Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:00 25.3.2022

Միացյալ Նահանգները խոստացել է 15 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ ուղարկել Եվրամիության շուկա: Այդպիսով Եվրոպան պետք է կրճատի ռուսական էներգակիրների ներկրման ծավալը:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում հայտնել են, որ ստեղծվում է հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակն է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումից:

«Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ ծրագիրը, որի նպատակն է առաջ շարժվել դեպի ապահով և մաքուր էներգիա», - ասել է Բայդենը:

17:00 25.3.2022

Ֆինլանդիայի VR Group երկաթուղային ընկերությունը մարտի 28-ից դադարեցնում է Հելսինքի-Սանկտ Պետերբուրգ երթուղին կատարող Allegro գնացքների աշխատանքը: Այդ մասին հայտնել է Helsingin Sanomat պարբերականը:

«Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կապակցությամբ Allegro գնացքների հետագա շահագործումն այլևս նպատակահարմար չէ: Մինչ օրս մենք շարունակել ենք աշխատեցնել այդ երթուղին, քանի որ պետք է ապահովեինք Ֆինլանդիայի քաղաքացիների վերադարձը հայրենիք: Այս շաբաթների ընթացքում նրանք, ովքեր մտադիր էին լքել Ռուսաստանը, հասցրել են դուրս մեկնել այդ երկրից», - ասել է VR Group ընկերության ուղևորափոխադրումների բաժնի տնօրեն Տոպի Սիմոլան:

17:22 25.3.2022
Ռուսական ռմբակոծությունների հետևանքով Խարկովում խոշոր հրդեհ է բռնկվել
please wait

No media source currently available

0:00 0:00:57 0:00

19:02 25.3.2022

Ուկրաինայի դեմ արդեն մեկ ամսից ավելի շարունակվող պատերազմի ընթացքում Ռուսաստանն այսօր երկրորդ անգամ տվյալներ է հրապարակել սեփական զոհերի մասին։

Ըստ Գլխավոր շտաբի, մինչ օրս ռուսական կողմից զոհվել է 1351 զինվորական, 3825-ը վիրավորվել են։

20:02 25.3.2022

Կրեմլը պնդում է, թե ոչ մի լուրջ հարց չի ծագի, եթե Ռուսաստանը վտարվի աշխարհի տնտեսապես առավել զարգացած «Մեծ քսանի» խմբից: «Մեծ քսանի» անդամներ են 19 պետություններ և Եվրոպական միությունը որպես կազմակերպություն:

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե այդ արշավի նախաձեռնողն, իհարկե, Միացյալ Նահանգներն է:

20:02 25.3.2022

Ամերիկացի կինոբեմադրիչ, դերասան և պրոդյուսեր Շոն Փենն այսօր Լեհաստանում՝ Ռժեշուվ ավանում այցելել է ուկրաինացի փախստականների կենտրոն:

«Ես ունեմ ծրագիր՝ մասնակցել մեծ տոնակատարության, երբ Ուկրաինան հաղթի այս պատերազմում: Դա կլինի, նրանք դա կանեն, մենք չգիտենք, թե դեռ ինչքան սարսափելի կորուստներ, անիմաստ կորուստներ և ողբերգություններ կլինեն, բայց մենք գիտենք, որ ուկրաինացիները կհաղթեն»,- ասել է Փենը:

20:21 25.3.2022

Ուկրաինայի պատերազմի հետևանքով Ռուսաստանում աննախադեպ ավելացել է հակադեպրեսանտների և քնաբեր հաբերի սպառումը:

DSM Group միջազգային վերլուծական խմբի մոսկովյան մասնաճյուղը երեկ հրապարակել է զեկույց, որի համաձայն, մարդիկ երկու շաբաթում գնել են այնքան հակադեպրեսանտ և քնաբեր, որքան պատերազմից առաջ սովորաբար գնում էին մեկ ամսվա ընթացքում:

21:00 25.3.2022

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե երկրին հայտարարել են տոտալ հիբրիդային պատերազմ:

«Այսօր մեզ հայտարարել են իսկական հիբրիդային պատերազմ, «տոտալ պատերազմ», այդ եզրույթն են օգտագործել հիտլերական Գերմանիայում, և այն հիմա կիրառում են եվրոպացի գործիչներից շատերը, երբ ասում են, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի Դաշնության հետ: Նպատակները չեն թաքցնում և հրապարակավ են հնչեցվում՝ քանդել, ավերել, ոչնչացնել, խեղդել ռուսաստանյան տնտեսությունը և Ռուսաստանն ընդհանրապես»,- ասել է նախարարը:

09:42 26.3.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մարտի 25-ին Լեհաստանում ասել է, որ ի պատասխան Ուկրաինայի վրա հարձակման Վաշինգտոնը «Ռուսաստանի նկատմամբ սահմանել է պատմության ընթացքում երբևէ ընդունված ամենակոշտ պատժամիջոցները»:

Բայդենը՝ չմանրամասնելով, նշել է, որ առաջիկայում սանկցիաները դեռ կխստացվեն:

ԱՄՆ ղեկավարը Լեհաստանում այցելել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Ռժեշուվ ավան, որտեղ գտնվող մեծ պահեստ է հասցվում մարդասիրական օգնությունը և ռազմական նշանակության բեռն Ուկրաինայի բանակի համար:

14:53 26.3.2022

Պատերազմի 31-րդ օրը Ռուսաստանի Զինված ուժերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել Կիևի մերձակա շրջաններին, ինչպես նաև մայրաքաղաքից արևմուտք գտնվող Ժիտոմիրի մարզի մի շարք բնակավայրերին։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ ինչպես և նախորդ մի քանի օրերին, այսօր ևս հարվածների թիրախներից են եղել Ուկրաինայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստները։

Կիևին հասցված նոր հարվածների ֆոնին ուկրաինական մայրաքաղաքի վարչակազմը այսօր հաղորդել է Կիևում ևս մեկ 36-ժամյա պարետային ժամ հայտարարելու մասին։ Այն ուժի մեջ է մտնելու այսօր երեկոյան ժամը 8-ից և գործելու է մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 7-ը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG