- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը խափանել է Մարիուպոլ մարդասիրական օգնության տրամադրումը՝ թույլ չտալով, որ փրկարարներն ու բեռները տեղ հասնեն։
Կարմիր Խաչը հաստատել է, որ հումանիտար բեռներով շարասյունը չի կարողացել Մարիուպոլ մտնել։
Մարիուպոլը շրջափակված է և հարձակման է ենթարկվում արդեն ոչ միայն օդից և ցամաքից, այլև Ազովի ծովից։
Ռուսական ներխուժումն Ուկրաինա արդեն շարունակվո
- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Ռուսաստանը միջուկային զենք կարող է կիրառել, եթե պետության գոյությանը վտանգ սպառնա։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի խոսնակը հղում է արել ազգային անվտանգության գործող փաստաթղթերին՝ նշելով, որ այնտեղ նկարագրված են միջուկային զենքի կիրառման բոլոր հիմքերը։
- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կմեկնի Եվրոպա՝ հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի արտահերթ նիստին մասնակցելու համար, որը Ուկրաինա ռուսական ներխուժմանն է վերաբերելու:
Բայդենը կայցելի Բրյուսել և Լեհաստան:
ԱՄՆ նախագահը կմասնակցի նաև Մեծ յոթնյակի հավաքին և Եվրամիության գագաթնաժողովին, իսկ Լեհաստանում կհանդիպի այդ երկրի նախագահի հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում նախատեսված չէ:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությյան համաձայն՝ Ուկրաինայի հյուսիսում իրավիճակը հիմնականում նույնն է, «ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, կվերակազմակերպվեն նախքան լայնածավալ հարձակողական գործողությունները վերսկսելը»:
«Ռուսական ուժերը փորձում են շրջափակել ուկրաինական զորքերը երկրի արևելքում, առաջ շարժվելով հյուսիսից՝ Խարկովի մարզից, և հարավից՝ Մարիուպոլի շրջանից», - ասվում է հաղորդագրությունում։
Ըստ բրիտանական ռազմական գերատեսչության, ռուսական ուժերը շարունակում են փորձել շրջապատել Նիկոլաևը՝ նպատակ ունենալով ավելի առաջ շարժվել դեպի արևմուտք՝ Օդեսա։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Լեհաստանի հատուկ ծառայությունները արտգործնախարարությանը խնդրում են վտարել 45 ռուս դիվանագետների, որոնցից մի քանիսը, ենթադրաբար, դիվանագիտական աշխատանքի քողի տակ աշխատում են Մոսկվայի գաղտնի ծառայություններում։
Լեհաստանի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ ապացույցներ են ձեռք բերվել, որոնք փաստում են, որ «երկրում բացահայտված սպաների և նրանց հետ համագործակցող անձանց գործունեությունը ծառայում է ռուսական հետախուզական գործունեությանը՝ ուղղված միջազգային ասպարեզում Լեհաստանի Հանրապետության և նրա գործընկերների կայունության դեմ, և վտանգ է ներկայացնում Լեհաստանի շահերի և անվտանգության համար»։
Լեհաստանի կառավարության խոսնակի համաձայն՝ Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, և հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն հանդիպումից հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ դիվանագետներին Լեհաստանից արտաքսելու դեպքում պատասխան քայլեր կձեռնարկեն:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Իտալիան 880 միլիոն դոլարի, Նիդերլանդները՝ 431 միլիոն դոլարի, Լեհաստանը՝ 33 միլիոն դոլարի ակտիվներ է սառեցրել, որոնք պատկանում են ռուսաստանցի օլիգարխների։ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ պայմանավորված որոշման մասին հայտարարել են Եվրամիության անդամ այդ երկրների իշխանությունները։
Ավելի վաղ Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի կենտրոնական բանկին պատկանող 22 միլիարդ եվրոն, ինչպես նաև պատժամիջոցների տակ հայտնված մասնավոր անձանց պատկանող 850 միլիոն եվրո արժողությամբ գույքը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանի հետ ինը մարդասիրական միջանցքի շուրջ են պայմանավորվել, ինչը թույլ կտա տարհանել շրջափակման մեջ հայտնված մի շարք քաղաքների բնակիչներին։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Մարիուպոլից դեպի Զապորոժիե միջանցքներն անցնում են պաշարված քաղաքի ծայրամասերից, այլ ոչ թե կենտրոնական հատվածից, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց հոսանքի և այլ մատակարարումների։ Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ մի քանի երթուղիներ են համաձայնեցվել նաև Կիևի մարզում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Թե երբ է տեղի ունեցել գերիների փոխանակումը, քանի մարդ է փոխանակվել, Զախարովան չի հստակեցրել։
Կրեմլը նույնպես գերիների փոխանակման մասին տեղեկություն չի հայտնել։
Անցած շաբաթ հաղորդվել է, որ 9 ռուս զինվորների դիմաց ռուսական կողմը համաձայնել է ազատ արձակել Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորվին։ Փոխանակում պաշտոնապես տեղի է ունեցել , թե ոչ՝ հստակ չէ։
Մարտի 21-ին Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան RT-ի եթերում հայտարարել է, որ Մոսկվան ավելի քան 500 ուկրաինացի ռազմագերիների մասին տվյալներ է փոխանցել Միջազգային Կարմիր Խաչին։ Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը ТСН-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ուկրաինական գերության մեջ է 562 ռուս։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ուժերն օգտագործելու հարցը կառույցում չի բարձրացվել։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ ՀԱՊԿ-ի միջոցով այլ երկրների զորքերը ներգրավվեն այդ գործողություններում, Դմիտրի Պեսկովն ասել է․ - «Որքան ինձ է հայտնի՝ ՀԱՊԿ-ի հարթակում նման հարցեր չեն բարձրացվել»։