- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ նախազգուշացրել է, որ աշխարհի շատ երկրներում զանգվածային սովը և թերսնուցումը կարող է երկարաձգվել մի քանի տարի, եթե այժմ քայլեր չձեռնարկվեն համաշխարհային պարենային ճգնաժամին վերջ տալու համար:
Գուտերեշը ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման կոչ է արել Ռուսաստանին:
Ուկրաինայում աճեցվում է ցորենի համաշխարհային պաշարների 12 տոկոսը, եգիպտացորենի 15 տոկոսը, արտադրվում է արևածաղկի ձեթի 50 տոկոսը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նոր զեկույցում հայտնում է, որ իր հաշվարկներով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր արդեն մահացել է 3 հազար 778 խաղաղ բնակիչ, 4 հազար 186 խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Զոհվածների թվում 251 երեխա է, վիրավորների թվում՝ 382 երեխա։
ՄԱԿ-ն ամեն անգամ շեշտում է, որ հնարավոր է՝ այդ տվյալները թերի են, և իրականում Ուկրաինայում շատ ավելի շատ խաղաղ բնակիչներ են զոհվել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների Սենատը միաձայն հավանություն է տվել Բրիջիթ Բրինքի նշանակմանը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որում նրան առաջադրել է նախագահ Ջո Բայդենը։
Շուտով դեսպանը երդում կտա, իսկ հունիսին աշխատանքի կանցնի Կիևում։
2019 թվականից Բրիջիթ Բրինքը ղեկավարում էր Սլովակիայում ԱՄՆ դեսպանատունը։ 2011-ից մինչև 2015 թվականը Բրինքը Միացյալ Նահանգների փոխդեսպանն էր Ուզբեկստանում, ապա՝ Վրաստանում։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր 2019 թվականի մայիսից հետո։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանը երեկ հայտարարել է 27 իսպանացի դիվանագետների արտաքսման մասին: Մոսկվան պարզաբանել է, որ այդ քայլը պատասխան է ապրիլին Իսպանիայից ռուսաստանցի դիվանագետների արտաքսմանը:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր տասնյակ ֆրանսիացի և իտալացի դիվանագետների արտաքսման մասին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Գերմանիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը, որի քննարկման հիմնական թեման Ուկրաինային ֆինանսական աջակցությունն է։
«Ես բավականին լավատես եմ, որ մենք կկարողանանք G7-ի այս հանդիպման ժամանակ ֆինանսական հոսքեր ներգրավել, ինչը թույլ կտա Ուկրաինային պաշտպանվել հաջորդ ամիսների ընթացքում», - ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։
Գերմանացի նախարարի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է օգնություն «երկնիշ թվով միլիարդավոր եվրոների տեսքով»:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ սկսել է գրանցել ուկրաինացի հարյուրավոր զինվորականների անունները, որոնք ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք են տեղափոխվել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից։
«Վերջին երկու օրվա ընթացքում մենք գրանցել ենք հարյուրավոր ռազմագերիների, որոնք լքել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը։ Ռազմագերիների գրանցումը մեր աշխատանքի կարևոր մասն է։ Ծայրաստիճան կարևոր է նրանց նկատմամբ մարդկային և արժանապատիվ վերաբերմունքի ապահովումը», - Թվիթերում տեղադրած հաղորդագրությունում հայտարարել է միջազգային կառույցը:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն այսօր հայտարարել է, որ մայիսի 16-ից «Ազովստալ»-ից «հանձնվել է» շուրջ 1700 ուկրաինացի զինվորական, գործարանի տարածքում գտնվող ևս հարյուրավոր մարդկանց ճակատագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Աերոֆլոտ», «Ռոսիա» և «Ուրալ ավիաուղիներ» ավիաընկերությունների դեմ։ Այս ավիաընկերություններն այժմ չեն կարողանա վաճառել իրենց չօգտագործված նստելատեղերը բրիտանական օդանավակայաններում, ինչի արդյունքում Ռուսաստանը կկորցնի ավելի քան 62 միլիոն դոլարի շահույթ, ասվում է փաստաթղթում։
«Քանի դեռ Պուտինը շարունակում է իր բարբարոսական հարձակումը Ուկրաինայի վրա, մենք կշարունակենք հարվածել ռուսական տնտեսությանը։ Մենք արդեն փակել ենք մեր օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանք չկարողանան կանխիկացնել իրենց եկամտաբեր նստելատեղերը մեր օդանավակայաններում։ Յուրաքանչյուր տնտեսական պատժամիջոց ամրապնդում է Պուտինին ուղղված մեր հստակ ուղերձը՝ մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Ուկրաինան կարող է անհետանալ, եթե դադարի ընդդիմանալ Ռուսաստանին։ «Եթե Ռուսաստանը վաղը դադարեցնի մարտերը, պատերազմը կավարտվի։ Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլևս չի լինի», - ասել է նա։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած պարենային ճգնաժամին էր նվիրված։ ՄԱԿ-ը ահազանգում է՝ Ուկրաինայում ճգնաժամը կարող է սովի մատնել 47 միլիոն մարդու։ Միացյալ Նահանգները դրանում ռուսական կողմին է մեղադրում՝ պնդելով, թե Մոսկվան պարենային ճգնաժամն օգտագործում է որպես սպառնալիք իր նպատակներին հասնելու համար։
Միացյալ Նահանգների պետքարտուղարը շեշտել է, որ պարենային ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի տարածքից ցորենի արտահանման միջանցքներ ստեղծել։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Երեկ ամերիկացի սենատորները կողմ են քվեարկել Ուկրաինային 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագծին։ Նախագահ Ջոզեֆ Բայդենը շեշտել է. Կոնգրեսը, հավանություն տալով նման օգնությանը, «աշխարհին հստակ ազդանշան է ուղարկել»՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ միասին «պաշտպանում է ժողովրդավարությունն ու ազատությունը»։
Բայդենի գրավոր հայտարարությունում նշված է նաև, որ ԱՄՆ-ն արդեն պատմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում և մտադիր է արագացնել լրացուցիչ զենքի և սարքավորումների մատակարարումը: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ օգնությունը կներառի մարտի դաշտում արդեն արդյունավետ օգտագործվող հրետանի և այլ սարքավորումներ:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու պատմական որոշմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Երեկ Բայդենն ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը շրջադարձային են եվրոպական անվտանգության մեջ, և մայրցամաքի հյուսիսում գտնվող երկրների միացումը կամրապնդի ամբողջ դաշինքի դիրքերը։
«Ես ուղիղ կասեմ՝ ՆԱՏՕ նոր անդամների մուտքը վտանգ չի ներկայացնում ոչ մի երկրի համար: ՆԱՏՕ-ի նպատակը ագրեսիայից պաշտպանվելն է», - ընդգծել է ԱՄՆ նախագահը: