- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան հայտարարել է, որ ուկրաինական ուժերը պատրաստվում են ռուսական նոր հարձակման երկրի արևելքում, քանի որ Մոսկվան այնտեղ զորքեր է կուտակում Կիևի մոտ ձախողված գործողությունից հետո։
Առավոտյան իր տեսաուղերձում Զելենսկին հայտնել է Կիևի և Չեռնիգովի շրջաններից ռուսական զորքերի դուրսբերման մասին և ընդգծել, որ դա ավելի շուտ «մեր պաշտպանների աշխատանքի հետևանքն է»։
Զելենսկին հավելել է, որ «ռուսական ուժեր են կուտակվում Դոնբասի դեմ նոր հարվածների համար, և մենք պատրաստվում ենք դրան»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի և Լեհաստանի իշխանությունները բանակցություններ են վարում լեհ-բելառուսական սահմանի փակման շուրջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշիցան։
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան նմանատիպ խնդրանքով դիմել է նաև Լիտվային, Լատվիային և Էստոնիային՝ փակել սահմանները Ռուսաստանի և Բելառուսի հետ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարտի 31-ին մարդասիրական միջանցք կբացվի, որով Մարիուպոլի բնակիչները կկարողանան շարժվել դեպի Բերդյանսկ՝ մոտ 80 կիլոմետր դեպի արևմուտք:
45 ավտոբուս է պատրաստվում անցնել այս երթուղով։
Բացի այդ, համաձայնեցվել են միջանցքներ մարդասիրական օգնության և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլից մարդկանց տարհանման, նաև Էներգոդարից մարդկանց անձնական տրանսպորտով Զապորոժիե տեղափոխելու համար:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին ասել է, որ հետախուզության տվյալների համաձայն՝ ռուսական ուժերը դուրս չեն բերվել, ինչպես խոստացել էին, այլ վերախմբավորվում են հետագա հարձակողական գործողությունների համար։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին ասել է, որ հրամանագիր է ստորագրել ռուսական գազի դիմաց վճարումների նոր կարգի մասին։
«Նման (ոչ բարեկամական) երկրների կապալառուներին մենք առաջարկում ենք հստակ և թափանցիկ սխեմա։ Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլու հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից պետք է կատարվեն գազի վճարումները՝ սկսած վաղվանից՝ սույն թվականի ապրիլի 1-ից»,- ասել է Պուտինը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանցի Միխայիլ Պոդիվիլովը դիմել էր Ռուսաստանի քննչական կոմիտեին՝ խնդրելով հետաքննել Վլադիմիր Պուտինի հանցավոր գործողությունները Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ սկսելու և վարելու համար։
Մարտի 31-ին Տելեգրամի իր էջում նա հրապարակել է Քննչական կոմիտեից ստացված պատասխանը, ուր ասված է, որ դիմումը տվյալներ չի պարունակում, որոնք կվկայեն որևէ հակաօրինական գործունեության մասին։
Ավելի վաղ քաղաքացի Պոդիվիլովը Պուտինին կոչ էր արել դադարեցնել «եղբայրասպան պատերազմը» Ուկրաինայում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան մարտի 31-ին ասել է, որ ագրեսորները պատերազմի ընթացքում շուրջ 400 հազար ուկրաինացիների բռնի փոխադրել են Ռուսաստանի տարածք:
«Մեր քաղաքացիներին մեր տարածքից տեղահանել և փոխադրել են Ռուսաստանի տարածք: Նրանք իրենց կամքով չեն հեռացել: Նրանց նախ բռնի եղանակով փոխադրում են Դոնբասում գտնվող «ֆիլտրացիոն ճամբար», որտեղից էլ գնացքով ուղարկում են Ռուսաստանի Դաշնության թերզարգացած շրջաններ, օրինակ՝ Սախալին», - ասել է Դենիսովան:
Նրա խոսքով՝ ռուսական բանակի հարձակումների հետևանքով ուկրաինական քաղաքներում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել:
«Մարիուպոլը վերածվել է ավերակների, բնակելի շենքերի 90 տոկոսը ռմբահարվել է, զոհվել է մոտավորապես 20 հազար մարդ», - ասել է Ուկրաինայի օմբուդսմենը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է առաջիկայում պատժամիջոցների ցանկում ընդգրկել ռուսական և բելառուսական ևս 120 կազմակերպություններ ու դրանք զրկել բարձր տեխնոլոգիաներից: Այդ մասին մարտի 31-ին հայտնել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հաղորդակցության բաժնի տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:
«Առաջիկայում առևտրի նախարարությունը կձեռնարկի նոր քայլեր ռուսական պաշտպանական ոլորտի՝ աէրոտիեզերական և ծովային սեկտորների դիրքերը թուլացնելու համար: Պատժամիջոցների ցուցակում կհայտնվեն 120 կառույցներ Ռուսաստանից և Բելառուսից», - ասել է Բեդինգֆիլդը:
Նրա փոխանցմամբ՝ այդպիսով «սև ցուցակում» գտնվող ռուսական և բելառուսական կազմակերպությունների թիվը կգերազանցի 200-ը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեթսոլան երեկ երեկոյան Twitter-ում գրել է, որ պատրաստվում է մեկնել Կիև։ Նա անգլերենով և ուկրաիներենով կարճ գրառում է արել՝ առանց մանրամասներ ներկայացնելու:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Երեկ Պետդեպարտամենտը թարմացրել է ԱՄՆ քաղաքացիների համար ճամփորդական խորհուրդները՝ բոլոր ամերիկացիներից պահանջելով լքել Ռուսաստանը և Ուկրաինան:
Ինչպես պարզաբանել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, դա պայմանավորված է նրանով, որ ռուսական հատուկ ծառայությունները սկսել են նպատակաուղղված որոնել և կալանավորել Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում գտնվող ամերիկացիներին։