Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

13:02 26.6.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Պետքարտուղարությունը նշել է, որ Բլինքենն ու Չավուշօղլուն խոսել են նաև «Ուկրաինային շարունակական աջակցության մասին»։

13:02 26.6.2022

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ասել է, որ Ռուսաստան և Ուկրաինա իր խաղաղապահ առաքելության այցի ընթացքում մտադիր է հրավիրել երկու երկրների առաջանորդներին` Պուտինին և Զելենսկուն «երկխոսության համար տարածք բացել»:

Ինդոնեզիայի նախագահի այցերը Ուկրաինա և Ռուսաստան տեղի կունենան հունիսի 29-ին և 30-ին։

Գերմանիա` «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու համար մեկնումից առաջ նա նշել է, որ այնտեղ կոչ է անելու լուծումներ գտնել համաշխարհային պարենային ու էներգետիկ ճգնաժամին:

13:03 26.6.2022

Ռուսական զորքերը կիրակի առավոտյան հրթիռակոծել են Կիևը։ Մասամբ ավերվել է ինը հարկանի շենք Շևչենկովսկի շրջանում: Հաղորդվում է մեկ զոհի և տուժածների մասին։

Փլատակների տակ կարող են մարդիկ լինել, ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ընդհանուր առմամբ, Կիևի Շևչենկովսկի շրջանում չորս պայթյուն է որոտացել: Այս տարածքը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքի գրեթե կենտրոնում։

15:15 26.6.2022

«Մեծ յոթնյակի» չորս երկրներ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան, շուտով կարգելեն ռուսական ոսկու ներկրումը որպես ավելի կոշտ պատժամիջոցների մաս՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժման Ուկրաինա: Այս մասին Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի մեկնարկման օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ G7-ի բոլոր երկրները համաձայնել են արգելել Ռուսաստանից ոսկու ներկրումը (բացի վերը նշվածներից, այն ներառում է Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան-խմբ.)։ Արգելքին նրանց միանալու մասին դեռևս չի հաղորդվում: Կիրակի օրը ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ գագաթնաժողովի արդյունքը, ինչպես ակնկալվում է, կլինի «Մեծ յոթնյակի» երկրների համատեղ որոշումը ռուսական ոսկու նկատմամբ էմբարգոյի վերաբերյալ։

Ըստ Ջոնսոնի՝ արգելքը հարվածելու է ռուս օլիգարխներին, ովքեր վերջերս իրենց ակտիվները վերածել են ոսկու, և «Պուտինի ռազմական մեքենային»։

Հայտարարության մեջ նշվում է, որ անցյալ տարի ոսկու արտահանումը Ռուսաստանի տնտեսությանը բերել է ավելի քան 15 մլրդ դոլար։

Արգելքը չի ազդի Ռուսաստանից արդեն համաշխարհային շուկա առաքված ոսկու վրա։

19:50 26.6.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պայմանավորվել են մեծացնել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ջանքերը։

Բացի այդ, առաջնորդները պայմանավորվել են շարունակել և ամրապնդել Լոնդոնի և Փարիզի միջև սերտ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը և անվտանգությունը:

Ջոնսոնի և Մակրոնի հանդիպումը տեղի է ունեցել G7-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հունիսի 26-28-ը Բավարիայում։

19:51 26.6.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հիշեցրել է Ռուսաստանին դիմակայելու համար Արևմուտքի միասնության պահպանման կարևորությունը։

«Մենք պետք է միասնական մնանք», - ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը, ով Բավարիայում է` G7-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Բայդենի խոսքով՝ Մոսկվան հույս ուներ, որ արևմտյան երկրները չեն կարողանա խուսափել տարաձայնություններից։ «Սակայն դա չի եղել և չի լինելու»,- հավելել է նա։

08:41 27.6.2022

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Մեծ յոթնյակի հռչակագրի նախագծում ասվում է․ աշխարհի ամենազարգացած երկրները Ուկրաինային ռազմական, հումանիտար, դիվանագիտական աջակցություն կտրամադրեն այնքան, որքան անհրաժեշտ է։

08:44 27.6.2022

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մտադիր է այցելել Ռուսաստան և Ուկրաինա։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վիդոդոն իր այցն անվանում է «խաղաղապահ առաքելություն» և մտադիր է կոչ անել երկու երկրների նախագահներին հնարավորություն ստեղծել երկխոսության համար։ Ինդոնեզիայի նախագահն ասիական առաջին ղեկավարն է, ով այցելելու է Ռուսաստան և Ուկրաինա ռազմական գործողությունների սկսվելուց հետո:

16:16 27.6.2022

Միացյալ Նահանգները ծրագրում է այս շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար միջին և մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության արդիական համակարգեր գնելու մասին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով Գերմանիայում մասնակցում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, վերջերս հաստատել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք:

Ուկրաինայի նախագահն Արևմուտքին կոչ է արել հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային:

«Մեզ անհրաժեշտ է հզոր հակաօդային պաշտպանություն՝ ժամանակակից, լիովին արդյունավետ, որը կարող է ապահովել ամբողջական պաշտպանություն այդ հրթիռներից: Մենք այդ մասին ամեն օր խոսում ենք գործընկերների հետ», - երեկ երեկոյան իր հեռուստաուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին:

16:19 27.6.2022

Ակնկալվում է, որ այսօր կայանալիք G7-ի գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաշխարհային առաջնորդներին կոչ կանի՝ հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ուկրաինայից հիմնական սննդամթերքի արտահանումը, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:

Ռուսաստանի կողմից ուկրաինական խոշոր նավահանգիստների շրջափակումը և այլ լուրջ կառուցվածքային խնդիրներ, որոնք առաջացել են ռուսական ներխուժման հետևանքով, այս տարի հանել են ուկրաինական արտադրանքը համաշխարհային շուկայից:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինան մատակարարում է համաշխարհային ցորենի 10 տոկոսը, եգիպտացորենի 12-17 տոկոսը, արևածաղկի ձեթի կեսը։ 25 միլիոն տոննա եգիպտացորեն և ցորեն չի կարող արտահանվել և ներկայումս ուկրաինական պահեստներում փտելու վտանգի տակ է: Այս խնդիրը հուլիսյան բերքահավաքի հետ կապված կտրուկ կսրվի։

Ռուսաստանի գործողությունների հետևանքով բարձրացրել են գները մի շարք երկրներում, նաև Մեծ Բրիտանիայում, թեև Մեծ Բրիտանիան ուղղակիորեն կախված չէ ուկրաինական հացահատիկի արտահանումից:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG