- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը համաձայնեցրել է Բելառուսի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները, որոնք սահմանվում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի ագրեսիային մասնակցելու համար:
Բելառուսի երեք խոշոր բանկերը կանջատվեն SWIFT միջազգային վճարային համակարգից, սահմանափակումներ կգործեն Կենտրոնական բանկի վերաբերյալ, կարգելվի կանխիկով եվրո փոխադրել Բելառուս և կսահմանափակվեն բանկային ավանդները:
SWIFT-ից կանջատվեն Белагропромбанк-ը, «Дабрабыт» բանկը և Բելառուսի զարգացման բանկը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Բրիտանիայում քննարկում են Ուկրաինա հակաօդային պաշտպանության բրիտանական համակարգեր տրամադրելու հնարավորությունը:
Խոսքը Thales ընկերության արտադրած Starstreak շարժական հակաօդային հրթիռի մասին է, որը փոխադրելու, սպասարկելու և արձակելու համար ընդամենը մեկ զինծառայող է պետք:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Աբխազիայի ինքնահռչակ «հանրապետությունը» Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» հետ «դիվանագիտական կապեր» է հաստատել:
Աբխազիայի «արտաքին գործերի նախարարությունը» հայտնել է, որ մարտի 9-ին Աբխազիան և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումները դիվանագիտական կապեր հաստատելու մասին նոտաներ են փոխանակել:
Աբխազիայի «նախագահ» Ասլան Բժանիան ավելի վաղ ստորագրել է երկու կազմավորումների անկախությունը ճանաչելու հրամանագրեր:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիային» մասնակցել են նաև զորակոչիկներ, որոնց թվում կան գերեվարվածներ:
«Դժբախտաբար, մենք պարզել ենք, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիային» մասնակցել են զորակոչիկներ: Փաստորեն գրեթե բոլորն արդեն հեռացվել են Ուկրաինայի տարածքից»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Նրա հավաստիացմամբ, նախարարությունն ամեն ինչ անում է զորակոչիկներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը կանխելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավոր զինվորական դատախազությունից պահանջել է հետաքննել զորակոչիներին Ուկրաինա ուղարկելու փաստերը և պատժել մեղավորներին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի 146 անդամների (սենատորների), ինչպես նաև 14 անվանի օլիգարխների նկատմամբ:
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում կրիպտոարժույթի շուկայի և նավաշինության արտադրության նկատմամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկացի աստղանավորդ Սքոթ Քելլին, ով չորս տիեզերական թռիչք է կատարել՝ այդ թվում ռուսական «Սոյուզով», դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և ի նշան բողոքի վերադարձնում է «Տիեզերքի նվաճման գործում ծառայության համար» ռուսական պետական պարգևը:
Թվիթերում տեղադրած գրառմամբ աստղանավորդը դիմել է 2011 թվականին իրեն պարգևը շնորհած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, հայտնելով, որ վերադարձնում է մեդալը և խնդրում է այն հանձնել «ռուս մորն, ում որդին զոհվել է այդ անարդար պատերազմում»:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնում է ռուսական բանակի գիշերային նոր ավիահարվածների մասին Սումիի և Ախտիրկայի ուղղությամբ։ Ռմբակոծվել են Սումիի արվարձանները, Բիտիցա գյուղը և Ախտիրկայի բնակելի թաղամասերը։
Ախտիրկայում գիշերային հրետակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել՝ երկու կին և 13-ամյա դեռահաս, հաղորդում է ВВС-ն։
Կողմերը պայմանավորվել են, որ հինգշաբթի առավոտյան ժամը 9-ից կրկին «լռության ռեժիմ» կհայտարարվի, և կսկսվի Սումիից, ինչպես նաև Կրասնոպոլյե և Տրոստյանեց քաղաքներից տարհանումը Պոլտավա։
Սա Սումիից տարհանման երրորդ օրն է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Մարիուպոլի ծննդատան ռմբակոծումը:
Նա Թվիթերի իր էջում գրել է, որ ռուսական ավիահարվածը Մարիուպոլի ծննդատան և մանկական հիվանդանոցի վրա «սարսափեցնող» է։
Մարիուպոլի հիվանդանոցին և ծննդատանը հասցված ավիահարվածների հետևանքով 17 մարդ է վիրավորվել: