- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լիտվան և Լատվիան արտաքսում են Ռուսաստանի դեսպաններին՝ Ուկրաինա ներխուժմանն ու Բուչայում տեղի ունեցած իրադարձություններին ի պատասխան։
Պաշտոնական Վիլնյուսի կայացրած որոշման մասին երեկ հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ հավելելով, որ որոշում է կայացվել Կլայպեդայում գործող ռուսաստանյան հյուպատոսարանի փակման մասին։
Լատվիան ևս հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման և Մոսկվայից դեսպանի հետկանչի մասին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է Բուչայի ողբերգության մասին:
«Կհիշեք, ինձ քննադատել էին, երբ ես ասել էի, որ Պուտինը պատերազմի հանցագործ է, դե ճշմարտությունը տեսաք Բուչայում: Դա վկայում է, որ նա պատերազմի հանցագործ է: Բայց հարկ է ինֆորմացիա հավաքել», - ասել է Բայդենը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները կշարունակի զենք տրամադրել Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել: Նա ասել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի մանրամասն տեղեկություններ հայթայթել Բուչայի իրադարձությունների մասին:
«Ուստի, դա կարող է դառնալ դատավարություն պատերազմի հանցագործության մեղադրանքով: Այդ տղան դաժան է, և այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Եվ բոլորը դա տեսան», - ասել է Բայդենը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Բուչայում տեղի ունեցածը ցեղասպանություն է, Բայդենն ասել է, թե իր համոզմամբ, դա ոչ թե ցեղասպանություն է, այլ պատերազմի հանցագործություն: Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Այն, ինչ տեսել ենք Բուչայում և դրա մերձակայքում, մեզ թույլ է տալիս առանց չափազանցության փաստել, որ Ռուսաստանն «Իսլամական պետություն»-ից վատն է», - հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կիևի մերձակայքում գտնվող ավաններում խաղաղ բնակիչների սպանությունների կապակցությամբ Եվրոպական միությունը ծրագրում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ:
Եվրոպական միության լիդերները պնդում են, որ Ուկրաինայի տարածքում այս սպանությունները և մի շարք այլ պատերազմական հանցագործություններ ռուսաստանցի զինծառայողներն են կատարել:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է Եվրամիությանն ընդհանրապես հրաժարվել Ռուսաստանում արդյունահանված ածխից և նավթից: Նոր պատժամիջոցների խնդիրը կքննարկվի ապրիլի 6-ին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է արտաքսել 40 ռուսաստանցի դիվանագետներ: Այդ մարդիկ պետք է 5 օրվա ընթացքում լքեն Գերմանիայի տարածքը:
«Բուչայից ստացված լուսանկարները վկայում են ռուսաստանյան ղեկավարության և դրա պրոպագանդայով առաջնորդվողների աներևակայելի դաժանության մասին: Նրանց միավորում է ոչնչացման անսահման ձգտումը»,- Der Spiegel հանդեսին ասել է նախարար Աննալենա Բերբոկը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանին վտարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից:
Այդ առաջարկով երկու երկրները հանդես են եկել Ուկրաինայում ռուսական բանակի բիրտ գործողությունների և մասնավորապես Բուչա ավանում պատերազմի ենթադրյալ հանցագործությունների մասին տեղեկատվության հրապարակման կապակցությամբ:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Այն անցկացվելու է այսօր և նվիրված կլինի Ուկրաինային, կքննարկվեն նաև Բուչայում տեղի ունեցած սպանությունները:
Ուկրաինայի ղեկավարն արդեն տեսակապով ելույթ է ունեցել ավելի քան մեկ տասնյակ խորհրդարանների դիմաց, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ամերիկացի 44 կոնգրեսականներ՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից, երեկ դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքին և ընդլայնել զենքի մատակարարումները Ուկրաինա։
Կոնգրեսականները հիշեցրել են, որ Ուկրաինան արդեն նշել է իրեն անհրաժեշտ սպառազինությունների հիմնական տեսակները, և կոչ են արել մատակարարել Կիևին նաև «երկիր-օդ» հեռահար հրթիռներ, կործանիչներ ու հականավային հրթիռներ:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանն այս պահին, ամենայն հավանականությամբ, փոխում է նպատակները, որոնց մտադիր էր հասնել Ուկրաինայում պատերազմի ընթացքում։ Այս մասին երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը հարձակողական գործողությունները կկենտրոնացնի Ուկրաինայի արևելքում և հարավում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, փորձելով ավելի մեծ տարածքներ գրավել Դոնբասում, «որպեսզի քողարկի նախորդած ռազմական ձախողումները»։