմուտքին կոչ են անում ոչ թռիչքային գոտի ստեղծել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կեսօրին հեռարձակված հերթական ուղերձում կրկին հայտարարում էր՝ Արևմուտքը պետք է անի ամեն ինչ Ուկրաինայի օդային տարածքը ռուսական օդուժից պաշտպանելու համար։

«13 օր է արդեն, ինչ մենք խոստումներ ենք լսում,13 օր է, ինչ մեզ ասում են, թե ուր որ է երկնքում օգնություն կլինի, կլինեն օդանավեր, դրանք մեզ կփոխանցվեն։ Օդային հարվածներից ցանկացած մարդու մահվան մեղքն, իհարկե, զավթիչներինն է, սակայն պատասխանատվությունը նաև այն մարդկանցն է, որոնք արևմուտքում, իրենց աշխատասենյակներում նստած 13-րդ օրն է չեն կարողանում որոշումներ կայացնել, նրանց, ովքեր մինչ օրս չի ապահովել ուկրաինական երկնքի անվտանգությունը», - հայտարարում էր Զելենսկին։

Ոչ թռիչքային գոտու ստեղծման անհրաժեշտության մասին Ուկրաինայի նախագահը խոսեց նաև անցած գիշեր ամերիկյան ABC հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հայտնի լրագրող Դեյվիդ Մյուրի ուղիղ տրված հարցին։

«NATO-ն ոչ է ասել այս ոչ թռիչքային գոտուն, ելնելով այն մտավախություններից, որ նման քայլը կարող է շատ ավելի մեծ պատերազմ հրահրել, քանի որ դա պետք է նաև ռուսական օդանավերը խոցելու պատրաստակամություն ենթադրի», - հարցնում էր լրագրողը։

«Ի՞նչ է նշանակում խոցել ռուսական օդանավերը։ Երեկ ռուսական կողմից արձակված հրթիռը Խարկովում հարվածել է համալսարանի շենքին և հանրակացարանին։ Այո, ես վտահ եմ, որ այդ օդանավերն ու հրթիռները պետք է խոցվեն, դուք պետք է պաշտպանեք մարդկանց կյանքը։ Վստահ եմ, որ խիզախ ամերիկացի օդաչուները, իմանալով, որ այդ հրթիռները հարվածում են ուսանողներին, որևէ կասկած չեն ունենա՝ խոցել դրանք թե ոչ», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը։

Ոչ թռիչքային գոտի ստեղծելու Արևմուտքին ուղղված կոչերը այսօր, օրվա ողջ ընթացքում ևս շարունակվում էին։ Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը ֆեյսբուքյան իր էջում մի քանի ժամ առաջ գրեց. «Եթե NATO-ն չի ցանկանում կամ ի վիճակի չէ փակել օդը, մենք ինքներս դա կանենք։ Պարզապես մեզ համապատասխան զենք տրամադրեք», - պնդում էր ուկրաինացի պաշտոնյան։

Ոչ թռիչքային գոտու ստեղծումը Կիևի համար կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հենց իրենց՝ ուկրաինացի պաշտոնյաների խոստովանությամբ, երկրի ՀՕՊ համակարգի մեծ մասը ոչնչացվել էր պատերազմի առաջին իսկ օրերին։

Այս մասին կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր նախագահ Զելենսկու մերձավոր զինակիցներից մեկը՝ Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիդ Արախամիան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG