Ուկրաինայի պատերազմում զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի 31-րդ օդային հարձակման բրիգադի հրամանատար, գնդապետ Անդրեյ Կոնդրաշկինը։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի «Վոստոկ» գումարտակի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկին:
Կոնդրաշկինի մահվան հանգամանքները, սակայն, հայտնի չեն։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը ևս չի մեկնաբանել օդուժի բարձրաստիճան սպայի մահը:
Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ Կոնդրաշկինի գլխավորած զինված ստորաբաժանումը վերջին շրջանում մասնակցել է Բախմուտի մոտ՝ մասնավորապես Անդրեևկա գյուղի մերձակայքում ծավալված մարտերին:
Կիևն ուրբաթ օրը հայտարարել է ուկրաինական ուժերի կողմից Անդրեևկայի ազատագրման մասին, ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը չեն հաստատել այդ լուրը:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ գիշերը երկրի տարածքը հարձակման է ենթարկվել 24 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և 17 թևավոր հրթիռների կողմից։
Գիշերը տեղեկություններ էին ստացվել պայթյունների մասին Օդեսայի մարզում, որտեղ գրեթե ամեն օր հարձակումներ են տեղի ունենում, ինչպես նաև Խմելնիցկի շրջանում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ ոչնչացրել են բոլոր 17 թևավոր հրթիռները, որոնք արձակվել են Վոլգոգրադի շրջանի օդանավակայանից թռիչք կատարած ռազմավարական ռմբակոծիչներից: Նաև խոցվել են 24 գրոհային անօդաչու թռչող սարքերից 18-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Ուկրաինայի դեմ գիշերային հարվածները։
ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ երեկ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 21:30 Ղրիմում ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք։
Մինչ այդ գերատեսչությունը հայտնել էր կիրակի երեկոյան Ղրիմի հարավ-արևմտքում ուկրաինական ևս երկու անօդաչու թռչող սարքի խոցման և Բելգորոդի շրջանում մեկ անօդաչուի վնասազերծման մասին:
Կիրակի երեկոյան Ղրիմի թելեգրամյան ալիքները հաղորդել են բռնակցված Սևաստոպոլի Ֆիոլենտ հրվանդանի տարածքում պայթյունների մասին։
Ըստ հաղորդումների՝ այնտեղ տեղակայված են ռուսական ռազմական ռադիոհետախուզության և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի հարավ-արևմտյան մասում անօդաչու սարքեր են խոցվել։
Պայթյունների մասին հաղորդում են թե ռուսամետ, թե ուկրաինամետ ալիքները։ «Ղրիմի քամի» ալիքը հրապարակել է դեպքի հետևանքների լուսանկար, որտեղ երևում է ծուխ հավանաբար հրդեհից։ Հղում անելով տեղի բնակիչներին՝ հեռուստաալիքը գրում է նաև մի շարք տարածքներում ծխի հոտի մասին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նամակ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ հացահատիկի սևծովյան գործարքը վերսկսելու կոնկրետ առաջարկների փաթեթով։
Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը «հաշվի է առել Ռուսաստանի խնդրանքները»։
«Մենք ունենք խնդիրների կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեզ ապահովել ռուսական պարենային ապրանքների և պարարտանյութերի ավելի արդյունավետ մուտք դեպի համաշխարհային շուկաներ համապատասխան գներով», - ընդգծել է նա։
Գուտերեշի կարծիքով՝ ՄԱԿ-ը «առաջարկ է ներկայացրել, որը կարող է հիմք հանդիսանալ գործարքի վերականգնման համար, բայց այնպեսի վերականգնման, որն այն ավելի կայուն կդարձնի»:
Արևմտյան վերլուծաբանները վերջին շաբաթներին նշում են, թե ուկրաինական հակահարձակումը հարավում, որը համարվում է հակահարձակման հիմնական ուղղությունը, դանդաղել է։
«Այս ֆոնին Արևմուտքում սկսել են խոսել այն մասին, որ ուկրաինական պատերազմը կարող է երկար տևել։ Ուկրաինան հակահարձակման ընթացքում որոշ հաջողությունների է հասել, սակայն հակահարձակման համար սահմանափակ ժամանակ ունի», - BBC-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել է ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Մարկ Միլին՝ Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան ռազմական պաշտոնյան:
«Ուկրաինացիները շատ հետևողական նվաճումներ են գրանցել և պահպանել մարտական հզորությունը: Դեռ ժամանակ կա՝ հավանաբար 30-45 օր, մարտական եղանակի համար: Սա նշանակում է, որ ուկրաինացիները դեռ չեն ավարտվել հակահարձակումը», - ասել է ամերիկացի գեներալը՝ հավելելով, թե դեռ վաղ է ասել՝ ինչպես կավարտվի ուկրաինացիների այս հակահարձակումը:
Միաժամանակ, Միլին շեշտել է, թե ուկրաինական պատերազմի արագ ավարտը քիչ հավանական է։ Ուկրաինայի հաղթանակը հակամարտությունում «շատ բարձր նշաձող է», և «շատ երկար ժամանակ կպահանջվի», - ասել է նա։
Կիևում հաճախ են շեշտում, թե հարձակողական գործողությունների դանդաղումը մեծապես պայմանավորված է ոչ թե եղանակով, այլ՝ տեխնիկայի և զինամթերքի պակասով: Ուկրաինայի իշխանություններն էլ են ասում, թե հասկանում են, որ պատերազմը կարող է շատ երկար տևել, սակայն կրկին ու կրկին հայտարարում են, թե բանակցություններ ռուսական կողմի հետ հնարավոր են միայն այն դեպքում, երբ ռուսները համաձայնեն դուրս հանել իրենց զորքերն Ուկրաինայի տարածքից:
Երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, հետո էլ՝ նախագահը, հաստատեցին Բախմուտի մոտ գտնվող Կլեշչիևկա գյուղի ազատագրումը:
«Իսկ այսօր հատկապես ուզում եմ նշել այն զինվորներին, ովքեր քայլ առ քայլ վերադարձնում են մեր Ուկրաինան՝ հենց Բախմուտի շրջանում», - հայտարարեց Վլադիմիր Զելենսկին:
Օրեր առաջ էր ազատագրվել էր մեկ այլ գյուղ Բախմուտի մոտ՝ Անդրեևկան:
Կատաղի մարտերը Բախմուտի մոտ արդեն մի քանի ամիս է ինչ շարունակվում են, վերլուծաբաննները գրում են, թե Կլեշչիևկայի ազատագրումը չափազանց կարևոր քայլ է քաղաքն ազատագրելու ճանապարհին:
«Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի մոտ ապագայում չի ավարտվի», - գերմանական Welt պարբերականի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՄԵնք պետք է ընդունենք, որ եթե նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացիները դադարեն կռվել, նրանց երկիրը կդադարի գոյություն ունենալ։ Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանը վայր դնեն զենքերը՝ խաղաղություն կլինի», - նշել է Ստոլտենբերգը՝ համոզմունք հայտնելով, որ Ուկրաինան ի վերջո միանալու է Հյուսիսատլանտյան դաշինքին։
Միացյալ Նահանգները պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ տրամադրելու Վաշինգտոնի որոշումը։
«Ինչ էլ չասեն ամերիկացիները, միևնույն է` այդ նրանք են կառավարում այս պատերազմը, նրանք են սպառազինություն և հետախուզական տվյալներ, այդ թվում` արբանյակների միջոցով ստացված տեղեկատվություն տրամադրում [Ուկրաինային]։ Նրանք, ըստ էության, մեր դեմ պատերազմ են վարում», -Россия 1 հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ռուսական իշխանությունները հայտնում են Մոսկվայի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի նոր հարձակման փորձի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկություններով՝ անցած գիշեր հարվածային դրոններից մեկը ՀՕՊ ուժերի կողմից չեզոքացվել է Իստրայի շրջանում, մյուսը՝ Ռամենսկոյե քաղաքի մերձակայքում։
Ռուսական աղբյուրների հաղորդման համաձայն՝ տուժածներ չկան։ Հարձակման հետևանքով մոսկովյան «Շերեմետևո», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում վեց չվերթ չեղարկվել է, ևս 30-ը հետաձգվել են։
Ռուսաստանի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ անցած գիշեր վեց ԱԹՍ-է խոցվել Ղրիմի ափերի մոտ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնում կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին բրիֆինգում հայտնել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Սա կլինի նրանց երրորդ հանդիպունը, որը տեղի կունենա ծայրահեղ կարևոր շրջանում, քանի որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ դաժան պատերազմի համար օգնություն է փնտրում այնպիսի երկրներում, ինչպիսին է Հյուսիսային Կորեան», - նշել է Սալիվանը։
Նա նաև ասել է, որ գալիք շաբաթ ԱՄՆ-ը հնարավոր է հայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։