Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:27 13.7.2022

Հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնությունների ձեռքբերումը դեռ հեռու է, երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այսօր Ստամբուլում հանդիպում են՝ քննարկելու ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման հարցը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ նախարարության պատվիրակությունն ավելի վաղ այցելել է Մոսկվա և Կիև, և հանդիպումները «դրական արդյունքներ են տվել»։

Օրերս Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար ծովային միջանցքների ստեղծման հարցը քննարկել են Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները. Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին զանգահարել է Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն։

16:29 13.7.2022

Գերմանիայի իշխանությունները որոշել են օգոստոսի 1-ից ամբողջությամբ դադարեցնել ռուսական ածխի գնումը, իսկ դեկտեմբերի 31-ից հրաժարվել նաև ռուսական նավթից։ Այդ մասին այսօր հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կանցլեր Օլաֆ Շոլցի տնտեսական օգնական Յորգ Կուկիսին։

Կուկիսը նաև նշել է, որ այժմ իր երկրի համար առանցքային և շատ դժվար խնդիր կլինի ռուսական գազից հրաժարվելուց հետո այլ լուծումներ գտնելը։

16:33 13.7.2022

Ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկը ուկրաինական կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով անցած անցած գիշեր մի շարք պայթյուններ են տեղի ունեցել՝ հանգեցնելով խոշոր հրդեհների։

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քաղաքին հարվածները հասցվել են ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգից, թիրախավորվել է մասնավորապես Լուգանսկի ռազմաօդային պաշտպանության զորամասը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Կիևն առայժմ չի արձագանքել այս մեղադրանքներին:

Վերջին շաբաթներին, ըստ տեղից ստացվող տեղեկությունների, Ուկրաինայի զինուժը սկսել է ավելի հաճախ հարվածներ հասցնել ռուսական զորքերի թիկունքում գտնվող թիրախներին։ Ամենահզոր հարվածներից մեկը երկուշաբթի գիշերը հասցվել է Խերսոնի շրջանի Նովայա Կախովկային. Ռուսաստանի կողմից վերահսկվող տեղական վարչակազմը հայտարարել է 7 զոհի և մեծ ավերածությունների մասին:

16:34 13.7.2022

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը չի օգնում Ուկրաինայի պատերազմի կողմերից ոչ մեկին։

Իտալական La Reppublica թերթին տված հարցազրույցում իրանական դիվանագիտության ղեկավարն այդկերպ արձագանքել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությանը, որի համաձայն՝ Իրանը պատրաստվում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարել։

Աբդոլահիանն ընդգծել է՝ Թեհրանը խուսափում է ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել Ուկրաինայում իրավիճակի հետագա սրմանը, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի մատակարարումից:

08:19 14.7.2022

Պաշտոնական Փհենյանը ճանաչել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության անկախությունը, հայտարարել է Ուկրաինայից անջատված շրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը։

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի դեսպան Սին Հոն Չհոլը «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» դեսպան Օլգա Մակեևային է հանձնել ճանաչման մասին հյուսիսկորեական կառավարության պաշտոնական որոշումը։

Նույն օրը՝ հուլիսի 13-ին քիչ ավելի ուշ հաղորդվեց, որ Հյուսիսային Կորեան ճանաչել է նաև Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության անկախությունը:

Այդ քայլերին ի պատասխան՝ Ուկրաինան հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Հյուսիսային Կորեան, որը համարվում է աշխարհի ամենափակ և անազատ երկրներից մեկը, դարձավ ՄԱԿ-ի անդամ երրորդ պետությունը՝ Ռուսաստանից և Սիրիայից հետո, որը ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը։

16:34 14.7.2022

Երեկ Ստամբուլում չորս կողմերի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պաշտոնյաների միջև բանակցությունների արդյունքում Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով առաջին կարևոր քայլն է արվել՝ պայմանավորվածություն կա ստեղծելու երթուղիների անվտանգությունը համակարգող կենտրոն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի հաջորդ շաբաթ՝ կրկին Ստամբուլում կայանալիք հաջորդ հանդիպմանը։

Աքարը հայտնել է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են համատեղ հսկողություն իրականացնել՝ նավահանգիստներում հացահատիկի փոխադրումները ստուգելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է երեկ կայացած բանակցությունների արդյունքը՝ ասելով, որ կարևոր և նշանակալից քայլ է արվել համապարփակ համաձայնագրի ուղղությամբ՝ վերսկսելու ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով։ «Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ մենք կարող ենք վերջնական համաձայնության գալ: Բայց, ինչպես ասացի, մեզ դեռ պետք է շատ բարի կամք և պարտավորություններ բոլոր կողմերից», - լրագրողներին ասել է Գուտերեշը:

16:36 14.7.2022

Եվրամիությունը պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը, սակայն այն չի ներառի ռուսական գազի մատակարարման սահմանափակումներ, քանի որ ԵՄ անդամ շատ երկրներ չեն կարողանա արագ հարմարվել դրանց, Reuters-ին ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Նրա խոսքով` պատժամիջոցները, որոնք այժմ վերջնական տեսքի են բերվում ԵՄ գործադիր մարմնի կողմից, կներառեն ռուսական ոսկու ներմուծման արգելք, Ռուսաստան արտահանումն արգելված երկակի նշանակության ապրանքների ցանկի ընդլայնում, և ուղղված կլինեն ավելի շատ անհատների դեմ:

Եվրահանձնաժողովը պետք է փաթեթը ներկայացնի առաջիկա օրերին, անդամ երկրները կարող են այն հաստատել անմիջապես դրանից հետո, ասել է Ֆիալան։

Չեխերն անում են ամեն ինչ, որպեսզի նվազեցնեն կախվածությունը ռուսական էներգիայից, բայց դա տեղի չի ունենա այս ձմռանը, նաև ասել է Չեխիայի վարչապետը:

Հուլիսի 1-ից Եվրամիությունում նախագահող Չեխիան մինչև Ուկրաինայում պատերազմը գազի 40 տոկոսը ստանում էր Ռուսաստանից։

16:38 14.7.2022

Եվրամիությունը հայտարարել է, որ Լիտվան պետք է թույլատրի Ռուսաստանին երկաթուղով բեռնափոխադրում իրականացնել երկրի հիմնական տարածքի և Կալինինգրադի մարզի միջև:

Եվրահանձնաժողովի երեկ հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ԵՄ տարածքով դեպի Կալինինգրադի մարզ ապրանքների տարանցման արգելքը վերաբերում է միայն ավտոմոբիլային տրանսպորտին, ապրանքները կարող են փոխադրվել երկաթուղով, թեև՝ «անհրաժեշտ վերահսկողությամբ»։ Ռազմական բեռների, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների փոխադրումն արգելված է տրանսպորտի բոլոր տեսակներով։

Միացյալ Նահանգները ողջունում է ԵՄ հայտարարությունը։ «Կարևոր է նշել, որ Կալինինգրադի այսպես կոչված «շրջափակում» այժմ չկա և չի եղել», - իր հայտարարությունում ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

16:39 14.7.2022

Ռուսական զորքերի կողմից գրավված Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքը երեկ երեկոյան կրկին հրետակոծության է ենթարկվել։ Շրջանի ռուսամետ իշխանությունները հայտնել են, որ թիրախավորվել է ռուսական զինված ուժերի զինամթերքի պահեստը։

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական զինուժը հրթիռային հարված է հասցրել «Սոկոլ» սարքաշինական գործարանի տարածքին։ Խերսոնի ռուսամետ վարչակազմի փոխանցմամբ` ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինացի զինվորականների կողմից Նիկոլաևի շրջանի Բաշտանկա քաղաքից արձակված հինգ հրթիռ։ Դրանցից երկուսի բեկորներն ընկել են Նովայա Կախովկայի «Սոկոլ» գործարանի մոտ։ Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Telegram-ի ալիքները հրապարակել են պայթյունների տեսանյութեր, որոնք, ինչպես վստահեցնում են հրապարակումների հեղինակները, տեղի են ունեցել Նովայա Կախովկայում։

16:41 14.7.2022

Ուկրաինայի կենտրոնական շրջանում գտնվող Վիննիցա քաղաքի հրթիռակոծության հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ավելի քան 20 մարդ վիրավորվել է, հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսաստանյան ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ են հասցվել մի շարք շինությունների, այրվել են տարածքում կայանված տասնյակ տասնյակ մեքենաներ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG