Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:11 7.6.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է 61 ԱՄՆ քաղաքացու նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակված է նախարարության կայքէջում։

Պատժամիջոցների տակ հայտնված քաղաքացիների ցուցակում ներառված են Միացյալ Նահանգների մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ երկու նախարարությունների ղեկավարներ՝ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը։
14:13 7.6.2022

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Սևերոդոնեցկում անհավասար մարտեր են ընթանում, ուկրաինական զորքերն այդտեղ հաջողության հասնելու իրական շանսեր ունեն։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է երկուշաբթի ուշ երեկոյան Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իրադրությունն արևելքում, մասնավորաբար՝ Սևերոդոնեցկում, բարդ է։ Մենք, սակայն, դիմանում ենք։ Ռուսական ուժերն ավելի ուժեղ են, քանակական առումով ևս նրանք մեզ գերազանցում են։ Չնայած այդ ամենին՝ ես կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ [հաջողությամբ] պայքարելու բոլոր շանսերն ունենք», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը։

14:50 7.6.2022

Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկզբից ի վեր գերեվարված ուկրաինացի զինվորականների թիվը գերազանցում է 6 հազարը։ Այսօր Մոսկվայում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Գերեվարված ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 6 հազար 489-ի։ Վերջին հինգ օրերին գերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 126 զինծառայող», - ասել է Շոյգուն։

14:53 7.6.2022

Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում կենսական ենթակառույցների աշխատանքը խափանված չէ, վստահեցրել է Սերգեյ Շոյգուն:

«Մարիուպոլի և Բերդյանսկի նավահանգիստները պատրաստ են սկսել հացահատիկի առաքումները։ Բնականոն կերպով է աշխատում նաև Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժիեի ատոմակայանը», - նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

14:58 7.6.2022

«Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Խերսոնի և Զապորոժիեի մարզերի կարգավիճակի շուրջ Ուկրաինայի հետ քննարկումներից», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն Ռուսաստանի իշխանությունները Կիևի հետ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում այս երկու մարզերի պատկանելության հարցին չեն անդրադառնալու։

«Դա այդպես չէ, դա սխալ տեղեկատվություն է», - լրագրողների հետ զրույցում այսօր նշել է Պեսկովը։

18:51 7.6.2022

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Կիևին զենքի մատակարարումների առումով Գերմանիան աշխարհի առաջատարներից մեկն է։ «Քչերն են Ուկրաինային այնքան սպառազինություն տրամադրել, որքան Գերմանիան», - հայտարարել է դաշնային կառավարության ղեկավարը Լիտվա կատարած այցի ընթացքում։

«Գերմանիան Ուկրաինայի գլխավոր աջակիցներից մեկն է։ Որևէ մեկը մեր չափ զենք ուկրաինացիներին չի տրամադրել։ Կան, իհարկե, որոշ երկրներ, որոնք ավելին են անում, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, սակայն Գերմանիան ևս մեծածավալ ներդրում ունի այս գործում։ Մենք Ուկրաինային հակատանկային սպառազինություն, հակաօդային պաշտպանության համակարգեր, մեծ ծավալի զինամթերք ենք տրամադրել», - հայտարարում էր Օլաֆ Շոլցը։

07:47 8.6.2022

«Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անարգել առաքման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա», - Reuters գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բանակցությունները «շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ շարունակվում են»:

Bloomberg գործակալությունը, սեփական աղբյուրները վկայակոչելով, հաղորդել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան Օդեսայի նավահանգստից ուկրաինական հացահատիկի առաքումների կազմակերպման շուրջ նախնական պայմանավորվածությունների էին հանգել։ Bloomberg-ի տեղեկություններով, սակայն, ուկրաինական իշխանությունները Մոսկվայի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ընդունել են «առանց ոգևորության»։

07:50 8.6.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելում է Թուրքիա։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն` Անկարայում Լավրովը բանակցություններ կանցկացնի իր թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ։

«Նախարարները տեսակետներ կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի, ներկա վիճակի, ինչպես նաև ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարների շուրջ», - նշված է հաղորդագրությունում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լավրովն ու Չավուշօղլուն այլ թեմաների շարքում անդրադառնալու են նաև Անդրկովկասում ստեղծված կացությանը։

15:11 8.6.2022

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, թե Վաշինգտոնն անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում՝ Կիևին տրամադրելով հեռահար հրետանային համակարգեր՝ չնայած էսկալացիայի վտանգին։

«Հիմնական ռիսկը հակամարտության սրումն է, եթե Ուկրաինայի զինված ուժերն օգտագործեն այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածելու համար: Սա հղի է անկանխատեսելի հետևանքներով», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

15:14 8.6.2022

Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից ի վեր Ուկրաինայում առնվազն 4 հազար 253 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 272-ը՝ երեխա։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նոր զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ևս 5 հազար 141 քաղաքացիական անձ վիրավորվել է։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG