Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

23:47 18.3.2022

Լեհաստանը շեշտակի մեծացնում՝ գրեթե կրկնապատկում է զինվորականների թիվը։ «Հայրենիքի պաշտպանության մասին» համապատասխան նոր օրենք է ստորագրել երկրի նախագահ Անջեյ Դուդան։

Լեհաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն` փաստաթուղթը ենթադրում է լեհական բանակի անձնակազմի թվի կրկնակի ավելացում՝ մինչև 300 հազար մարդ (250 հազար պրոֆեսիոնալ զինծառայող և 50 հազար տարածքային պաշտպանության զորքերի զինծառայող): Լեհաստանի բանակի զինծառայողների թիվը այժմ մոտ 150 հազար է։

Փետրվարի 24-ին Լեհաստանի հարևան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հրամայել է բարձրացնել լեհական բանակի առանձին ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը։

23:51 18.3.2022

Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը կալանքի որոշում է կայացրել Եվրամիության կողմից պատժամիջոցների ցանկում ներառված «Սևերստալ» ընկերության սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի անշարժ գույքի նկատմամբ:

Խոսքը «բնակելի անշարժ գույքի համալիրի» մասին է, որի շուկայական գինը մոտ 65 միլիոն եվրո է:

Իտալիայում մինչ այդ բռնագրավել են Սարդինիայի կղզում միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի վիլլան, Կոմոյի կղզում հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի երկու վիլլաները, Տոսկանայում Պետական դումայի պատգամավոր Օլեգ Սավչենկոյի առանձնատունը:

Իտալիայում և Իսպանիայում բռնագրավել են «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի, օլիգարխ Ալեքսանդր Միխեևի, միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովի, Գենադի Տիմչենկոյի շքեղ զբոսանավերն, ինչպես նաև մի նավ, որի սեփականատերը, ենթադրաբար, «Ռոստեխ»-ի մեծահարուստ ղեկավար Սերգեյ Չեմեզովն է:

15:22 19.3.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային «բովանդակային և ազնիվ» բանակցությունների կոչ է անում՝ երկրում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով։

Զելենսկիի խոսքով՝ դա Ռուսաստանի «միակ հնարավորությունն է նվազեցնելու սեփական սխալների վնասները։

16:33 19.3.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ մարտի 18-ին գերձայնային "Кинжал" հրթիռային համակարգով ոչնչացրել են ուկրաինական ստորգետնյա մեծ զինապահեստ, որը գտնվում էր երկրի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի Դելյատին բնակավայրի մոտ։

Նա նաև ասել է, որ ծովափնյա պաշտպանության "Бастион" համակարգով Օդեսայի մարզում ոչնչացվել է ուկրաինական ուժերի ռադիո-էլեկտրոնային հետախուզության երկու կետ։ Իսկ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի 69 ռազմական օբյեկտների։

17:45 19.3.2022

Վլադիմիր Զելեսկու դեմքով լոգո խաղալիքների վաճառքից 145 հազար դոլար է ստացվել, որն ուղղվելու է Ուկրաինայի օգնությանը։

Չիկագոյի արվարձանում գտնող խաղալիքների փոքր արտադրամասի սեփականատեր Ջո Թրյուփիան ասել է, որ սկզբում պարզ դրամահավաք կազմակերպելու գաղափար ունեին, որն ավելի մեծ նախաձեռնության վերածվեց:

Զելենսկու դեմքով լոգո խաղալիքները վաճառվում են 100 դոլարով, իսկ ուկրաինական դրոշի գույներով «մոլոտովյան կոկտեյլի» դիզայնով խաղալիքները՝ 20 դոլարով։ Վաճառքից ստացված գումարները փոխանցվելու է Direct Relief բարեգործական հիմնադրամին, որը 30 տոննա դեղամիջոց է ուղարկել Ուկրաինա։

17:53 19.3.2022

Նիկոլաևի մոտ գտնվող ուկրաինական զորամասի ռմբահարման հետևանքներից հաղորդվում է տասնյակ զոհերի մասին։ Պաշտոնական հաղորդագրություններ դեռ չկան, չնայած ռուսական ուժերի հարձակումը տեղի է ունեցել մարտի 18-ին։

Քաղաքի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Սենկևիչն ասել է, որ չեն հասցրել միացնել տագնապի ազդանշանները, քանի որ ռուսական ուժերի հրետակոծությունը կատարվել է հարևան Խերսոնի մարզից։

Ռմբահարման վայր հասած BBC-ի, ինչպես նաև բելգիական HLN-ի լրագրողները, վկայակոչելով տեղի աղբյուրները, հաղորդել են, որ ռմբակոծության պահին զորամասում մոտավորապես 200 զինվոր է գտնվել, ենթադրաբար տասնյակ զինվորներ են զոհվել, 57 վիրավոր է տեղափոխվել հիվանդանոցներ, փլատակները մաքրելու, փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են։

20:46 19.3.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բլեքփուլում Պահպանողական կուսակցության համագումարում հայտարարել է, որ հնարավոր չի համարում Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ օպերացիայի» ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների բարելավումը:

Նրա խոսքով, Պուտինն ուներ Ուկրաինայի վրա հարձակվելու մեկ այլ դրդապատճառ, որը նրա վախն է Ուկրաինայից:

«Նա սարսափել էր, որովհետև Ուկրաինայում իսկապես կար ազատ մամուլ, իսկապես ազատ ընտրություններ էին»,- ասել է Բրիտանիայի վարչապետը:

10:34 20.3.2022

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է մանկական հիվանդանոցում բուժում ստացող ուկրաինացի երեխաներին: Հռոմի «Մանուկ Հիսուսի» հիվանդանոցի հովանավորն ու կառավարիչը Վատիկանն է:

Փոքրիկ հիվանդները, որոնց թվում կան նաև օնկոլոգիական խնդիրներ ունեցողներ, վերջին օրերին են Ուկրաինայից բերվել Հռոմ:

10:38 20.3.2022

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում գերեվարվել է առնվազն 562 ռուս զինծառայող: Այդ թիվը հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

Նրա փոխանցմամբ, «բոլոր գերիներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»:

11:37 20.3.2022

Ռուս զինվորականները վերջին 24 ժամվա ընթացքում ակտիվ հարձակողական գործողություն չեն իրականացրել, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG