- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Չորեքշաբթի օրը Օդեսայի վարչակազմի ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռային հածանավին «Նեպտուն» թևավոր հրթիռների հարվածի մասին։
Արդեն կեսգիշերից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Մոսկվա»-ի վրա տեղի ունեցած հրդեհն ու պայթյունը, սակայն չի նշել դրանց պատճառը։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ անձնակազմը տարհանվել է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Չեխիայի արտգործնախարարությունը հայտարարել է իր դիվանագետներին Կիևում դեսպանատուն վերադարձնելու մասին, որտեղից նրանք տարհանվել էին։
Նախարարության հայտարարությունում ասվում է, որ սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ քայլերից, որոնք պատրաստ են ձեռնարկել Չեխիայի իշխանությունները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ուկրաինային:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ևս 13 ռուսական ընկերությունների, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի և «Տրանսնեֆտ»-ի դեմ:
Այսպիսով, այսօրվա դրությամբ ավստրալական պատժամիջոցները վերաբերում են 38 ռուսական ընկերությունների։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիպրոսը Ռուսաստանից չորս միլիարդատերերի և նրանց ընտանիքների 17 անդամների քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ է սկսել։ Պատճառը գործարարների հայտնվելն է Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում՝ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով։
Ըստ պարբերականի՝ Միխայիլ Գուցերիևը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Վադիմ Մոշկովիչը և Ալեքսեյ Կուզմիչևը կզրկվեն քաղաքացիությունից։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամենաակտիվ մարտերն ընթանում են Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի մարզերում։
Խարկովը պարբերաբար հրետակոծության է ենթարկվում՝ այնտեղ գիշերը 4 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել: Մարտերը շարունակվում են Խարկովի մարզի Իզյումի շրջանում։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն ասել է, որ այսօր մարդասիրական 9 միջանցք է լինելու։ Դրանք բոլորը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակավայրերից, այդ թվում՝ Մարիուպոլից, տանում են դեպի Զապորոժիե կամ Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաք։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինա այցի հնարավորությունը: Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի այցը Կիև՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության, չորեքշաբթի օրն ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։ Պատվիրակությունը կարող է գլխավորել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կամ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը դժվար թե անձամբ այցելի Ուկրաինա։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Համերաշխության այցով նախօրեին Կիև մեկնած Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահներն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ընթացքում կոչ են արել ավելացնել օգնությունը Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինային:
Նախքան Զելենսկուն հանդիպելը չորս նախագահներն այցելել են Կիևի մարզի այն շրջանը, որտեղ արձանագրվել են ռուսական բանակին վերագրվող պատերազմական հանցագործությունների փաստերը: Մոսկվան կտրականապես հերքում է պատերազմի հանցագործությունների հետ առնչությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սև ծովում պայթյունից և հրդեհից վնասված Ռուսաստանի ռազմական նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում իրականացվող քարշակման ընթացքում սուզվել է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Դեպի նշանակված նավահանգիստ քարշակման ընթացքում փոթորկի պայմաններում նավը կորցրել է կայունությունը և խորտակվել է», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Ռուսները հավատացնում, են, որ «Մոսկվա» հածանավի անձնակազմը տարհանվել է:
Կիևը հայտնել է, որ ուկրաինացիները «Մոսկվան» խոցել է «Նեպտուն» տեսակի հականավային երկու թևավոր հրթիռներով: Ռուսներն ուկրաինացիների այդ հաղորդագրությունը չեն մեկնաբանել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ չի մերժել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու հնարավորությունը:
«Ուկրաինական կողմի հետ քննարկումներում մենք նշել ենք, որ նախագահը սկզբունքորեն չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպելուց, բայց դրա համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, ավելի ստույգ՝ ստորագրվելիք փաստաթղթի տեքստը», - ասել է Պեսկովը, նշելով, որ այդ առումով որևէ նորություն դեռ չկա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան պատրաստ է նպաստել ռուս - ուկրաինական բանակցություններում առաջխաղաղում ապահովելուն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի հետաքննությունների պետական վարչությունը հայտնել է օրերս ձերբակալված ամենահայտնի ռուսամետ քաղաքական գործչին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամի համբավ ունեցող Վիկտոր Մեդվեդչուկին և նրա տիկնոջը՝ Օքսանա Մարչենկոյին պատկանող անշարժ և շարժական գույքի 154 միավոր բռնագանձելու մասին:
Կալանքի տակ հայտնված սեփականության ցանկում են Մեդվեդչուկին և նրա կնոջը պատկանող 26 ավտոմեքենաներ, 30 հողամասեր, 23 տներ, 32 բնակարաններ, 17 կայանման հրապարակներ և մեկ զբոսանավ:
Կալանքի տակ են նաև փաստացի Մեդվեդչուկի կամ նրա կնոջ սեփականությունը հանդիսացող 25 ընկերությունների կանոնադրական դրամագլխի մասնաբաժինները: