- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսական օդուժը երեկ ռմբակոծել է շրջափակված Մարիուպոլ քաղաքի ծննդատունն ու մանկական հիվանդանոցի շենքը։ Այս մասին հաղորդում է ուկրաինական կողմը, ցուցադրելով ռմբակոծության հետևանքները՝ եռահարկ շենքը խիստ վնասվել է, հրդեհվել, ներսում փլատակներ կան, հաղորդվում է վիրավորների մասին։
Կրեմլը հերքում է ռուսական ուժերի կողմից քաղաքացիական հաստատությունների թիրախավորումը։
Սպիտակ տունը դատապարտել է հարձակումը, այն համարելով բարբարոսություն։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին ասել է․ «Սարսափելի է տեսնել ռազմական ուժի կիրառման նման բարբարոսություն ինքնիշխան երկրում անմեղ քաղաքացիներին հետապնդելու համար»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկվա հեռուստաելույթում ասել է, որ ռուսական ուժերի ռմբակոծությունները ոչնչացում են հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ, տներ, սպանվում են խաղաղ բնակիչներ ու երեխաներ։
«Ծննդատան ռմբակոծումը դրա վերջին ապացույցն է, ապացույց, որ տեղի է ունենում ուկրաինացիների ցեղասպանություն»,-ասել է Զելենսկին։
Ռմբակոծվող քաղաքներից խաղաղ բնակիչներին տարհանելու մասին նա ասել է, որ իշխանությունները մարտի 10-ին ևս պլանավորում են 6 ճանապարհներ բացել խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Ուշադրության տակ են լինելու ծանր հրետակոծությունների ենթարկվող Իզյումն ու Մարիուպոլը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Անթալիայում Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, թե չհաջողվեց համաձայնեցնել Ուկրաինայում 24-ժամյա հրադադար սահմանելու առաջարկը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Եռակողմ հանդիպմանը ռուսական կողմը հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Կիևին, որը ուկրաինական կողմը վերցրել է լրամշակման և կպատասխանի դրանց, Անթալիայում հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ասել է, որ ռուսական ուժերի կողմից Մարիուպոլի ծննդատան ու մանկական հիվանդանոցի երեկվա ռմբահարման հետևանքները ճշգրտվել են։ «Երեք մարդ է զովել, այդ թվում` մեկ աղջնակ։ 17-ը վիրավորվել են՝ նրանք երեխաներ են, կանայք ու բուժաշխատողներ»,- հայտնել է նա:
Զելենսկին ասել է, թե ռուսները ստում են, երբ ասում են, թե ծննդատանը և հիվանդանոցում պացիենտներ, կանայք ու երեխաներ չկային։
«Նրանք խաբում են, թե այնտեղ դիրքավորվել էին ազգայնականները։ Ինչպես միշտ նրանք ստում են։ Ռազմական հանցագործությունները անհնարին են առանց այն քողարկելու քարոզչության։
Ես նրանց մի բան կասեմ՝ դուք պատասխանատվության եք ենթարկվելու, այնպես, ինչպես նրանք, որ խաղաղ բնակիչների վրա ռումբեր գցելու հրամաններ են տալիս»,- ասել է Զելենսկին՝ հայտարարելով, թե ռուսական զորքերը արդեն իսկ հումանիտար աղետ են ստեղծել Ուկրաինայում, որը նրանց պլանների մի մասն է միայն։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում ասել է, թե Մարիուպոլի ծննդատունը «Ազով» գումարտակը որպես բազա էր օգտագործում։ Նրա պնդմամբ՝ այնտեղ վաղուց չկան կանայք, երեխաներ և բուժանձնակազմ։
- Հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Միացյալ Նահանգների նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդի հետ։ Ըստ թուրքական աղբյուրների, զրույցը շարունակվել է մոտ 45 րոպե, քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմն ու թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ըստ Թուրքիայի նախագահական նստավայրի, ընդգծել է Անկարայի հաշտարար դերը ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Խոսելով Անթալիայում կայացած Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ բանակցությունների մասին, Էրդողանը այդ հանդիպման կայացումն անգամ դիվանագիտական հաղթանակ է համարել:
Թուրքիայի նախագահը նաև պահանջել է Վաշինգտոնից չեղարկել ամերիկյան պատժամիջոցները Թուրքիայի ռազմական ոլորտի նկատմամբ։
Սպիտակ տունը, անդրադառնալով զրույցին, հաղորդել է, թե նախագահ Բայդենը բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերը ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական հանգուցալուծման ուղղությամբ։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը երեկ հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցի Եվրոպայի խորհրդի հետագա գործունեությանը: Մոսկվան այդ քայլը բացատրում է Արևմուտքի գործողություններով:
«Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել ՆԱՏՕ-ականների ջանքերով եվրոպական այդ հնագույն կազմակերպությունն արևմտյան գերակայության մասին հմայական խոսքեր արտասանելու և ինքնազմայլումի հարթակ դարձնելուն», - մասնավորապես ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Ռուսաստանը մինչև 2022 թվականի ավարտը տեխնիկապես հանդիսանալու է Եվրոպայի խորհրդի անդամ: Երբ ուժի մեջ մտնի կառույցից դուրս գալու որոշումը, Ռուսաստանի քաղաքացիներն այլևս չեն ունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորություն:
Ռուսաստանը Եվրոպայի խորհրդից դորս է գալիս Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո աննախադեպ քննադատության և սանկցիաների ենթարկվելու հետևանքով:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, սահմանափակումը տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը։ Բացի այդ, արգելվում է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս։
Ըստ ՌԴ գյուղատնտեսության նախարարության, որոշման նպատակն է թույլ չտալ, որ ռուսական ցորենը երրորդ երկրներ հասնի ԵԱՏՄ տարածքից։ «Միության երկրները այս տարի արդեն գնել են իրենց անհրաժեշտ ցորենի ծավալները՝ առանց մաքսատուրքերի»,-հաղորդել է կառավարությունը։
Ռուսաստանն աշխարհում ցորենի առաջին մատակարարն է։ Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, այդ երկիրը 2020-ին արտահանել է ավելի քան 35 միլիոն տոննա հացահատիկ։
Հաղորդվում է, որ այս հարցի շուրջ առաջարկությունները պետք է քննարկման դրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայանալիք նիստում։