Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:52 11.5.2022

«Ազովստալ» գործարանում մնացող ուկրաինացի զինվորականները ծանր կորուստներ են կրում», - բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի կազմում գործող «Ազով» գնդի սպա Իլյա Սամոյլենկոն։

«Մենք ծանր կորուստներ ունենք և ամեն օրը մեզ համար կարող է վերջինը դառնալ։ Մեր պաշարները խիստ սահմանափակ են և սպառվելու եզրին են։ Այս պահին մեզ համար ելքը կարող է լինել կամ անխուսափելի մահը, կամ էլ գերեվարումը, ինչը ևս հավասարազոր է մահվան», - հայտարարում էր «Ազով» գնդի զինծառայողը։

15:54 11.5.2022

«Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքում գործադրած միջնորդական ջանքերի համար», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Կասկած չկա, որ մենք շատ բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ գործադրում էին մեր թուրք գործընկերները, որպեսզի Ստամբուլում կայացած հանդիպման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն», - նշել է Պեսկովը։

08:37 12.5.2022

Ռուսաստանը հավատարիմ է գազի մատակարարումների իր ստանձնած պարտավորություններին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցումը սահմանափակելու Կիևի որոշումը։

«Ռուսաստանը իր պայմանագրային պարտավորությունները միշտ էլ պատասխանատու կերպով է կատարել և հետագայում ևս պատրաստվում է նույնն անել։ Ուկրաինական կողմը հայտնել է ինչ-ինչ ֆորսմաժորային պայմանների մասին։ Մենք, սակայն, լսել ենք նաև «Գազպրոմի» բացատրությունները, որոնց համաձայն [Ուկրաինայի կողմից] ֆորսմաժորի վերաբերյալ որևէ ծանուցում կամ բացատրություն չի հնչել», - նշել է Պեսկովը։

11:08 12.5.2022

«Մոտ ժամանակում Ուկրաինայում խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորություն չկա», - երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Միաժամանակ, Անտոնիու Գուտերեշը խոստացել է, որ համաշխարհային կազմակերպությունը «երբեք չի հանձնվի» և «միշտ պետք է պատրաստ լինի անել հնարավոր ամեն բան՝ վերջ տալու համար այս անիմաստ պատերազմին»։

Գուտերեշը լրագրողներին ասել է, որ ՄԱԿ-ն անում է ամեն ինչ՝ փրկելու կյանքեր և դյուրացնելու տարհանումն ու մարդասիրական օգնության տրամադրումը:

«Այս պատերազմը հավերժ չի տևի: Կգա խաղաղ բանակցությունների ժամանակը: Կգա պահը, երբ, հուսով եմ, հնարավոր կլինի ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին համապատասխան գտնել խնդրի լուծումը», - նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

11:10 12.5.2022

Գերմանական և համաշխարհային արդյունաբերության հսկա Siemens կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանից ամբողջովին դուրս գալու մասին։ Այսօր կոնցեռնը հայտարարություն է ուղարկել ռուսական մամուլին՝ տեղեկացնելով «բոլոր արդյունաբերական գործարքների դադարեցման մեկնարկի մասին»։

«Մենք կմիանանք միջազգային հանրությանը՝ դատապարտելու պատերազմը Ուկրաինայում: [...] Siemens-ը դուրս է գալիս ռուսական շուկայից ուկրաինական պատերազմի պատճառով», - ասվում է հայտարարությունում։

Ռուսաստանում Siemens-ը ներկայացված է երկու ընկերություններով՝ Siemens և Siemens Energy:

11:12 12.5.2022

Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան կարող է հարյուր տարի զգալ Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքները, քանի որ շատ քաղաքներ լցված են չպայթած ռումբերով։

«Հետևաբար, մենք ստիպված կլինենք միասին աշխատել վերակառուցման վրա», - ասել է Օլաֆ Շոլցը երեկ Բեռլինում ասուլիսի ժամանակ։

Կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիայում դեռ հաճախ են գտնում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբեր։

13:51 12.5.2022

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարինը համատեղ հայտարարություն են արել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին։ «Ֆինլանդիան պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն խոստացել էր Ֆինլանդիայի դիմումը դիտարկել արագացված ռեժիմով։ Սկզբում երկիրը ստանում է թեկնածուի կարգավիճակ, իսկ հետո ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների խորհրդարանները պետք է հաստատեն նոր անդամի ընդունումը։

13:55 12.5.2022

Եվրամիությունը և Ճապոնիան կշարունակեն Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները:

Տոկիոյում տեղի են ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի բանակցությունները: Երեք լիդերները քննարկել են նաև Ուկրաինայի թեման:

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցնցել է միջազգային իրավակարգի հիմքերը ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում, և դա բացարձակ անընդունելի է: Համագործակցելով Մեծ յոթնյակի շրջանակներում՝ Ճապոնիան խստագույն պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի նկատմամբ», - ասել է Կիշիդան:

«Մեր հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը շարունակում է դաժան հարձակումն Ուկրաինայի ժողովրդի վրա: Մենք միասնական պատասխան ենք տվել, դատապարտել ենք հարձակումը և պատժամիջոցներ ենք սահմանել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի մեծարգո վարչապետին այս հարցում դրսևորած համերաշխության համար: Մենք միասին կարևոր մարդասիրական, ֆինանսական և ռազմական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային և նրա ժողովրդին», - ասել է Միշելը:

14:06 12.5.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե հարկ է կանգնեցնել Վլադիմիր Պուտինին: Միաժամանակ նա չի ցանկացել Պուտինին համեմատել Հիտլերի հետ: Այդ թեման արծարծվել է LBC ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում:

«Ես մի կողմ կդնեմ պատմական քննարկումներն ու զուգահեռները: Ընդամենը տեսեք, թե ինչ է նա անում Ուկրաինայում: Սա բացարձակ բարբարոսական ագրեսիա է մի երկրի դեմ, որը տառացիորեն ոչ մի կերպ նրան չի սպառնացել, ոչ մի վատ բան չի արել, երկիր, որի ժողովուրդն ընդամենը ցանկացել է իր համար խաղաղ ապրել: Եվ նա շարունակում է ռմբահարել, հրետակոծել անմեղ մարդկանց: Նրան անհրաժեշտ է կանգնեցնել»,- ասել է Ջոնսոնը` պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է ավելի բացասական կերպար՝ Պուտի՞նը, Ստալի՞նը, թե՞ Հիտլերը:

Ջոնսոնն ասել է, որ Բրիտանիան ամեն կերպ սատարում է Ուկրաինային և կշարունակի դա անել:

14:48 12.5.2022

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ասել է, թե Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի շրջանում անցած մի քանի շաբաթների ընթացքում հազարավոր դիակների հայտնաբերումը վկայում է ռուսական ուժերի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու հավանականության մասին:

«Ապօրինի սպանությունների քանակը, Կիևից հյուսիս գտնվող շրջանում արտադատարանական մահապատիժների մասին վկայող փաստերը ցնցող են»,- ասել է գերագույն հանձնակատարը տեսաուղերձում, որով դիմել է Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պետք է որոշում կայացնի Կիևի շրջանում այս տարվա փետրվարին և մարտին կատարված հանցագործությունների խնդրով պաշտոնական հետաքննություն սկսելու վերաբերյալ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG