- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրամիությունը կազմել է պատժամիջոցների նոր ցուցակ, որում ընդգրկվել են «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը:
Միլիարդատերերից այդ ցուցակում են ներառվել Ալեքսեյ Մորդաշովը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, թավջութակահար-գործարար Սերգեյ Ռոլդուգինը և ուրիշներ:
Պաշտոնյաներից սանկցիաների ցուցակում են փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, շինարարության և տրանսպորտի նախարարներ Իրեկ Ֆայզուլինը և Վիտալի Սավելևը, «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղար, Դաշնային խորհրդի փոխնախագահ Անդրեյ Տուրչակը:
Բացի այդ, սանկցիաներ են սահմանվել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և մի շարք լրագրողների նկատմամբ, նրանց թվում են Տիգրան Քեոսայանը, Անտոն Կրասովսկին, Արկադի Մամոնտովը, Օլգա Սկաբեևան, Ռոման Բաբայանը, պատմաբան, հրապարակախոս Մոդեստ Կոլերովը և գրող, «Սպրավեդլիվայա Ռոսիա» - «Զա պրավդու» կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նստաշրջանում քննարկում է պատերազմը Ուկրաինայում։
«Ուկրաինայում մարտերը պետք է դադարեցվեն», - նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ շարունակելով․ - «Բավական է: Զինվորները պետք է վերադառնան իրենց զորամասեր: Առաջնորդները պետք է շարժվեն դեպի խաղաղություն: Քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն»։
Բանաձևի շուրջ քննարկումներում ելույթ ունենալու ցանկություն է հայտնել շուրջ հարյուր երկիր։ Պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթը, որը Ռուսաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել իր զորքերն Ուկրաինայից, քննարկումների ավարտին կդրվի քվեարկության։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 12 անդամների հրաման է տրվել մինչև մարտի 7-ը լքել Միացյալ Նահանգները․ Վաշինգտոնը պնդում է, որ ռուսաստանցի պաշտոնյաները զբաղվել են ոչ դիվանագիտական գործունեությամբ։
Վաշինգտոնը դիվանագետների արտաքսման որոշումը չի կապում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի հետ, ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ որոշման մանրամասները կներկայացնեն ավելի ուշ։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան գործընկերների արտաքսումը գնահատել է որպես ՄԱԿ-ի համաձայնագրի «կոպիտ խախտում» և դիվանագիտական հարաբերությունները կարգավորող Վիեննայի կոնվենցիայի ոտնահարում։
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական կողմի հետ երեկվա բանակցություններին զուգահեռ ուկրաինական քաղաքներն ինտենսիվ հրթիռակոծվել են։
«Նման պարզ ձևով Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել։ Ժամանակ մի կորցրեք, մենք նման մարտավարություն չենք ընդունում», - ասել է Զելենսկին՝ միաժամանակ հավելելով, որ Կիևը կվերլուծի առաջին հանդիպման արդյունքները՝ երկրորդին պատրաստվելու համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Շարունակվում են ուկրաինական քաղաքների գնդակոծությունները՝ չնայած ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև երեկ տեղի ունեցած բանակցություններին։
Կիևցիները ևս մեկ գիշեր են անցկացրել ապաստարաններում: Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը` Խարկովը, ենթարկվել է զանգվածային գնդակոծության: Բնակելի թաղամասերում պայթյունների և ավերածությունների բազմաթիվ ֆոտո և վիդեո ապացույցներ են հայտնվել, ըստ փորձագետների` Խարկովը գնդակոծվել է «Գրադ» և «Սմերչ» հրթիռային համակարգերից:
Ուկրաինական կողմը հայտնում է բազմաթիվ զոհերի մասին։
Այս գիշեր ռուսական բանակը գրոհ է ձեռնարկել նաև Խերսոն քաղաքի վրա։
Մոսկվան շարունակում է պնդել, որ ռուսական զինված ուժերը չեն սպառնում Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, և ուկրաինացի զինվորականներին մեղադրում է սադրանքների մեջ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել արտահանման պատժամիջոցների սահմանմանը 49 ռուսական ընկերությունների և կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի, «Ռոստեխ»-ի, Անվտանգության դաշնային ծառայության և Արտաքին հետախուզության ծառայության նկատմամբ։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Ճապոնիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։
Բացի այդ, Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի իշխանությունների և բանկերի ներկայացուցիչների ակտիվները սառեցնելու՝ ավելի վաղ հայտարարված որոշմանը։ Պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ինչպես նաև Կենտրոնական բանկը, Պետական զարգացման կորպորացիան և «Պրոմսվյազբանկ»-ը։
Միաժամանակ, մարտի 31-ից կներդրվեն բանկերի՝ բացառությամբ Կենտրոնական բանկի, ակտիվների սառեցման միջոցառումները։
Նաև Ճապոնիայի իշխանություններն արգելք են մտցնում ընդհանուր նշանակության ապրանքների արտահանման վրա, որոնց մատակարարումը կարող է օգնել ամրապնդել Ռուսաստանի ռազմական ներուժը։
Ամերիկյան Mastercard վճարային համակարգը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը ռուսական բազմաթիվ ֆինանսական ընկերությունների հետ:
Walt Disney ընկերությունը կդադարեցնի իր ֆիլմերի ցուցադրությունը ռուսական կինոթատրոններում, Netflix-ը հրաժարվում է ռուսական պետական ալիքները տարածել իր հարթակի միջոցով։
Հաագայի միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ։
Չեզոքության քաղաքականությանը ավանդաբար հավատարիմ մնացող Շվեյցարիան հայտարարել է, որ միանալու է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։
Որպես պատասխան միջոցներից մեկը՝ Ռուսաստանը փակում է իր օդային տարածքը աշխարհի 36 երկրների համար։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլ քաղաքի շրջափակումը կավարտվի այսօր, քաղաքը օղակի մեջ կվերցվի, հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։
«Ամեն ինչ պետք է անել, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի։ Ի դեպ, սննդի հետ կապված շատ մեծ խնդիր կա: Սա պետք է ինչ-որ կերպ կարգավորել և փորձել հնարավորինս արագ ապաշրջափակել քաղաքը, մարդասիրական միջանցք ստեղծենք, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ», - ասել է Բասուրինը։
- Հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Պաշտոնական Անկարան վճռական է՝ կիրառել Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները և փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմական նավերի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Մենք վճռական ենք՝ կիրառել Մոնտրոյի կոնվենցիայով նեղուցներում նավերի երթևեկության հարցում մեզ տրված լիազորությունները, որպեզի կանխենք ճգնաժամի խորացումը: Ինչպես մշտապես ասել ենք, կողմ ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքների նկատմամբ, ողջունում ենք Ուկրաինայի ղեկավարության ու ժողովրդի մղած պայքարը», - հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո: