Մատչելիության հղումներ

Հրդեհ Զապորոժիեի ԱԷԿ-ում, Կիևի պնդմամբ՝ ռուսական զինուժի հարվածներից հետո


 Ուկրաինա - Հրդեհը Զապորոժիեի ԱԷԿ-ում, 4-ը մարտի, 2022թ․
Ուկրաինա - Հրդեհը Զապորոժիեի ԱԷԿ-ում, 4-ը մարտի, 2022թ․

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ անցած գիշեր ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Եվրոպայում խոշորագույնը համարվող Զապորոժիեի ատոմակայանին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել էներգաբլոկներից մեկի հարևանությամբ և ԱԷԿ-ի ուսումնավարժական հատվածում։

Ժամեր առաջ տարածած տեսաուղերձով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական տանկերն ուղիղ հարվածներ են հասցրել ատոմային բլոկներինմ և հավելել է, որ Ռուսաստանը նպատակ ունի կրկնել Չեռնոբիլի աղետը, և որ Մոսկվան զբաղվում է միջուկային ահաբեկչությամբ։

Հաղորդվում է, որ որոշ ժամանակ անց հրշեջները կարողացել են մուտք գործել ատոմակայանի տարածք, հրդեհը տեղայնացվել, ապա չեզոքացվել է, այրված հատվածը կազմում է մոտ 2 հազար քառակուսի մետր, զոհեր ու վիրավորներ չկան։ Ռադիացիոն ֆոնի խախտման մասին այս պահին տեղեկություն չկա։

Ատոմակայանի վեց էներգաբլոկներից միայն մեկն է աշխատում։

Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը լրջորեն անհանգստացրել է միջազգային հանրությանը։

Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բյադենը հարցը քննարկել է Միացյալ Նահանգների էներգետիկայի փոխնախարար Ջիլ Հրուբիի հետ, ով պատասխանատու է միջուկային անվտանգության համար։

Զելենսկիի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով խոսակցությունից հետո հայտարարել է, թե «նախագահ Պուտինի խելացնոր քայլերն այժմ ուղղակի սպառնում են ամբողջ Եվրոպայի անվտանգությանը»։

Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի կպակցությամբ Լոնդոնը շտապ հրավիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հեռախոսազրույց ունենալով Ուկրաինայի վարչապետի հետ, կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Զապորոժիեի ատոմակայանի տարածքում, այլապես ռեակտորների վնասվելը լուրջ վտանգ կստեղծի։

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ ռուսական զորքերը վերահսկողություն հաստատեցին չգործող Չեռնոբիլի ատոմակայանի նկատմամբ։

XS
SM
MD
LG