Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:38 22.3.2022

Իտալիայի իշխանությունները սառեցրել են Եվրամիության կողմից պատժամիջոցների ցանկում ներառված ռուս գործարարների ավելի քան 800 միլիոն եվրոյի ակտիվներ: Այդ մասին հայտնել է վարչապետ Մարիո Դրագին:

Իտալիան այդ քայլին է դիմել խորհրդարանի ստորին պալատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձից հետո:

«Ռուս օլիգարխներին պատկանող ավելի քան 800 միլիոն եվրոյի ակտիվներ սառեցվել են, մենք պատրաստ ենք նոր որոշումներ կայացնել, մենք ի սկզբանե ասել ենք, որ պատրաստ ենք ֆինանսական և մարդասիրական օգնություն ցույց տալ և մեր գործընկերների հետ միասին արձագանքել ենք Ուկրաինայի կառավարության խնդրանքներին», - հայտարարել է Դրագին:

16:54 22.3.2022

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելուց և Ուկրաինան անվերջ զինելու քաղաքականությունից:

Այդպես նա արձագանքել է Վաշինգտոնի այն հայտարարությանը, որ երկու գերտերությունները պետք է պահպանեն դիվանագիտական կապերը:

«Բուն հարցադրումն, անշուշտ, ճիշտ է, Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի սրումը, դա կարևոր է թե՛ հռետորաբանության և թե՛ Կիևի ռեժիմին զենք փոխանցելու առումով: Հարկ է դադարեցնել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու գործելակերպը», - հայտարարել է Ռյաբկովը: - «Միացյալ Նահանգների քայլերը որևէ կերպ չեն ազդում Ուկրաինայում հատուկ օպերացիան հաջողությամբ ավարտելու մեր վճռականության վրա»:

18:45 22.3.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորներին: Նա ասել է, որ իր երկիրը հիմա մահուկենաց կռիվ է մղում և գոյատևման եզրին է:

20:00 22.3.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները նշում են, որ պատերազմի պատճառով Ուկրաինան լքած ավելի քան 3.5 միլիոն փախստականներից մոտ կես միլիոնի մոտ սթրեսից և վախից հոգեկան խնդիրներ են առաջացել, և նրանց մասնագիտական օգնություն է պետք:

Լեհաստան հասնող ուկրաինացի փախստականներից շատերը լուծ և ջրազրկում ունեն, բայց թիվ մեկ խնդիրը նրանց հոգեկան քայքայված վիճակն է:

20:01 22.3.2022

Եվրոպական միությունում քննարկում են Ուկրաինայի դեմ պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին Բրյուսելում Եվրամիության խորհրդի ընդհանուր հարցերին նվիրված նիստից հետո ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Կլեման Բոնը:

20:02 22.3.2022

Սլովակիայում քննարկում են երկրի տարածքում գտնվող ռուս ձեռներեցների սեփականության վրա Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ կալանք դնելու հնարավորությունը: Այդ մասին ասել է Սլովակիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իգոր Մատովիչը:

Նրա խոսքով, Ռուսաստանի իշխանության հետ առնչություն ունեցող և Սլովակիայում հարստություններ պահող ռուսների սեփականության թվում են բանկային ակտիվները, անշարժ գույքը և այլ տեսակի սեփականությունը:

20:03 22.3.2022

Ռուսաստանցի անվանի հեռուստալրագրող Ժաննա Ագալակովան, ով վերջին տարիներին Ռուսաստանի Առաջին ալիքի համար ռեպորտաժներ է պատրաստել արտասահմանից, ի նշան բողոքի հեռանում է աշխատանքից:

«Ես հեռացա Առաջին ալիքից հենց պատերազմի առաջին օրը»,- այսօր Փարիզում ասել է Ագալակովան:

Նրա խոսքով, Ռուսաստանում վերջին տարիների ընթացքում սկսել են խեղդել անկախ մամուլը, որը դժվարությամբ է գոյատևում:

08:49 23.3.2022

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները մարտի 22-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական բանակցությունների և գերիների փոխանակման հարցերը:

«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցը: Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

BFM հեռուստակայանը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել է, որ Մակրոնը Պուտինին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակն Ուկրաինայում:

«Չկա որևէ այլ լուծում, քան կրակի դադարեցումը», - ասել է Մակրոնը Պուտինին:

Մակրոնը նույն օրը հեռախոսով զրուցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

08:52 23.3.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN ամերիկյան հեռուստակայանին մարտի 22-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիան» ընթանում է ըստ կազմված ծրագրի։

«Ոչ ոք ամենասկզբից չի մտածել, թե օպերացիան երկու օր կտևի: Դա լուրջ գործողություն է՝ լուրջ նպատակներով», - ասել է Պեսկովը:

Պեսկովի փոխանցմամբ, Մարիուպոլում բանակի նպատակն է «քաղաքը մաքրել ազգայնական խմբավորումներից»: Կրեմլի խոսնակը պնդել է, թե «նացիոնալիստները խաղաղ մարդկանց չեն թողում դուրս գալ քաղաքից»:

10:56 23.3.2022

Ռուսական ներխուժումն Ուկրաինա արդեն շարունակվում է չորս շաբաթ, ռազմական դրությունը Ուկրաինայում երկարաձգվել է մինչև ապրիլի 25-ը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 953 խաղաղ բնակիչ է սպանվել, 1557-ը վիրավորվել են, ավելի քան 3,5 միլիոնը փախստական են դարձել։

Զինվորական կորուստների մասին ստույգ տվյալներ չեն հայտնում ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG