Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:39 7.4.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ այսօր նիստ է անցկացրել՝ քննարկելով Ուկրաինայում «հատուկ գործողության» ընթացքը, ինչպես նաև ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցային գործընթացը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

23:00 7.4.2022
Կիևի շրջանի քաղաքները՝ ռուսական զորքի հեռանալուց հետո
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00

08:49 8.4.2022

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը երեկ որոշեց դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման, և ռուս զինվորականների կողմից «մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների համար»։

Ռուսաստանի դեմ ներկայացված բանաձևին հավանություն են տվել կառույցի անդամ 93 պետություններ, 24-ը՝ դեմ, 58-ը՝ ձեռնպահ։

Ռուսաստանը երկրորդ երկիրն է, որի անդամակցությունը դադարեցվում է 47 անդամ ունեցող խորհրդում․ ավելի վաղ՝ 2011-ին, կառույցից հեռացվել էր նաև Լիբիան՝ նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի օրոք տեղի ունեցած հանցագործություններին ի պատասխան։

Հայաստանը քվեարկությանը չի մասնակցել։

«Ռոյթերզ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ռուսաստանը քվեարկությունից առաջ զգուշացրել է ՄԱԿ-ի անդամներին, որ բանաձևին կողմ կամ ձեռնպահ քվեարկությունը կդիտարկվի որպես «ոչ բարեկամական քայլ, որն իր ազդեցությունը կունենա հետագա երկկողմ հարաբերությունների վրա»։

08:50 8.4.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Sky News բրիտանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդունել է, որ ռուսական կողմն Ուկրաինայի պատերազմում «նշանակալից կորուստներ է կրել»:

«Դա մեծ ողբերգություն է մեզ համար», - ասել է Պեսկովը՝ կորուստների վերաբերյալ որևէ թիվ չհայտնելով:

08:51 8.4.2022

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարն ապրիլի 7-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի պատերազմի խնդիրը:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել մարդասիրական հարցերին», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

08:52 8.4.2022

Համաշխարհային ռոքի պատմության ամենահայտնի խմբերից մեկը՝ լեգենդար «Փինք Ֆլոյդ»-ը ձայնագրել է առաջին երգը 1994 թվականից ի վեր:

Բրիտանացիները երգն անվանել են Hey Hey Rise Up («Հե՜յ, հե՜յ, վե՛ր կաց») և հայտնել են, որ այդ սինգլի վաճառքից ստացված ամբողջ եկամուտը որպես մարդասիրական օգնություն կփոխանցվի Ուկրաինային:

Այս երգի ձայնագրությանը մասնակցել է «Բումբոքս» ուկրաինական ռոք խմբի լիդեր և երգիչ Անդրեյ Խլիվնյուկը, ով միացել է Կիևի տարածքային պաշտպանության գումարտակին:

13:00 8.4.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի քվեարկությունը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ անվանել է «զգալի քայլ համաշխարհային հանրության կողմից»։

Բայդենը խոստացել է ընդլայնել համագործակցությունը «պատասխանատու պետությունների» հետ ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանին միջազգային հարթակում մեկուսացնելու և ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար:

13:02 8.4.2022

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ արևմտյան երկրներն ուսումնասիրում են Ուկրաինային աջակցության շրջանակում մատակարարվող զենքի տեսականու ընդլայնման հնարավորությունը։

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ «սև ցուցակում» ներառելով ՌԴ ևս 8 քաղաքացիների և 29 կազմակերպությունների։

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը պաշտպանել է Ռուսաստանից ցանկացած էներգակիրների ներմուծումն արգելող օրինագիծը։ Ինչպես հաղորդում է Սենատի կայքը, փաստաթուղթն ընդունվել է միաձայն՝ կողմ են քվեարկել երկու կուսակցությունների բոլոր 100 սենատորները։

13:03 8.4.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։

«Պետք է զինադադար լինի, և Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից», - հայտարարել է Շոլցը՝ պնդելով, թե Պուտինը կործանում է ոչ միայն Ուկրաինան, այլև սեփական երկրի ապագան։

13:07 8.4.2022

ՄԱԿ-ի թարմացված տվյալներով՝ Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայում 1611 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 131 երեխա, վիրավորվել է 2 հազար 227 մարդ, մեծ մասը՝ ծանր հրետանու և հրթիռային համակարգերի կիրառման արդյունքում։

ՄԱԿ-ը նշել է, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զեկույցներում ներառված են միայն հաստատված դեպքերը, իսկ որտեղ մարտեր են ընթանում, հնարավոր չէ արագ ճշտել տեղեկություննները։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG