Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

12:27 30.3.2022

Միացյալ Նահանգները ողջունում է ռուսական հետախուզության ենթադրյալ աշխատակիցների արտաքսումը եվրոպական երկրներից՝ նրանց դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի գործունեության համար։

Եվրամիության չորս երկրներ՝ Նիդերլանդները, Բելգիան, Իռլանդիան և Չեխիան, երեկ հայտարարեցին, որ արտաքսում են ընդհանուր առմամբ 43 ռուս դիվանագետների, ովքեր կասկածվում են լրտեսության մեջ:

Որպես կանոն, պաշտոնական Մոսկվան հակադարձում է դիվանագետների արտաքսումներին հայելային քայլերով։

12:28 30.3.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Չինաստանի Թունսի քաղաքում հանդիպում է այդ երկրի արտգործնախարար Վան Իի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Լավրովի բացման խոսքը, ով իր չինացի գործընկերոջն անվանել է «թանկագին բարեկամ»՝ շարունակելով. - «Մենք միջազգային հարաբերությունների պատմության մեջ լուրջ փուլ ենք անցնում։ Համոզված եմ, որ դրա արդյունքում միջազգային իրավիճակը շատ ավելի պարզ կդառնա։ Ձեր և մեր մյուս համախոհների հետ մենք շարժվելու ենք դեպի բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ»։

12:42 30.3.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում երկրի քաղաքացիներին զգուշավոր մոտեցում որդեգրել Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Մոսկվայից հնչող դրական ազդակների հանդեպ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում։

«Այո, մենք կարող ենք ասել, որ բանակցային հարթակից հնչող ազդակները դրական են։ Դրանք, սակայն, չեն լռեցնում ռուսական արկերի պայթյունները։ Բնական է, որ մենք տեսնում ենք բոլոր ռիսկերը, բնական է, որ մենք չենք վստահում այն պետության ներկայացուցիչների խոսքերին, որը շարունակում է քանդել մեր երկիրը։ Ուկրաինացիները միամիտ մարդիկ չեն։ Ռազմական գործողությունների 34 օրերի և Դոնբասում ընթացող պատերազմի 8 տարիների ընթացքում մենք արդեն սովորել ենք, որ հարկավոր է վստահել միայն փաստերին», - հայտարարում էր Զելենսկին։

16:18 30.3.2022

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնում առայժմ որևէ նշույլ չեն տեսնում, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում խաղաղություն հաստատել։

Մեկնաբանելով նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց ավարտին Ռուսաստանը հայտարարեց Կիևի և Չեռնիգովի ուղղություններում ռազմական ակտիվության սահմանափակման մասին, Բլինքենը նշել է՝ «Ռուսաստանի կողմից իրական լրջության նշաններ առայժմ նկատելի չեն»։

«Գուցե [ռուսական ուժերը] փորձում են վերախմբավորվել՝ հաշվի առնելով նրանց կրած ծանր կորուստները, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, մենք հետևում ենք նրանց գործողություններին։ Կուզեի, սակայն, հավելել՝ եթե ռուսներին թվում է, որ իրենց հաջողվելու է ինչ-որ կերպ իրենց ենթարկել Ուկրաինայի արևելյան կամ հարավային շրջանները, ապա նրանք խոր մոլորության մեջ են», - պնդել է ԱՄՆ պետքարտուղարը։

18:15 30.3.2022

Ուկրաինան հայտարարել է «Ռուսաստանի ներկայացրած սկզբունքային պահանջները կատարելու պատրաստակամության մասին», հայտարարել է Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Եթե այն պահանջները, որոնց կատարման վրա վերջին տարիներին պնդում էր Ռուսաստանը, կյանքի կոչվեն, ապա ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի պլացդարմի ստեղծման վտանգը կչեզոքացվի», - հայտարարել է Մեդինսկին։

18:36 30.3.2022

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի այսօր կեսօրին տարածած հաղորդագրության համաձայն` երկրի հյուսիսում ռուսաստանյան ստորաբաժանումների ակտիվ վերատեղակայում է տեղի ունենում։

«Խարկովից հարավ գտնվող Իզյումի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի կազմում գործող 20-րդ համազորային և 1-ին տանկային բանակների ստորաբաժանումների շարժ և կուտակումներ են նկատվում։ Կիևից հյուսիս ռուսական զորքերը ամրացնում են իրենց դիրքերը՝ կուտակվելով Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում», - հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։

08:40 31.3.2022

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը մարտի 30-ին ասել է, թե իր երկիրը պատրաստ է պատերազմից հետո Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ:

«Եթե պետք են երաշխիքներ, ապա Գերմանիան դրանք կտրամադրի: Մենք 100 տոկոսով համերաշխ ենք Ուկրաինայի հետ», - ARD հեռուստակայանի թղթակցին ասել է Բերբոկը:

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև բանակցություններին և ավելի ուշ հնարավոր խաղաղ ժամանակաշրջանին:

11:23 31.3.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկվել են, մասնավորապես, երեքշաբթի օրը Ստամբուլում կայացած Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները։

Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է բյուջեից 500 միլիոն դոլար օգնություն հատկացնել Ուկրաինային։

11:25 31.3.2022

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երեկ նշանակել է հանձնաժողովի երեք անդամների, որոնք ապացույցներ կհավաքեն Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ։

Reuters-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը ստեղծվել է Ուկրաինայի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջարկով: Այն պետք է հարցաքննի վկաների և հավաքի ապացույցներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել դատական գործընթացներում։

11:26 31.3.2022

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն ասել է, որ ռուսական հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով քաղաքում ավերվել է բնակելի շենքերի 15 տոկոսը։

Խարկովը Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որտեղ պատերազմից առաջ մոտ 1 միլիոն 400 հազար մարդ էր բնակվում: Բնակչության մոտ մեկ երրորդը լքել է բնակավարը:

Քաղաքը գտնվում է Ռուսաստանի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա, այն հրետակոծվել ու ռմբակոծվել է պատերազմի առաջին օրերից։

Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմն էլ հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր տարածաշրջանում զոհվել է 134 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, վիրավորվել է 415 խաղաղ բնակիչ։

Լուգանսկի շրջանի Ուկրաինայի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հրապարակել է Լիսիչանսկում այրվող նավթի պահեստի լուսանկար։ Գայդայի խոսքով՝ վառելիքի պահեստը գնդակոծվել է նախորդ գիշեր։ Վարչակազմի ղեկավարը գրում է, որ Լիսիչանսկն ամբողջ օրը գնդակոծության է ենթարկվել, տասնյակ տներ ավերվել ու վնասվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 մարդ մահացել է, սակայն դրանք դեռ վերջնական տվյալներ չեն։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG