Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմի պրեմիերան, որից առաջ հրավիրված ասուլիսին ստեղծագործական խումբը ուշագրավ փաստեր ներկայացրեց կապված ֆիլմի մտահղացման, նկարահանումների և գլխավոր հերոսի՝ Կիպրոսում բնակվող երիտասարդ երգիչ, երգահան Յուրի Մելիքովի հետ։ Ոշագրավ է, որ գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է հենց ինքը՝ Յուրի Մելիքովը, և նրա կենսագրական փաստերն էլ տեղ են գտել ֆիլմի սյուժեում, որտեղ նա որպես գլխավոր հերոս հանդես է գալիս հենց իր անուն-ազգանվամբ։
Ծնվել է Գերմանիայում, հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Կիպրոս, ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, առաջնագծում մասնակցել է հատուկ գործողության, որի արդյունքում ազատ են արձակվել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից Սիրիայում գերեվարված հայ կանայք ու երեխաներ։ Մինչև զինվորական ծառայության մեկնելը հանդես է եկել երաժշտական հանրահայտ «Ձայն» նախագծում։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիպրաբնակ երաժիշտ, արդեն նաև դերասան Յուրի Մելիքովը ընդգծեց. - «Ես ֆիլմում ես այսպես ասած խաղում եմ ինձ։ Իհարկե, առաջին դեբյուտն ա մեր ֆիլմի, առաջին անգամ եմ այդ աշխարհը մտնում, բայց կարծում եմ, որ որպես երգիչ, որպես երաժիշտ, որպես կոմպոզիտոր, այդքան էլ հեռու չեն այդ երկու աշխարհները։ Ֆիլմը, իմ աչքերով, օտար երկրում հայ մնալու մասին է, հայ զգալու մասին է և հայրենիքի հետ կապը չկորցնելու մասին է»։
«Վերադարձ» ֆիլմի ռեժիսոր Արման Գևորգյանի խոսքով, ֆիլմում փորձել են ներկայացնել այն բազմաթիվ խնդիրներից մի քանիսը, որոնց առնչվում են Սփյուռքում բնակվող հայերը. - «Ինձ թվում է, ասելիքներն այնքան շատ են ֆիլմում, ուղղակի երևի թե դրանք ավելի կիսատոների վրա են ասվում։ Ասելիքները շատ են նույն մեր եկած սփյուռքահայերի մասին, թե ինչ պրոբլեմների առաջ են իրենք կանգնում, նույն կին – տղամարդ հարաբերությունների մասին, իրենց ընտանիքների մասին, մարդկանց վերաբերմունքի մասին։ Ասելիքները շատ են ու դրանք շատ համամարդկային թեմաներ են, որոնց մասին, ինձ թվում է, կինոն պետք է միշտ խոսի։ Որովհետև, իմ կարծիքով, եթե մարդկանց կրթելու միակ միջոցը կինոն է, որը մենք շատ ենք նայում, ցավոք սրտի, հայկական քիչ ունենք, բայց երևի թե մենք պետք է մեր երիտասարդությանը մեր ֆիլմերով կրթենք»։
Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Կիպրոսում, որտեղ ներգրավվել են նաև Կիպրոսի զինված ուժերի ներկայացուցիչները։ Ֆիլմում զուգահեռվում է Կիպրոսում և Սիրիայում բնակվող երկու հայ ընտանիքների պատմությունը։
Սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանի խոսքով, այս ֆիլմը բացառիկ է նրանով, որ բոլոր հերոսները սփյուռքահայեր են. - «Մենք էդպիսի ֆիլմ չենք ունեցել։ Այսինքն՝ սա պատմություն է Սփյուռք – Հայրենիք կապի մասին, սա պատմություն է հայորդու մասին, որը ապրելով դրսում, այդ կապերը այնքան ամուր են հայրենիքի հետ, որ ակամայից թե ճակատագրի բերումով ստացվում է այնպես, որ ինքը դառնում է մեկ այլ հայ ընտանիքի փրկության պատճառը։ Որպես ֆիլմ ստեղծելու համար Յուրին հայերեն երգեր էր գրել, որոշել էինք սյուժե մտածել կլիպի համար։ Բայց երբ որ սկսեցինք մտածել, հասկացանք, որ նյութն այնքան շատ է, որ սա ֆիլմ պետք է դառնա։ Չնայած մեր ֆիլմի հիմքում սերն է, սիրո պատմությունն է դոմինանտը, բայց այդուհանդերձ, ամբողջ պատմությունը սիրո մասին չէ։ Բավականին լուրջ հարաբերություններ կան՝ ծնող – երեխա, սիրած մարդ, հայրենիքի հանդեպ վերաբերմունք։ Ֆիլմի վերջում մեր հերոսը ճակատագրական որոշում է ընդունում և գալիս է հայրենիք մշտական բնակության։ Մեսիջը դրա մեջ է»։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ալեքս Լիտմանն է, ֆիլմի երաժշտության հեղինակը՝ Յուրի Մելիքովը։