Մատչելիության հղումներ

Բլինքեն. Եթե Ռուսաստանը վաղը կանգ առնի, պատերազմը կդադարի, եթե Ուկրաինան՝ այդ երկիրն այլևս չի լինի


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, արխիվ

Եթե Ուկրաինան դադարեցնի դիմադրությունը, Ուկրաինա այլևս չի լինի, ասում է Վաշինգտոնը և հայտարարում Ուկրաինային նոր, աննախադեպ մեծ օգնության մասին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Ուկրաինան կարող է անհետանալ, եթե դադարի ընդդիմանալ Ռուսաստանին։ «Եթե Ռուսաստանը վաղը դադարեցնի մարտերը, պատերազմը կավարտվի։ Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլևս չի լինի», - ասել է նա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած պարենային ճգնաժամին էր նվիրված։ ՄԱԿ-ը ահազանգում է՝ Ուկրաինայում ճգնաժամը կարող է սովի մատնել 47 միլիոն մարդու։ Միացյալ Նահանգները դրանում ռուսական կողմին է մեղադրում՝ պնդելով, թե Մոսկվան պարենային ճգնաժամն օգտագործում է որպես սպառնալիք իր նպատակներին հասնելու համար։

Միացյալ Նահանգների պետքարտուղարը շեշտել է, որ պարենային ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի տարածքից ցորենի արտահանման միջանցքներ ստեղծել։

Ճգնաժամը, այո, առաջացել է ռուս - ուկրաինական պատերազմի պատճառով, սակայն դրանում է մեղավոր է միայն Ռուսաստանը, պնդում է Վաշինգտոնը՝ միաժամանակ ավելացնելով ռազմական օգնությունը Կիևին։

Երեկ ամերիկացի սենատորները կողմ են քվեարկել Ուկրաինային 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագծին։ Նախագահ Ջոզեֆ Բայդենը շեշտել է. Կոնգրեսը, հավանություն տալով նման օգնությանը, «աշխարհին հստակ ազդանշան է ուղարկել»՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ միասին «պաշտպանում է ժողովրդավարությունն ու ազատությունը»։

Բայդենի գրավոր հայտարարությունում նշված է նաև, որ ԱՄՆ-ն արդեն պատմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում և մտադիր է արագացնել լրացուցիչ զենքի և սարքավորումների մատակարարումը: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ օգնությունը կներառի մարտի դաշտում արդեն արդյունավետ օգտագործվող հրետանի և այլ սարքավորումներ:

XS
SM
MD
LG