Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:19 12.5.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում տնտեսական հարցերով խորհրդակցության ընթացքում ասել է, թե երկիրը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները:

Նրա խոսքով, «Արևմուտքի սանկցիոն մոլուցքը Եվրամիության բնակիչների համար կստեղծի ծանրագույն հետևանքներ և սով կառաջացնի աշխարհի առավել աղքատ երկրներում»:

«Շատ առումներով հենց այդ պատժամիջոցներն են համաշխարհային ճգնաժամ հարուցում: Դրանց կարճատես հեղինակները՝ ղեկավարվելով քաղաքական հավակնություններով և ռուսատյացությամբ, իրենց իսկ ազգային շահերին, սեփական տնտեսություններին և իրենց բնակիչների բարեկեցությանն են հարվածում»,- հայտարարել է Պուտինը:

Նա ասել է, թե մի շարք երկրներում արդեն կա սովի սպառնալիք, և դրա համար մեղավոր է «բացառապես Արևմուտքի վերնախավը»:

Ռուսաստանի ղեկավարը պնդել է նաև, որ ազգային տարադրամը՝ ռուբլին, աշխարհի բոլոր արժույթների շարքում «ունի առավել կայուն դինամիկան»:

15:37 12.5.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակումը չի նպաստի Եվրասիայի անվտանգության ամրապնդմանը, իսկ Ֆինլանդիայի միացումը կդիտվի Ռուսաստանի համար սպառնալիք:

Նա նշել է, որ Մոսկվան անպայման կարձագանքի Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին և համապատասխան քայլերով կամրապնդի սեփական անվտանգությունը:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները կախված կլինեն այն հանգամանքից, թե որքանով է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը մոտենալու երկրի սահմաններին:

16:53 12.5.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան այսօր Բեռլինում ասել է, թե Եվրամիության անդամության հարցում Կիևի համար ընդունելի է միայն լիիրավ անդամի կարգավիճակը:

Իր այդ մեկնաբանությամբ Կուլեբան արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի շաբաթասկզբին հնչեցրած առաջարկությանը, որի համաձայն, «նպատակահարմար կլինի Եվրոպայում ստեղծել մի նոր քաղաքական կառույց, որն ուրախ կլինի իր անդամների թվում նաև Ուկրաինան տեսնել»:

«Ես լսել եմ Մակրոնի առաջարկի մասին, ես բառացիորեն շատ քիչ տեղեկություն ունեմ և չեմ կարող որևէ եզրակացություն անել, սակայն կարող եմ վստահ ասել, որ Ուկրաինայի համար եվրոպական ինտեգրմանը որևէ այլընտրանք ընդունելի չի լինի»,- ասել է Կուլեբան գերմանացի օրենսդիրների հետ զրույցում:

Նրա փոխանցմամբ, Կիևում վստահ են, որ Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակի շնորհումը բխում է նաև Եվրամիության շահերից: Հարցը պետք է քննարկվի հունիսին կայանալիք Եվրոպական հանձնաժողովի նիստում:

19:53 12.5.2022

Ռուսաստանի դաշնության էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն այսօր մասնակցել է տնտեսական հարցերին նվիրված հեռավար համաժողովին, որը վարել է նախագահ Վլադիմիր Պուտինը և խոսել է արևմտյան պատժամիջոցների ազդեցության մասին:

«Հիմնական մարտահրավերներն են մատակարարումների ցանցի խափանումը և ներկրման շեշտակի անկումը: Ընկերություններն ունեն աշխատանքային կապիտալի կարիք, ինչպես միշտ, հրատապ են զբաղվածության և քաղաքացիների եկամուտների հարցերը»,- ասել է նախարարը:

Միաժամանակ նա նշել է, որ տնտեսության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությունները դրական ազդեցություն են գործել:

Նախարարի խոսքով, հաջողվել է կանխել խուճապային միտումները և հաղթահարել որոշ ապրանքատեսակների դեֆիցիտը, սղաճի տեմպը նվազել և հասել է 6.4 տոկոսի, ազգային արժույթն էլ կայունացել է:

Ռուսաստանի տնտեսության ոլորտում բարդություններ են առաջացել փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ արևմտյան երկրների սահմանած խիստ պատժամիջոցների հետևանքով:

19:54 12.5.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան այսօր Բեռլինում ասել է, թե իր երկիրը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, սակայն ռուսների կողմից վերջնագրեր չի ընդունի:

Այդ մասին Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է Die Welt համագերմանական օրաթերթին տված հարցազրույցում:Նրա խոսքով, եթե Ռուսաստանը սրի իրավիճակը՝ Կիևը պատասխան հարված կհասցնի:

«Ամենալուրջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում իրական և բովանդակալից բանակցություններ վարել»,- ասել է Կուլեբան:

Նախարարը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ գործոնների մասին:

«Կիևին հաղթանակի համար երեք բան է պետք՝ ուկրաինական տոկունությունը, բնավորությունը և մարտունակությունը, անհրաժեշտ զենքի մատակարարումներ և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ: Եթե այդ երեք գործոններն իրար միանան, ապա մենք կհաղթենք այս պատերազմում»,- ասել է Կուլեբան:

Նրա խոսքով, պատժամիջոցները շատ կարևոր են և արդյունավետ, բայց չեն կարող կանգնեցնել ռուսական ռազմամեքենան, «քանի դեռ Եվրոպան շարունակում է գազ գնել Ռուսաստանից»:

19:55 12.5.2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը The Washington Post ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Լոնդոնը Կիևին կփոխանցի կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր:

Նախարարի խոսքով, դա կարվի Ուկրաինայում հնարավոր էսլակացիայի դեպքում ռուսների գործողությունները սահմանափակելու համար:

«Դրանք հեռահար ՀՕՊ համակարգեր չեն, բայց վստահ կբարդացնեն ռուսական ավիացիայի թռիչքները քաղաքների շրջանում»,- ասել է Ուոլեսը:

13:43 13.5.2022

Երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշում է ընդունել Կիևի տարածքում և Ուկրաինայի այլ շրջաններում ռուսական զորքերի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին, ինչը, ըստ Ռուսաստանի, հավասարազոր է քաղաքական հաշվեհարդարի:

Ըստ Reuters-ի, խորհրդի անդամները, ճնշող մեծամասնությամբ, որոշում են ընդունել՝ հանձնարարելով հետաքննող հանձնաժողովին ուսումնասիրել իրադարձությունները Կիևի և այլ շրջաններում:

Բանաձևին կողմ են քվեարկել 33 պետությունների ներկայացուցիչներ։ Դեմ էին Չինաստանն ու Էրիթրեան։ 12 անդամ երկրներ ձեռնպահ են մնացել։

13:46 13.5.2022

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապաշրջափակել Օդեսան և Ուկրաինայի այլ նավահանգիստներ՝ միլիոնավոր մարդկանց սովից փրկելու համար:

«Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կմահանան, քանի որ այս նավահանգիստներն արգելափակված են», - CNN-ին ասել է Բիսլին:

CNN-ը հիշեցնում է, որ Ուկրաինան եգիպտացորենի, ցորենի, վարսակի, արևածաղկի ձեթի և սերմերի աշխարհի առաջատար արտահանողներից է։

13:47 13.5.2022

Ֆինլանդիան, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա կեսերին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի, ճապոնական NHK հեռուստաալիքին ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։

«Եթե խորհրդարանը գա այն եզրակացության, որ մենք պետք է դիմում ուղարկենք, ապա մենք դա կանենք հաջորդ շաբաթվա կեսերին»,- ասել է Հաավիստոն։

«Շվեդիան ծրագրում է նմանատիպ քայլեր ձեռնարկել և մոտավորապես նույն ժամանակացույցով», - հավելել է նա։

13:49 13.5.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ կողմերը «պետք է համաձայնություն գտնեն», որպես պայման՝ վերջնագրեր չներկայացնելով։

Իտալական RAI պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։

«Ղրիմը միշտ ունեցել է ինքնավարություն, միշտ ունեցել է իր խորհրդարանը, բայց որպես Ուկրաինայի մաս», - ասել է Զելենսկին։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG