- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Նիժնի Նովգորոդում, «Վալդայ» ակումբի կազմակերպած համաժողովում, ասել է, որ Կիևը չի մասնակցում բանակցային գործընթացին:
«Բանակցությունները չեն շարունակվում, Ուկրաինան գործնականում դուրս է եկել այդ գործընթացից, Կիևը չի պատասխանել Ռուսաստանի առաջարկած պայմանագրի նախագծին», - ասել է Ռուդենկոն:
Նա խոսել է նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային զենք գնելու համար ևս կես միլիարդ եվրո տրամադրելու Եվրամիության արտգործնախարարների որոշման մասին:
«Զենք գնելու համար ֆինանսական միջոցների տրամադրումը և բուն զենքի մատակարարումը ձգձգում են այս հակամարտության կարգավորումը, և այդ հանգամանքը մեր ղեկավարությունը բազմիցս է նշել»,- ասել է Ռուդենկոն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլը հայտարարել է, թե Մեծ յոթնյակը և Եվրոպական միությունը կդիմեն բացահայտ թալանի, եթե որոշեն Ռուսաստանի սառեցված պետական ակտիվները փոխանցել Ուկրաինային: Այդպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, ով ասել է, թե պատրաստ է քննարկել «ռուսական առգրավված պետական միջոցները Կիևին փոխանցելու և դրանցով Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորելու հնարավորությունը»:
«Ոչ ոք նման բան ռուսական կողմին կամ Կրեմլին չի ասել, և եթե լինի նման բան, ապա այդ որոշումը կլինի բացարձակ ապօրինի, աղաղակող և կպահանջի համապատասխան արձագանք, դա բացահայտ թալան կլինի»,- ասել է Պեսկովը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրատեսիլի մրցույթում հաղթած Kalush Orchestra ուկրաինական երաժշտական խումբը որոշել է մրցանակը ներկայացնել աճուրդի և վաճառքից ստացված գումարը փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը Վաշինգտոնի դաշնակիցներին կոչ է արել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը, նշելով, որ այսօրվա դրությամբ խոստացված գումարը թույլ չի տա հոգալ ռուսական ագրեսիայի ենթարկված երկրի կարիքները:
Նրա խոսքով, մեծ միջոցներ կպահանջվեն առանցքային նշանակության ծառայությունների աշխատանքը վերականգնելու և երկիրը վերակառուցելու համար: Դա կպահանջի աննախադեպ մեծ աջակցություն և մասնավոր ներդրումներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը թույլ չի տա, որ Ուկրաինայի զենքն ու տեխնիկան սպառվեն Դոնբասում ընթացող պատերազմի կարևոր պահին: Այդ մասին այսօր Եվրամիության պաշտպանության խորհրդի նիստում ասել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Հիմա պատերազմը կրիտիկական փուլում է, մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի զենքն ու զինամթերքը և տեխնիկան սպառվեն»,- ասել է Բորելը:
Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի փոխանցմամբ, միությունն ունի անհրաժեշտ կարողություններ զենքով Ուկրաինայի անդադար մատակարարման համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆինլանդիայի խորհրդարանն այսօր հավանություն է տվել ՆԱՏՕ-ին միանալու առաջարկին: Շվեդիայի խորհրդարանը երեկ է նման որոշում կայացրել: Վաղը երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտեր կներկայացնեն:
«Մենք վաղը միասին կներկայացնենք դիմումները»,- հայտնել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն, ով այսօր Ստոկհոլմում ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Պետական դուման կքննարկի Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից երկրի դուրս գալու հարցը: Այդ մասին հայտնել է «Պառլամենտսկայա գազետա» պարբերականը՝ հղում անելով Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյին:
«Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայի խորհրդից, հիմա եկել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ժամանակը, դրանք անտեսել են իրենց պարտավորությունները մեր երկրի նկատմամբ»,- ասել է փոխխոսնակը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլում ավերված ջրամատակարարման համակարգի պատճառով հնարավոր է վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, խոլերայի տարածում, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ Մարիուպոլում խոլերայի դեպքեր են գրանցվել 2011 թվականից առաջ, ուստի ԱՀԿ-ն պատրաստվում է նոր բռնկումների հնարավորությանը:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 3 հազար 752-ի, որոնցից 250-ը երեխաներ են։ Վիրավորվել է ավելի քան 4 հազար խաղաղ բնակիչ։
Հաղորդագրությունում նշված է, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ պատերազմական թեժ կետերից տեղեկատվությունը լիարժեք չէ, ուշ է ստացվում, որոշ տվյալներ ճշգրտելու կարիք է առաջանում։ Մասնավորապես Մարիուպոլի, Իզյումի և Պոպոսնայա բնակավայրում զոհվածների թվի մասին տվյալները դեռ ամբողջական չեն։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Կիևի դատարանում ռուսաստանցի զինծառայող Վադիմ Շիշիմարինը ընդունել է ուկրաինացի խաղաղ բնակչին սպանելու մեղքը։
Նրան սպառնում է ցմահ ազատազրկում ռազմական հանցագործություն կատարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա Շիշիմարինը փետրվարի 28-ին, Ուկրաինայի հյուսիս-արևելքում Չուպախիվկա գյուղում գլխին արձակած կրակոցներով սպանել է 62 տարեկան քաղաքացիական անձի։ Նա տեղում մահացել է։
Ուկրաինայի անվտանգության ծառայության տարածած տեսանյութում Շիշիմարինը պատմել է, որ իրենց շարասյունը կրակի տակ ընկնելուց հետո համածառայակիցների հետ մասնավոր ավտոմեքենա են գրավել։ Նրանք ճանապարհին հեծանվորդ են տեսել, ով խոսում էր հեռախոսով և ինքը հեծանվորդի վրա կրակելու հրաման է ստացել։ Նա չի ասել, թե ով է հրաման տվել։ Պարզ չէ նաև նրա գերի ընկնելու հանգամանքները։
Վադիմ Շիշիմարինը Մոսկվայի մարզում տեղակայված Կանտեմիրյան տանկային դիվիզիայի դասակի հրամանատարներից է։
Կիևը Մոսկվային մեղադրում է պատերազմի ընթացքում քաղաքացիական ենթակառույցները, խաղաղ բնակիչներին դիտավորյալ թիրախավորելու մեջ, պնդելով, որ Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից ռազմական հավանական հանցագործությունների ավելի քան 10 հազար դեպք է կատարվել։
Ռուսաստանը պնդում է, թե հարվածներ է հասցնում միայն Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։