Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները «որևէ կերպ չեն մասնակցելու» նախագահի ընտրությանը


«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը խորհրդարանի դահլիճում, արխիվ

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարում են, որ «որևէ կերպ չեն մասնակցելու» Հանրապետության նախագահի ընտրությանը։

Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, հայտարարում են ընդդիմադիր խմբակցությունները՝ շեշտելով՝ «համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն, բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով»:

«Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ։ Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով: Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը», - ասված է համատեղ հայտարարությունում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց՝ նվազագույն պայմանն այն է, որ նախագահի թեկնածուն պետք է քաղաքական թիմ չներկայացնի, այնինչ իշխանությունները հայտարարեցին, որ քաղաքական թիմի ներկայացուցչի են առաջադրում:

Վարդևանյանը նշեց, որ նույնիսկ քննարկել են թեկնածուների առաջադրման հարցը, բայց «հաշվի առնելով նոր զարգացումները, միջազգային հանրության անգործությունն ու լռությունը», որոշեցին որևէ ձևով չմասնակցել ընտրություններին:

«Սահմանադրությունն ասում է, թե ինչպիսին պետք է լինի նախագահը. պետք է լինի անաչառ, պետք է այնպիսին լինի, որ առաջնորդվի համաժողովրդական, համապետական շահերով, դրանով իսկ նշանակում է, որ նվազագույն պայմանն այն է, որ քաղաքական թիմ չներկայացնի: Այսօրվա իշխանությունները առաջինը հայտարարեցին, որ իրենք քաղաքական թիմի ներկայացուցչի են առաջադրում, երկրորդը, նույնիսկ պայման առաջարկեցին, ասացին, որ պետք է լինի, ինչ-որ նոր մի տերմին, համերաշխություն իշխանությունների միջև, երբ նախագահի ինստիտուտը առնչություն չունի պետական իշխանությունների հետ: Այն, կարելի է ասել, դիրքավորված է որպես անկախ արբիտր, հենց այդ էր իմաստը: Այս իշխանությունները հայտարարեցին, որ իրենք արդեն իսկ որոշել են, որ երկրորդ փուլով պետք է անցնի իրենց ուժի հանրապետության նախագահը», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Վարդևանյանն ընդգծեց՝ սա «դասական իմաստով բռնապետության ռեժիմն է»:

«Բռնապետություն ինչ-որ պոզով, պոչով կենդանի չէ, դա մի ինչ-որ իրավիճակի բնութագրիչն է, որոնք իրենք բոլորը նախատեսում են: Սահմանադրությունը ասում է՝ նախագահը պետք է ընտրվի 3/4-ով, այս իշխանությունները ասում են՝ մեզ հետաքրքիր չի այդ 3/4-ը, մեզ պետք է երկրորդ փուլը, որտեղ մեր ձայները բավարարում են: Սա՞ է ժողովրդավարությունը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 30-ին, հաջորդ օրն Ազգային ժողովն արդեն ստացել էր նրա հրաժարականը։ Դիմումից յոթ օր անց Արմեն Սարգսյանի լիազորությունները Հայաստանի նախագահի պաշտոնում դադարեցին․ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ստորագրեց համապատասխան արձանագրությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ՝ նշելով՝ իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն։ Երեկ կառավարության նիստի ժամանակ գործադիրի ղեկավարն ընդգծեց՝ Խաչատրյանը առաջադրվել է նախագահի թեկնածու 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի այդ պաշտոնում։

Առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Առաջին փուլում իշխանական խմբակցությունը ընդդիմության կարիքն ունի, բայց նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր կան, որտեղ իշխանական խմբակցությունը անհրաժեշտ ձայները միայնակ էլ կարող է ապահովել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG