- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման ֆոնին Գերմանիայում սահմանվել է երկրորդ աստիճանի վթարային պլան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
Վթարային պլանի առաջին աստիճանը՝ վաղ նախազգուշացման ռեժիմը, հայտարարվել է մարտի վերջին՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։ Տագնապային ռեժիմի երկրորդ մակարդակն ակտիվանում է գազի մատակարարման ընդհատման կամ գազի չափազանց մեծ պահանջարկի դեպքում: Միաժամանակ, այս փուլում ենթադրվում է, որ շուկան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել այդ խնդիրները՝ առանց ոչ շուկայական բնույթի միջոցներ ձեռնարկելու։
Արդեն մեկ տարի է, ինչ Ռուսաստանը աստիճանաբար կրճատում է գազի մատակարարումները ԵՄ, սակայն այս շաբաթ դրանք իջել են տասնամյակների ընթացքում աննախադեպ մակարդակի։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուս-բելառուսական ՀՕՊ համակարգը անհապաղ ամրապնդման կարիք ունի։
«Հանգամանքները թելադրում են հրատապ համատեղ միջոցներ ձեռնարկել Միութենական պետության պաշտպանունակության ամրապնդման, զորքերի խմբավորումների մարտունակության բարձրացման և ՀՕՊ-ի միասնական տարածաշրջանային համակարգի համար», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Մոսկվայում բելառուս պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է նախարար Շոյգուն։
Ռուսաստանյան ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այսօր այդ հարցն ավելի ու ավելի արդիական է դառնում, և Մոսկվան պատրաստ է «ցանկացած աջակցություն ցուցաբերել բելառուս ընկերներին»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության առաջնորդները Բրյուսելում շարունակվող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինային և Մոլդովային դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ են շնորհել, երեկ երեկոյան հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Համաձայնություն: Եվրոպական խորհուրդը հենց նոր որոշեց ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային: Պատմական պահ է: Այսօր դուք կատարել եք ամենակարևոր քայլը դեպի Եվրամիություն ճանապարհին», - Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ շնորհավորելով Ուկրաինայի ու Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիին և Մայա Սանդուին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրամիության առաջնորդները Բրյուսելում գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են, որ դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային, միևնույն ժամանակ ուժեղացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պատերազմը դադարեցնելու համար։ Դա արձանագրված է Եվրամիության 27 երկրների ղեկավարների կողմից երեկ Բրյուսելում ընդունված եզրակացությունում։
«Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն է՛լ ավելի է մեծացնում ճնշումը Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայի դեմ պատերազմը: [...] Պատժամիջոցների հետ կապված աշխատանքը կշարունակվի...: Եվրոպական խորհուրդը կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես՝ թեկնածու երկրներին, միանալ ԵՄ պատժամիջոցներին», - ասված է հայտարարության մեջ։
Եվրամիությունը նաև մինչև այս տարվա վերջ Ուկրաինային կտրամադրի մինչև 9 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն։ Միության երկրները կշարունակեն ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
«Եվրամիությունը հաստատակամորեն հավատարիմ է հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելուն՝ օգնելու Ուկրաինային իրացնել ռուսական ագրեսիայի դեմ ինքնապաշտպանության իր անօտարելի իրավունքը և պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - ասված է փաստաթղթում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի կառավարության Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գրասենյակի ղեկավար Նատալյա Ֆորսյուկի խոսքով՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ակնկալվող ժամկետը 2029 թվականն է։
«Ավելի շուտ դա քիչ հավանական է, քանի որ հսկայական քանակությամբ օրենսդրություն պետք է ընդունվի և ուժի մեջ մտնի: Մենք պետք է ապրենք եվրոպական օրենքներով», - ասել է Ֆորսյուկը:
Պաշտոնյան նաև հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նախապատրաստման շուրջ բանակցությունների մեկնարկը սպասվում է հաջորդ տարվա սկզբին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայն ուրբաթ առավոտյան գրել է, որ ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել Սևերոդոնեցկը։
«Ցավոք, մենք ստիպված կլինենք դուրս բերել մեր զինվորականներին Սևերոդոնեցկից, քանի որ անիմաստ է լինել ջախջախված դիրքերում. զոհերի թիվն աճում է», - գրում է Գայդայը։
Ըստ շրջվարչակազմի ղեկավարի՝ Սևերոդոնեցկում, որը ռուսներն ամեն օր ռմբակոծում են արդեն չորս ամիս, շենքերի 90 տոկոսը ավերվել կամ վնասվել է։
Բացի այդ, Գայդայը հայտնել է, որ ռուսները գրավել են նաև Նիկոլաևկա գյուղը՝ Լիսիչանսկի հարավ-արևմուտքում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսական ուժերի կողմից հրթիռակոծվել է Խարկովի պոլիտեխնիկի մարզասրահը։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնում են, որ մարզասրահի վրա երկու հրթիռ է արձակվել։ Պայթյուններն ու բռնկված հրդեհը ամբողջովին ավերել են շենքը։ Տուժածների մասին հաղորդագրություններ չկան։
Ուկրաինացի զինվորականի փոխանցմամբ` ամբողջ գիշերը ռուսական ուժերը հրետակոծել են Խարկովը Բելգորոդի շրջանից։ Դատելով մարզասրահի ավերածությունների բնույթից `«Իսկանդեր» տեսակի հրթիռեր են արձակվել։
Մարզասրահի աշխատակից Ալեքսեյ Յուշկոյի խոսքերով` այնպիսի զգացողություն է, ասես իր սեփական տունն է հրթիռակոծվել։ «Ես կառուցել եմ այս համալիրը մյուս ուսուցիչների հետ, ուստի ինձ համար դժվար է խոսելը»,- ասել է նա` հույս հայտնելով, որ պատերազմից հետո ամեն ինչ կվերականգնվի:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի զինված ուժերի այսօր առավոտյան տարածած հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա Սևերոդոնեցկի մարտերի մասին։ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները այսօր առավոտյան հաղորդել են ռուսական ուժերի կողմից առաջնագծից հեռու գտնվող երկրի մի քանի շրջանների հրթիռակոծությունների մասին։ Խոսքը մասնավորապես Ժիտոմիրի, Լվովի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի շրջանների մասին է։
Ծանր հրթիռակոծությունները, ըստ տեղերից ստացվող պաշտոնական հաղորդումների, անցած գիշեր իրականացվել են գրեթե միաժամանակ։ Հիմնական ռազմական գործողությունները ընթանում են Լուգանսկի և Դոնեցկի մարզերում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լուգանսկի շրջանի արևմուտքում գտնվող Գորսկոյե և Զոլոտե գյուղերի տարածքում ուկրաինական զորքերի խմբի շրջափակման մասին։ Կիևը չի հաստատել է այդ տեղեկատվությունը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինացի զինվորականները գրեթե ամբողջությամբ լքել են Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկ քաղաքը, այս մասին այսօր հայտարարել է քաղաքապետ Ալեքսանդր Ստրյուկը։
Այն, որ ուկրաինացի զինվորականները հրաման են ստացել նահանջել ավելի ամուր դիրքեր, ավելի վաղ հայտնել էր Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի հայտարարել քաղաքի գրավման մասին։ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն է հայտարարել, որ Սևերոդոնեցկի արդյունաբերական գոտին ու օդանավակայանն անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինացի զինվորականները գրեթե ամբողջությամբ լքել են Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկ քաղաքը, այս մասին երեկ հայտարարել է քաղաքապետ Ալեքսանդր Ստրյուկը։
Այն, որ ուկրաինացի զինվորականները հրաման են ստացել նահանջել ավելի ամուր դիրքեր, ավելի վաղ հայտնել էր Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։