- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Այսօր կեսօրին Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը ղողանջել են՝ աջակցելու Ուկրաինայի ժողովրդին, զոհվածներին սգալու և աղոթելու խաղաղության համար։
Եվրոպայում հայտնի մյուս մեծ եկեղեցիների, այդ թվում՝ Հռոմի, Քյոլնի տաճարների զանգերը ևս Նոտր Դամի հետ ղողանջել են Ուկրաինայի համար։
Տաճարների շինարար-վարպետների եվրոպական ընկերակցությունը ասել է, որ Նորվեգիայից մինչև Մալթա, Իսպանիայից մինչև Ուկրաինա եկեղեցիները չեն ցանկանում լռել պատերազմի մասին։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի Խերսոն քաղաքում։ Լուրը հաստատել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյան։
Զոհվածը Ուկրաինայի քաղաքացի Վահիկ Սողոմոնյանն է, այլ մանրամասները ճշտվում են:
Ալեքսանյանի խոսքով՝ հիմա շատ ծանր վիճակ է Մարիոպոլում, Խերսոնում, որտեղից դուրս գալն այս պահին բարդ է։ Խարկովից արդեն իսկ հասցրել են դուրս գալ մի քանի հայկական խմբեր։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի խորհրդարանը այսօր հաստատեց «Համընդհանուր մոբիլիզացիայի մասին» նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը։
Զելենսկին հրամանագիրը ստորագրել է փետրվարի 25-ին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի պատվիրակությունը Կիևից ուղղաթիռով ժամանել է բանակցությունների վայր։ Այս մասին տեղից հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Հանդիպումն անցկացվում է Բելառուսում, Բելովեժյան թավուտ կոչվող վայրում։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար․ համաձայնությունը ձեռք է բերվել այսօր կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։
«Ցավոք, Ուկրաինան դեռ չունի այն արդյունքները, որոնք անհրաժեշտ են: Որոշումներ կան միայն հումանիտար միջանցքների վերաբերյալ»,- «Ռոյթերին» ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, հավելելով՝ երբ այդ միջանցքները ստեղծվեն, կողմերը մարդկանց տեղահանության ընթացքում հրադադար կպահպանեն։
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Երեկ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ասել է, թե ռուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդն են:
Պուտինը պնդել է, որ «ռազմական հատուկ գործողությունն» ընթանում է ըստ պլանի և գրաֆիկի, դրված բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվում են:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ անցած գիշեր ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Եվրոպայում խոշորագույնը համարվող Զապորոժիեի ատոմակայանին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել էներգաբլոկներից մեկի հարևանությամբ և ԱԷԿ-ի ուսումնավարժական հատվածում։
Ժամեր առաջ տարածած տեսաուղերձով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական տանկերն ուղիղ հարվածներ են հասցրել ատոմային բլոկներին, և հավելել է, որ Ռուսաստանը նպատակ ունի կրկնել Չեռնոբիլի աղետը, և որ Մոսկվան զբաղվում է միջուկային ահաբեկչությամբ։
Հաղորդվում է, որ որոշ ժամանակ անց հրշեջները կարողացել են մուտք գործել ատոմակայանի տարածք, հրդեհը տեղայնացվել, ապա չեզոքացվել է, այրված հատվածը կազմում է մոտ 2 հազար քառակուսի մետր, զոհեր ու վիրավորներ չկան։ Ռադիացիոն ֆոնի խախտման մասին այս պահին տեղեկություն չկա։
Ատոմակայանի վեց էներգաբլոկներից միայն մեկն է աշխատում։
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպմանը դիմել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին։
«Ի՞նչ ես ուզում մեզնից, հեռացիր մեր երկրից: Հիմա չես ուզում հեռանալ, արի նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Ես ազատ եմ, նստիր ինձ հետ, միայն թե ոչ 30 մետր հեռու, ինչպես Մակրոնին, Շոլցին և մյուսներին ես դիմավորում: Ես հարևան եմ, խոսիր ինձ հետ», - Ռուսաստանի նախագահին կոչ է արել Զելենսկին։