Մատչելիության հղումներ

Պուտինը չի հաշվարկել Ուկրաինայի վրա հարձակման հետևանքները. Հովսեփ Խուրշուդյան


«Ազատության» հյուրը «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն է։

«Ազատություն». - Ի՞նչ է ուզում Ռուսաստանը։

Խուրշուդյան. - Ավելի ճիշտ կլինի քննարկենք, թե ինչ է ուզում Պուտինը։ Որովհետև այսօր ակնհայտ է, որ բոլոր որոշումները կայացվում են միանձնյա և նույնիսկ ձևական Անվտանգության խորհուրդը երբ որ հավաքում է, ակնհայտ է, որ իր ուզածը ուղղակի հալած յուղի տեղ բոլորը վախվորած վիճակներով ընդունում են։ Բայց ինքը ուզեց էդ ռազմահայրենասիրական, շովինիստական զգացողությունների վրա աշխատել, ոնց որ 2014 թվին աշխատեց և իր մոտ ստացվեց, բայց ինքը չհաշվարկեց, որ հիմա լրիվ իրավիճակը այլ է։ Եթե Ղրիմում կարելի էր խաղաղ մտնել, առանց պատերազմի, և մանավանդ, որ Ղրիմը երկար ժամանակ ռուսները ընկալում էին որպես իրենց տարածք, ապա այսպես հարձակվել ուղղակի անկախ պետության վրա... ընդ որում, ուկրաինացի ժողովրդի վրա, որը փաստորեն բավականին լավ է ընկալվում Ռուսաստանում, այնուամենայնիվ որպես եղբայրական ժողովուրդ է ընկալվում, դա լրիվ այլ ազդեցություն է թողնելու; Ինքը դա չի հաշվարկել։ Ընդհանրապես ինքը, իր վերլուծաբանները, իր փորձագետները սկսել են վատ հաշվարկել վերջին շրջանում, և դա կոռումպացված պետության տիպիկ հետևանքներից է՝ այդ իմպերիալիստական նկրտումները, դրսևորումները, որպեսզի շահի իր բնակչության, համենայն դեպս բնակչության մեծամասնության, իսկ, ցավոք սրտի, Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը դեռ տոգորված է այդ ծավալապաշտական, շովինիստական զգացողություններով։ Նաև մի տեսակ կարոտախտ է ապրում կորսված հզորության, իմպերիայի՝ ի դեմս Սովետական Միության։ Պատահական չի, որ ինքը հատուկ շեշտում է, որ Սովետական Միությունը դա ընդամենը Ռուսաստանի կայսրություն էր, դա Ռուսաստան էր, անունն էր ուղղակի Սովետական Միության;

«Ազատություն». - Հիմա բանակցություններ են ընթանում։ Մոսկվայի ծրագիր մաքսիմումը ո՞րն է, ձեր կարծիքով։

Խուրշուդյան. - Որևէ բանական վերլուծություն չի կարող տեսանելի դարձնել արդյո՞ք Ռուսաստանը հույս ուներ, որ ասենք գրավելով Ուկրաինան, կարող է պահել ինչ-որ երկար ժամանակ... Հիմա համատարած ատելություն կա ուկրաինական ժողովրդի մոտ, նույնիսկ էն մարդկանց մոտ, ովքեր պրոռուսական հակումներ ունեին։ Իրենց վրա հարձակվել են, իրենց վրա ռումբեր են նետում։ Ատելություն կա, ջղայնություն կա Ռուսաստանի հանդեպ որպես ագրեսորի։ Ո՞նց ա կարողանալու 45 միլիոնանոց ժողովրդին պահել նման մեխանիզմներով։ Ամեն դեպքում, ինչքան ժամանակը երկար տևի, և էս սանկցիոն ռեժիմները գնալով ավելանան, և ավելանալուց հետո հետ չեն շրջելու, որովհետև աշխարհը նաև հասկացել է, Արևմուտքում արդեն որոշում է կայացված, որ Պուտինը պետք է չլինի որպես երկրի ղեկավար։

Հարցազրույն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG